пятница, 6 февраля 2015 г.

ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ

Ավետիք Իսահակյան

Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:


I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ Աստծու դատաստանի:


II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:


Այս բանաստեղծության մեջ Ավետիք Իսահակյանը գովերգում է գուսաններին, ովքեր դառը ճշմարտությունը քողարկելու համար խոսում են միայն հաղթանակների, նվաճումների և հաջողությունների մասին։ Նա գրում է նաև պատմիչների մասին, ովքեր գրում են պատմագրական փաստեր, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի պատմագրական փաստերը մեծ մասամբ տխուր են, և փայփայում են հույսեր, որ ապագան այդքան էլ տխուր չի լինելու։ Ավետիք Իսահակյանին դուր են գալիս, որ մարդիկ երևակայում են իրենց ազգի նվաճումները և հաղթանակները։ Նա նախընտրում է քաղցր սուտը, ոչ թե դառը ճշմարտությունը։ Չնայած, որ եթե հաշվի առնենք, որ Ավետիք Իսահակյանը բանաստեղծ էր և անընդհատ ստեղծագործում էր, ապա շատ նորմալ է, որ նրան դուր են գալիս երևակայական ստեղծագործությունները, ոչ թե պատմագրական փաստերը։  Իհարկե բոլորիս էլ հաճելի է լսել, որ մեր պետությունը ամենալավն ու ամենաուժեղն է։ Սակայն լավ կլինի, որ անցյալի սխալներին բաց աչքերով նայենք, դասեր քաղենք և փորձենք ավելի անսխալական ապագա ստեղծել մեր հայրենիքի համար։ Կարծում եմ միայն այդ դեպքում կարելի կլինի ունենալ ավելի հզոր և բարեկեցիկ երկիր։

Комментариев нет:

Отправить комментарий