пятница, 13 февраля 2015 г.

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ (Մասլոուի Բուրգ)

Պահանջմունքներ


(Մասլոուի բուրգ)


                          Ինքնաիրացում,
                       
                       Ինքնաարտահայտում
        
                    Հարգանք,    ինքնահարգանք

 
               Սոցիալական      պատկանելություն

 
          Անվտանգություն       և            ապահովություն

 
      Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

 

 

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

Իհարկե մարդիկ իրենց ծնված օրվանից ունեն շնչելու, սնվելու, քնելու և այլ պահանջմունքներ։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այդ պահանջմունքները, պարզապես չեն կարողանա ապրել։ Բայց արդյո՞ք մարդիկ կարող են միայն իրենց այս պահանջմունքները բավարարելով ապրել։ Թերևս խորհեք։ Դա կարող են անել միայն նորածին երեխաները, չնայած որ նրանք էլ ունեն սիրված լինելու պահանջմունք։

Անվտանգություն և ապահովություն

Մարդու հաջորդ պահանջմունքը անվտանգության և ապահովության պահանջմունքն է։ Յուրաքանչյուր մարդ իր ծնված օրվանից ապահովության կարիգ է զգում։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այս պահանջմունքը, չեն կարողանա բավարարել նաև Մասլոուի բուրգի մյուս պահանջմունքները։

Սոցիալական պատկանելիության պահանջմունք

Երբ Աբրահամ Մասլոուի բուրգի առաջին երկու պահանջմունքները բավարարված են և մարդու մոտ արդեն ձևավորված է նորմալ գիտակցություն, ի հայտ է գալիս սոցիալական պատկանելիության պահանջմունքը։ Մարդը կարիգ է զգում ունենալ իր տեղը և դերը հասարակության որոշակի հատվածում, որպեսզի հետագայում կարողանա շարունակել իր գործունեությունը։

Հարգանք, ինքնահարգանք

Հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունք ունի յուրաքանչյուր նորմալ մարդ։ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով հարգում են իրենց և ցանկանում են, որ մյուսներն էլ հարգեն։ Իսկ ոսկե կանոնի համաձայն, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց հարգեն, ապա իրենք էլ պետք է մյուսներին հարգեն։

Ինքնաարտահայտում

Բոլորի մոտ էլ գալիս է ժամանակ, երբ առաջանում է ինքնաարտահայտման պահանջմունքը։ Բոլորն էլ պետք է բավարարեն իրենց այս պահանջմունքը՝ չոտնահարելով մնացածի իրավունքները։ Իմ կարծիքով յուրաքանչյուր անհատ յուրովի է ինքնաարտահայտվում։ Օրինակ՝ նկարիչները՝նկարելով, պարողները՝ պարելով, ուսուցիչները ՝ սովորեցնելով, իրավաբանները՝ մարդկանց իրավունքները պաշտպանելով։ Յուրաքանչյուր մարդ, ում նախորդ պահանջմունքները բավարարված են ունի ինքնաարտահայտվելու պահանջմունք։ Եթե, օրինակ, իրավաբանը պաշտպանում է մարդու իրավունքները և դա նրա մոտ ստացվում է, իսկ հասարակությունը խրախուսում է, ապա նա կարողանում է բավարարել իր ինքնաարտահայտման պահանջմունքը։ բացի այդ, այդպես բարձրանում է նրա ինքնագնահատականը` նա կարողանում է ինչ-որ չափով բավարարել նաև ինքնահաստատման պահանջմունքը։ Չնայած որ Մասլոուն իր բուրգում չի նշել այս պահանջմունքի մասին,  ես ասում եմ, որ մարդիկ ինքնաարտահայտվելուց բացի նաև ունեն ինքնահաստատվելու պահանջմունք։ Յուրաքանչյուր անհատ տարբեր կերպ է բավարարում իր այս պահանջմունքը։ Շատերը` մարդկանց ծաղրելով, մյուսները` դատարկ սկզբունքներին հետևելով, մնացածը` տարօրինակ սանրվածքներով, դիմահարդարումներով, հագուստով և այլն։ Սակայն այս պահանջմունքը մնացածից տարբերվում է նրանով, որ մարդիկ այն չեն բավարարում ամբողջ կյանքի ընջացքում, այլ կյանքի որոշակի փուլում։

