«Գորանի»-ները վշտի պարեր են` կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ: Այս պարերին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ հիմնականում առավել տարեցները:
Ժողովրդական մտածողությամբ՝ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմն է: «Աջ» բաղադրիչը կա նաև «առաջ» բառում, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում է որպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:
Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների՝ աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն՝ չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որը, ի վերջո, գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման գերակշռող տեղափոխության ուղղություն:
«Գորանին» ունի ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ: Պարի հատակագծում քայլերի գծերի անկյուններն ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս՝ անդրշիրիմյան աշխարհ: Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարն ասես պատկերում է մայր մտնող արև: Պարաշարքի կառուցվածքը մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս ուսի՝ ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված:
Комментариев нет:
Отправить комментарий