вторник, 31 марта 2015 г.

ՇՈՐՈՐ (ՃՈՃՔ)

Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։
Քայլերի ժամանակ մարմնի ծանրության, նրա հենարանի փոխադրումը մի ոտից մյուսին անհրաժեշտ է տարբերել իրանի ճոճելու օգնությամբ հենարանը մի ոտից մյուսին փոխադրելուց: Մի դեպքում նման ճոճումները զուգորդվում են նաև քայլերի, շրջադարձերի, պարադարձերի տարբեր հերթականությամբ, թռիչքների տարբեր տեսակներով և ոտքերի այլ շարժումներով, ինչպես նաև իրանը շորորելով իր առանցքի շուրջ՝ ոչ մեծ շրջադարձերով:
Պարերը կապվում են տոտեմական հասկացությունների հետ։ Կան նույնիմաստ ճոճ, ճոշկ տերմիններ ևս։ Հնում կատարվել են նախնիների հիշատակության հետ կապված արարողությունների ժամանակ, ներկայումս՝ միայն հարսանիքներին։ Պարաձևի մեջ մտնում են տարբեր անուններ կրող բազմաթիվ պարեր, որոնք կատարվում են հիմնականում դանդաղ, հանդիսավոր, ներքին կենտրոնացվածությամբ՝ տարիքով տղամարդկանց ու կանանց կազմով։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Չափը հիմնականում 6/8 է։
Թռիչքների տարբեր տեսակների համակցությամբ «Շորոր» պարատեսակները ժողովուրդը կոչում է «Ճոճք» («Ճոշ», «Ճոչ», «Ճոշկ»): Այլ դեպքեորւմ ողջ պարաձևը կազմված է միայն ճոճումներից:
«Շորոր» նշանակում է ճոճումներ:
«Շորոր» պարաձևերը 19-րդ դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն:Ամեն դեպքում շարժումների տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների շարժական հիմքերի նախկին արմատները:

ԳՈՐԱՆԻ

«Գորանի»-ները վշտի պարեր են` կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ: Այս պարերին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ հիմնականում առավել տարեցները:

Ժողովրդական մտածողությամբ՝ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմն է: «Աջ» բաղադրիչը կա նաև «առաջ» բառում, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում է որպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:

Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների՝ աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն՝ չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որը, ի վերջո, գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման գերակշռող տեղափոխության ուղղություն:

«Գորանին» ունի ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ: Պարի հատակագծում քայլերի գծերի անկյուններն ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս՝ անդրշիրիմյան աշխարհ: Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարն ասես պատկերում է մայր մտնող արև: Պարաշարքի կառուցվածքը մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս ուսի՝ ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված:

ՓԱՓՈՒՌԻ



Փափառա բառը կարող է ստուգաբանվել որպես ծեծ, մանրում, փշրում, խիստ պատժում, հարված ֆիզիկական և բարոյական առումով կամ աղետ, պատուհաս։ Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի` ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին` ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմեքրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի։ Պարն ունի երկու հատված` դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։
  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։

ՎԵՐՎԵՐԻ

Վերվերի, հայկական ժողովրդական տարածված պարաձև։ Կազմվում է երկուս գնալ՝ մեկ դառնալ և երկուս գնալ՝ երկուս դառնալ պարային ֆիգուրներից։ Վերվերի նշանակում է դեպի վեր շարժումներ կատարել երգով կամ նվագով, հիմնականում՝ երիտասարդների խառը կազմով։ Պարագլուխը կրել է վերվերիչ անունը։ Բովանդակությամբ վերվերին կապված է նախնիների պաշտամունքին, կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայություններին։  Պարաձևը միավորում է հատուկ անուններ կրող բազմաթիվ պարեր, որոնք ունեն իրենց առանձին եղանակները՝ մեծ մասամբ 2/4 չափով, կատարվում են միտասի բնութագրությամբ վերվերին «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմպով։

ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ, ԳՅՈՎՆԴ)


Գյոնդ պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին: «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողովՍտուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի: Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ:


«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ: «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը: Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱԱՆՈՒՄ


Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։              
Ժողովրդական պարերը մեր ժողովրդի կենցաղի հիմնական մասն են կազմել: Այդ պարերում բացահայտվել են մարդկանց տրամադրությունը, ճկունությունը, նազանքը: Ժողովրդական պարը նպաստում է տղաների և աղջիկների միջև ընկերական հարաբերությունների հաստատմանը: Դրանք դրական ազդեցություն են ունենում աշակերտների վարքի վրա, սերմանում են ուշադիր և բարեհամբույր վերաբերմունք ընկերների հանդեպ: Պարերի էսթետիկ ազդեցությունը արտահայտվում է նաև պարող երեխաների արտաքին տեսքի նրբագեղության ձգտման մեջ:
Անճաշակ ու անիմաստ օտար շարժումներով հայկական պարերը կարող են երեխաների մոտ առաջացնել խորթ զգացմունքներ և տրամադրություններ, ձևավորել վատ ճաշակ:
Պետք է հուժկու հարված հասցնել այդ ամենին կենսուրախ, ակտիվ, գեղեցիկ, նազանք և ուժ պահանջող ազգային պարերով: Պարերը պետք է գաղափարապես և  ֆիզիկապես այնպիսի օգտակար ազդեցություն ունենան մեր երիտասարդության վրա, ինչպիսին ունի ազգային էսթետիկ դաստիարակության ամբողջ ուղղվածությանը:
Հայկական սփյուռքում այսօր գործում են 300-ից ավելի պարախմբեր: Նրանց գործունեության ընդհանուր նպատակներն են՝ գաղափարա-գեղարվեստական դաստիարակությունը, ժողովրդական պարերի պահպանումը, մշակութային մակարդակի զարգացումը և, որ ամենակարևորն է, հայապահպանությունը:
Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների
Ըստ կատարման բնույթի՝
  • Պարերգեր՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,
  • Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,
  • Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով։
  • Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝ ճկույտներով, ափերով, խաչված ափերով, ուսերով, գոտկատեղից։