Ինքնաիրացում

Աբրահամ Մասլոուի բուրգի գագաթում գտնվում է ինքնաիրացման պահանջմունքը։ Իմ կարծիքով այս պահանջմունքը բավարարելու համար մարդիկ սկսում են հետաքրքրվել շրջակա աշխարհով, տարբեր բնագավառներից գիտելիքներ ստանալ, ունենալ իրենց սեփական տեսակետները և կարողանալ արտահայտել դրանք, նաև խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ կյանքի իմաստը, երջանկությունը, ազատությունը։ Չնայած արդեն պարզ է, որ սրանք այնպիսի հասկացություններ են, որոնց շուրջ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական կարծիքը։  Օրինակ՝ ես կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի բնակչության առնվազն 80%-ը չի  խորհում այսպիսի հարցերի շուրջ և հետաքրքրված չէ շրջակա աշխարհով։ Դա, իհարկե, ունի իր բացատրությունը։ Հայաստանի բնակչության մեծ մասը մտահոգված է կենսաբանական, ֆիզիոլոգիական, անվտանգության և ապահովության պահանջմունքները բավարարելով։ Նրանք հազիվ են բավարարում (եթե իհարկե դա կարելի է բավարարել անվանել) իրենց այդ պահանջմունքները, ուր մնաց մտածեն հարգանքի, ինքնաարտահայտման և առավել ևս ինքնաիրացման մասին։ Մարդը առաջին հերթին մտածում է ապրելու մասին, եթե չապրի, ապա ինչպե՞ս կկարողանա հարգել, ինքնաարտահայտվել և մտածել։ Օրինակ՝ շատ երկրներում ղեկավարները մտածում են քաղաքացիների առաջին երեք պահանջմունքները բավարարելու մասին, որպեսզի մարդիկ այդպիսի տարրական բաներով մտահոգվելու փոխարեն զբաղվեն գիտություններով, ուսումնասիրեն դրանք և ապագայում ծաղկեցնեն ու հզորեցնեն իրենց երկիրը։ Մեզ մոտ մարդիկ ամեն օր մտածում են, թե ի՞նչ են հագնելու, ի՞նչ են ուտելու, որտե՞ղ են քնելու, իսկ իշխանությու՞նը․․․․․․

Ահա, թե որն է պատճառը, որ մեր երկիրը առաջ գնալու փոխարեն ետ է գնում։ Այսպիսով, մարդիկ ունեն անսահմանափակ պահանջմունքներ, որոնք տիպիկ նկարագրում է Մասլոուի բուրգը։ Յուրաքանչյուր նախորդ մակարդակի պահանջմունքը չբավարարած անհատը չի կարող բավարարել հաջորդ մակարդակի պահանջմունքը։ Բայց արդյո՞ք արդար է, որ շատ  հայ տաղանդավոր անձիք, չկարողանալով բավարարել իրենց տարրական մակարդակի պահանջմունքները, չեն կարողանում բավարարել նաև ավելի բարձր մակարդակներում գտնվող պահանջմունքները։ Այսպես ստացվում է, որ նրանց տաղանդը կորչում է։ Արդյո՞ք դուք դա ճիշտ եք համարում։ Թերևս խորհեք։

 

 

пятница, 6 февраля 2015 г.

ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ

Ավետիք Իսահակյան

Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:


I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ Աստծու դատաստանի:


II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:


Այս բանաստեղծության մեջ Ավետիք Իսահակյանը գովերգում է գուսաններին, ովքեր դառը ճշմարտությունը քողարկելու համար խոսում են միայն հաղթանակների, նվաճումների և հաջողությունների մասին։ Նա գրում է նաև պատմիչների մասին, ովքեր գրում են պատմագրական փաստեր, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի պատմագրական փաստերը մեծ մասամբ տխուր են, և փայփայում են հույսեր, որ ապագան այդքան էլ տխուր չի լինելու։ Ավետիք Իսահակյանին դուր են գալիս, որ մարդիկ երևակայում են իրենց ազգի նվաճումները և հաղթանակները։ Նա նախընտրում է քաղցր սուտը, ոչ թե դառը ճշմարտությունը։ Չնայած, որ եթե հաշվի առնենք, որ Ավետիք Իսահակյանը բանաստեղծ էր և անընդհատ ստեղծագործում էր, ապա շատ նորմալ է, որ նրան դուր են գալիս երևակայական ստեղծագործությունները, ոչ թե պատմագրական փաստերը։  Իհարկե բոլորիս էլ հաճելի է լսել, որ մեր պետությունը ամենալավն ու ամենաուժեղն է։ Սակայն լավ կլինի, որ անցյալի սխալներին բաց աչքերով նայենք, դասեր քաղենք և փորձենք ավելի անսխալական ապագա ստեղծել մեր հայրենիքի համար։ Կարծում եմ միայն այդ դեպքում կարելի կլինի ունենալ ավելի հզոր և բարեկեցիկ երկիր։

четверг, 5 февраля 2015 г.

ԶԳԱՅԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (զգայություն, ընկալում, մտապատկեր)


ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Արտաքին աշխարհի հետ մարդու բոլոր տեսակի առնչությունները իրականանում են անմիջական և միջնորդավորված կապերի բարդ համակարգի օգնությամբ: Անմիջական կապի կարևոր օղակներից մեկը զգայությունն է, որի շնորհիվ արտաքին աշխարհի իրերի, երևույթների ու գործընթացների մարդու վրա ներգործող էներգիան փոխարկվում է գիտակցության փաստի և հասկացությունների, դատողությունների ու մտահանգումների ձևով վերածվում է համապատասխան լրատվության ու գիտելիքի:
ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ շրջակա աշխարհի ու երևույթների առանձին հատկությունների ու որակների արտացոլումն է մեր գիտակցության մեջ, օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերը: Փաստորեն զգայությունը օրգանիզմի արտաքին պայմաններին կենսաբանորեն հարմարվելու համակարգի կենսագործունեությունն է: Շրջակա միջավայրում հարմարվելու համար ինչպես ցածրակարգ, այնպես էլ բարձրակարգ օրգանիզմները օժտված են զգացող և հաղորդիչ օրգաններով: Օրգանիզմին շրջապատող օբյեկտներից առկայծող ու տարածվող էլեկտրամագնիսական տատանումներն ու քիմիական մոլեկուլները գրգռում են զգացող օրգան անալիզատորի ծայրամասը` ռեցեպտորը, որում առաջացած գրգիռը իմպուլսների ձևով նյարդային թելիկներով հաղորդվում է կենտրոնական անալիզատորի համապատասխան մասը և առաջացնում է զգայություն: Այսինքն, շրջակա աշխարհի ճանաչողության գործընթացն սկսվում է զգայությունից: Օրգանիզմի և շրջապատի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ընթացքում ներվային համակարգի համապատասխան բաժինները մասնագիտացել են արտաքին աշխարհի որոշ ազդակներ ընդունելու ուղղությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր անալիզատոր ակտիվանում է իրեն յուրահատուկ գրգռիչի ազդեցության հետևանքով: Ի.Պ. Պավլովը բազմաթիվ փորձերով ապացուցել է, որ օրգանիզմի յուրաքանչյուր անալիզատոր կենսականորեն հարմարեցված է կոնկրետ տիպի էներգիայի փոխանցմանը զգայության: Յուրաքանչյուր զգայարան արտացոլում է առարկաների բազմազան հատկանիշներից միայն իրեն համապատասխան հատկանիշը: Իսկ իրականության ճանաչումը բոլոր զգայարանների կապակցված ու միասնական գործունեության արդյունք է: Զգայարանների այդ գործունեության ֆիզիոլոգիական մեխանիզմը գլխուղեղի կեղևում առաջացնում է համապատասխան կապակցություններ, որոնք հետագայում համապատասխան գրգռիչի դեպքում կառաջացնեն համապատասխան երևույթ: Այսինքն, իբրև հոգեկան գործընթաց զգայությունը գլխուղեղի յուրահատուկ ռեֆլեքս է, որը ձևավորվում և ամրակայվում է մարդու պրակտիկ գործունեության ընթացքում: Առանց զգայարաններից հաղորդվող տվյալների ոչ միայն հնարավոր չէ մտածողություն, այլև այդ տեղեկատվության դադարեցման դեպքում ուղեղը կկորցնի մտածելու և գիտակցելու ընդունակությունը: Արտաքին միջավայրից ստացված տեղեկատվության շնորհիվ օրգանիզմը մշակում է համապատասխան վարքագիծ և պատասխան ռեակցիաների համակարգ: Մարդու աշխատանքային և ինտելեկտուալ գործունեության ողջ նվաճումները պայմանավորված են նաև զգայարանների աննախադեպ զարգացման ընթացքով: Օրգանիզմի ակտիվ և նպատակահարմար