Ըստ բովանդակության՝ առասպելական, էպիկական, լիրիկական, պաշտամունքային, ճանապարհի, լարախաղացների, աշխարհիկ, աշխատանքային, ռազմական, որսորդական, մանկական։

ՊԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ


                  Պարում պլաստիկայի, երաժշտության և խոսքի միջոցով մարդիկ պատմում են մարդկային արժեքների մասին, այն մասին, թե ինչպես է ստեղծվել և աճել իրենց ազգը, թե ինչպես է այն աճում ու զարգանում այժմ: Պարը յուրաքանչյուրին փոխանցում է հոգևոր սերմ, որն ունակ է ցանկացած մարդու մեջ վերածնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը. երեխաների մեջ՝ հետաքրքրությունն արվեստի հանդեպ, պատանիների ու աղջիկների մոտ բացահայտում է ինքնազարգացման հեռանկարը, մեծահասակներին տալիս է սեփական արժեքների մասին մտորելու հնարավորություն, իսկ տարեցներին բերում է հանգիստ և լիցքաթափում:

Իմպրովիզի միջոցով, մարմնի զգացողությունների և տրամաբանության միակցմամբ  ծնվում է պարը, որում գործելու, արարելու և փորձարկելու ցանկություն է առաջանում: Պարը նպաստում է սեփական ուշադրության կառավարման ունակության զարգացմանը, ինչը թույլ է տալիս զարգացնել ինքնակազմակերպման հմտությունները: Սովորել կառավարել ուշադրությունը` նշանակում է գործի դնել սեփական ներաշխարհի ճանաչման մեխանիզմը:

Պարի հիմքն է հանդիսանում սեփական մարմինը լսելու, զգալու և դրանից ճիշտ օգտվելու կարողությունը, չէ՞ որ մարմինը հիմքն է այն բանի,  ինչի վրա մարդը կարող է հենվել իր զարգացման մեջ: Մարմինն անհրաժեշտ է նախապատրաստել նրան, որ մարդը սկսի հեշտությամբ և ազատորեն ցուցաբերել իր անհատականությունը, այն դարձնել ավելի ճկուն, թեթև, շարժուն և մարդկային հոգու ցանկությունների իրականացման մեջ՝ օգնելու ունակ:

Պարը հանելուկ է, գաղտնիք, ուժ, ներքին հմայք, որն ի հայտ է գալիս մարմնի և հոգու ինքնարտահայտման արվեստի՝ պարի միջոցով: Զարմանալի պլաստիկան, պարին տրված լինելը և հոգու գեղեցկությունը դյութում են մարդկանց հայացքները: Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով:

Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի (տարանտելլա-սարդի խայթոց) բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը: Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում էր սթրեսը, լավացնում էր մարսողական պրոցեսը, դրական էր ազդում ախորժակի, սիրտանոթային համակարգի վրա։


Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում  Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան:  
Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր էտապի անբաժան ուղեկիցը։


Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են դրա արտահայտման ձևերը։ Մարդիկ սկսել են  հետաքրքրվել ոչ միայն իրենց ազգային պարերով։ Բացատրությունը հետևյալն է` քիչ շարժվելը, սթրեսը բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, իսկ պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում  իր զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից, պարն ինքնարտահայտման միջոց է։ Այն մղումները, որոնք արթնանում են պարի ժամանակ, հիմնականում անգիտակցական են. դրանք ճնշված են կամ չեն դրսևորվում առօրյա կյանքում` հասարակական նորմերի ազդեցությամբ։ 

 Մի լավ պարելուց հետո մարդը լիցքաթափվում է, քանի որ ազատվում է կուտակված բացասական էներգիայից։ Պարը սեփական անձը ցուցադրելու միջոց է։ Այն ոչ խոսքային հաղորդակցման միջոց է։ Ռիթմիկ շարժումների միջոցով մարդը զգում, ընկալում է  իր մարմինը, սկսում է հասկանալ դրա լեզուն, պարն օգնում է մարդուն ընկալել սեփական մարմինն ամբողջությամբ։

Պարելու շարժիչ ուժն այդ պրոցեսից հաճույք ստանալն է, որը հոգեֆիզիոլոգիական երևույթ է։ Երբ մարդը շարժվում է, ուղեղը ստանում է դրական ազդակ, պարի ժամանակ մարդու օրգաննների բոլոր ռիթմերը համապատասխանեցվում են միմյանց, այսինքն` սկսում են հավասար ռիթմով աշխատել  սրտի զարկերը, շնչառությունը, անոթներում արյան  ճնշումը և այլն։ Բոլոր օրգան-համակարգերն սկսում են ենթարկվել միայն մեկ ռիթմի, որն էլ նպաստում է օրգանիզմից լարվածությունը դուրս բերելուն։
Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի  «քնած» բաժինները, համաչափ են սկսում աշխատել աջ և ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետևել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ աշխարհն ավելի լայն է դառնում։