գործունեությունը կախված է նրա զգայական օրգանների կատարելագործման աստիճանից և ստացվող տեղեկությունների համապարփակությունից: Մարդու և կենդանիների արմատական տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ եթե օրգանական աշխարհի մյուս տեսակների մոտ խիստ զարգացած են այն առանձին զգայարանները, որոնք կարևոր են տվյալ տեսակի գոյության համար, ապա մարդու մոտ զարգացած է ամբողջ զգայական համակարգը, որի շնորհիվ մարդը զգայում է մտածելով:  Բայց զգայության գործընթացը միշտ ընդգրկում է տվյալ օբյեկտի առանձին հատկություններն ու հատկանիշները: Այդ առանձին հատկանիշների ամբողջական զգայումն ու իմաստավորումը արտացոլման որակական նոր գործողություն է և իմացության նոր աստիճան: Օբյեկտի տարբեր հատկությունների ամբողջական արտացոլման այդ աստիճանը կոչվում է ընկալում :
                                                           ԸՆԿԱԼՈՒՄ
Ընկալումը զգայական գործողության շնորհիվ օբյեկտի հատկությունների խորացված հայեցումն է: Այն ներգրավվում է զգայական գործնթացում որպես նպատակաուղղված զգայություն: Զգայության ժամանակ զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտների վրա դիֆերենցված ուշադրություն չի դարձվում, որի պատճառով բոլոր օբյեկտներն ու նրանց հատկությունները ենթարկվում են հպանցիկ ուշադրության և արտաքին, երևութական, սահմանափակ ըմբռնման: Ընկալման ժամանակ  օբյեկտները հայտնվում են ընկալողի ուշադրության կենտրոնում, որն ակտիվացնելով զգայարանների գործունեությունը փորձում է իմաստավորել զգայական ազդակներն ու արտացոլվող տեղեկությունը: Ասվածից հետևում է, որ ընկալումը զգայական իմացության խորացված և բարդ ձևն է: Զգայությունը պատկերացում է տալիս օբյեկտի որոշ կողմերի ու հատկությունների մասին, իսկ ընկալումը` հատկությունների ամբողջության մասին: Ընկալումը ձևավորվում է զգայելու ունակության հիմքի վրա, բայց զգալիորեն տարբերվում է նրանից: Իհարկե և զգայությունը, և ընկալումը դրսևորվում են զգայարանների վրա արտացոլվող օբյեկտի համապատասխան գրգիռների անմիջական ներգործության շնորհիվ: Սակայն  զգայության ընթացքում տեղեկություն է ստացվում օբյեկտի որևէ կողմի հատկության մասին, իսկ ընկալման ժամանակ բացահայտվում է օբյեկտի զգայական բոլոր կողմերն ու հատկությունները: Որոշ իմաստով ընկալումը կարելի է ներկայացնել որպես մտասևեռ զգայություն: Օրինակ, միշտ չէ, որ մարդը ակտիվորեն ընկալում է իր զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները: Երբեմն նա անտարբեր անցնում է վաղեմի ծանոթի կողքով, զարմանք պատճառելով նրան ցուցաբերվող անուշադրության ու անտարբերության համար: Այդպիսի պահերին թեև զգայությունը մարդու մոտ շարունակվում է, բայց զգալիորեն թուլացած ձևով և  զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները չեն ընկալվում: Նման պահերին, զգայական ակտիվության թուլացման պատճառով, մարդու մոտ չափազանց նվազում է շրջապատի որոշ իրերն ու երևույթներն ընկալելու ակտիվությունը և դրանց մասին կենտրոնական անալիզատորի համապատասխան բաժնին ռեցեպտորների հաղորդած թույլ իմպուլսը համապատասխան ազդեցություն չգործելով անհետք մարում է: Նման երևույթը օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսի գործունեության արդյունք է, որի գործառույթներից մեկն էլ ներվային համակարգի պահպանումն է գերծանրաբեռնվածությունից և գերլարվածությունից: Մարդու մոտ ընկալման ունակությունը զարգանալով զգայելու ունակության հիմքի վրա, զգալիորեն տարբերվում է կենդանական աշխարհի էակների ընկալման ունակությունից: Յուրաքանչյուր կենդանական տեսակի մոտ զարգանում և ամրակայվում է նրա կենսապահպանման համար խիստ անհրաժեշտ ընկալման այն ունակությունը, որն ակտիվանում է միայն սահմանափակ օբյեկտների առկայության պայմաններում: Իսկ Աստված մարդունէ որպես բանական և սոցիալական էակ, տվել է ընկալունակության հսկայական չափերի ընդգրկում, որի մի մասը ամրակայված է կենսաբանական հիմքի վրա, մյուս մասը սոցիալական կենսագործունեության արդյունք է: Հետևապես մարդու մոտ ընկալումը մի շարք անալիզատորների միասնական ակտիվացման և ստացված ազդակները ամբողջացնող ուղեղի գործունեության բարդ գործընթաց է: Եթե անալիզատորները շրջապատի բոլոր օբյեկտներից ստացված ազդակները ուղեղ հասցնեին, այն ի զորու չէր լինի ընկալել, իմաստավորել և պատասխան ռեակցիա հրահանգել: Այդ իսկ պատճառով անալիզատորները ազդակներ ստանալու և հաղորդելու գործընթացում կատարում են նաև ընտրության ու կարգավորման գործառույթ: Եթե կենդանական աշխարհի մյուս տեսակների մոտ ընկալումը սահմանափակվում է առաջին ազդարարային համակարգով, մարդու մոտ դրան ավելանում է և երկրորդ ազդարարային համակարգը, որի շնորհիվ այն կապվում է անցյալի փորձի ու հմտության հետ և իմաստավորված բնույթ է կրում: Այդ անալիզատորների համատեղ գործունեության շնորհիվ շրջակա միջավայրի օբյեկտների զգայական պատկերները ամրակայվելով մարդու գիտակցության մեջ ուղի են հարթում բարդ ճանաչողական գործընթացների համար: Այդ շարքում մեծ է նաև մտապատկերների դերը:
                                                          ՄՏԱՊԱՏԿԵՐ
ՄՏԱՊԱՏԿԵՐԸ մեզ վրա նախկինում ներգործած առարկայի, երևույթի ընդհանրացված պատկերի արթնացումն է գիտակցության մեջ, այդ առարկայի, երևույթի բացակայության պայմաններում: Այն ձևավորվում և ծագում է զգայական ընկալումների շնորհիվ, բայց իրականության արտացոլման նոր որակ է: Զգայությունը հասանելի դարձնելով առարկայի ու երևույթների առանձին կողմերն ու հատկություններն իմացության գործընթացից դուրս է թողնում դրանց մյուս հատկությունները, այլ առարկաների ու երևույթների հետ ունեցած կապակցությունները: Այս բացը որոշ չափով լրացվում է ընկալման միջոցով: Բայց ընկալումը տալիս է միայն առարկայի մեր զգայարանների վրա ներգործելու պահի պատկերը, իսկ մյուս բազմաթիվ հնարավորությունները կարող է մնան ստվերում: Առօրյա, աշխատանքային գործունեության և մտավոր ստեղծագործության ընթացքում մարդը բազմաթիվ անգամներ առնչվելով միևնույն իրերին ու երևույթներին թափանցում է դրանց էության խորքը, բացահայտում է նորանոր հատկություններ, կողմեր ու հարաբերություններ, որով ամբողջացվում է տվյալ առարկայի կամ երևույթի մասին ձեռք բերված տեղեկությունը: Այդ գործընթացում մտապատկերը մի կողմից միջնորդ օղակ է դառնում զգայական ընկալման և վերացարկված մտածողության միջև, մյուս կողմից էլ հիշողությունը, երևակայությունը, մտահանգումը և հոգեկան այլ գործընթացները կապում է իրականության հետ: Այսինքն, այն յուրօրինակ կամուրջ է դառնում զգայությունից ու ընկալումից դեպի միտքը և մըտքից դեպի կենդանի հայեցողություն: Իր էությամբ մտապատկերը կապված լինելով զգայական իմացության հետ միաժամանակ զգալիորեն նրա սահմաններից դուրս է գտնվում: ՈՒղեղի կողմից մտապատկերների վերարտադրման ընթացքում զգայարանները անմիջապես չեն առնչվում զգայված իրերի ու երևույթների հետ: Զգայության առաջացման համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական օբյեկտները ակտիվ ներգործություն ունենան մարդու զգայարանների վրա: Իսկ մտապատկերի առաջացման համար այդ ֆիզիկական օբյեկտների ներկայությունը պարտադիր չէ, չնայած առանց այդ օբյեկտներից ստացվող զգայական ներգործությունների ու տպավորությունների ոչ մի մտապատկեր ձևավորվել չի կարող: Մտապատկերներն առաջանալով զգայություններից չեն նույնանում դրանց հետ: Մտապատկերների մեջ զգայվող օբյեկտներից ստացվող զգայական ակնառու, պայծառ, անհատական հատկանիշների հաշվին զորեղանում են ընդհանուր հատկանիշները: Այս գործընթացի շնորհիվ գիտակցությանը հնարավորություն է ընձեռվում կտրվելու իր անմիջական աղբյուրից և դառնալու  հարաբերականորեն ինքնուրույն սուբյեկտիվ երևույթ: Իմացության այդպիսի դրսևորումը իրականությունը պատկերում է իր գունագեղությամբ, թարմությամբ և կոնկրետությամբ: Սակայն իմացության այդ աստիճանը դեռևս չի թափանցում իրերի ու երևույթների խորքային հատկությունների, կապերի ու հարաբերությունների մեջ, լայնորեն չի ընդգրկում դրանց էությունը: Ամեն ինչ չէ, որ կարելի է զգայել, ընկալել, մտապատկերել: Իրերի ու երևույթների շատ կապեր ու փոխազդեցություններ բացահայտվում են զգայական իմացության տվյալների վրա, դրանց մշակումներից և որպես միջնորդավորված իմացություն ընդգրկում են ընդհանրացումների ու վերացարկումների որակական նոր աստիճանը, որի շնորհիվ միտքը զգայական կոնկրետից անցնում է ընդհանուրին: Մտապատկերների ձևավորման ժամանակ մեր գիտակցության մեջ վերարտադրվում են օբյեկտների այն հատկությունները, որոնք զգայվելու ժամանակ ուժեղ տպավորություն են թողել մեզ վրա: Այդ գործընթացն իր մեջ պարունակում է նաև վերացարկման և ընդհանրացման տարրեր, որի շնորհիվ հաճախ տարբեր ժամանակ ընկալված զանազան իրերի ու երևույթների առանձին հատկություններ ուղեղում իրար հետ միանալով կերպավորվում են որպես նոր մտապատկերներ: Օրինակ, իրականության մեջ ռեալ գոյություն չունեցող սֆինքսի մտապատկերը մեր նախահայրերի մտածողության մեջ սինթեզվել է որպես ուժ և իմաստություն մարմնավորող կենդանիների հավաքական կերպար: Մարդուն շրջապատող աշխարհում կան նաև բազմաթիվ երևույթներ, որոնք հասու չեն զգայական իմացությանը և եթե մեր գիտելիքները սահմանափակվեին միայն զգայարանների միջոցով ձեռք բերվածով, մենք շատ քիչ բան կիմանայինք մեզ շրջապատող իրականության մասին:

воскресенье, 18 января 2015 г.

Исус Христос Спаситель мира




Այդ օրը...
 Ոչ ոք դեռ չգիտեր, թե ինչքան որոշիչ  էր այդ օրը: Որ ողջ աշխարհը, այդ խաչելության շնորհիվ, ձեռք կբերի իր փրկությունը: Ո՛չ ոք, միայն  Ես գիտեի այդ ամենի շարունակությունը: Ես գիտեի, թե ինչ է լինելու մեկ ժամ անց՝ Ես գիտեի իմ առաքելությունը:
 Ես դարերի միջով նայում էի ձեզ: Ես  փրկության դուռ դարձա ձեզ համար, երբ 33 տարեկան էի: Ես տեսնում էի ձեր սերունդները և լսում  ձայներ, որոնք ասում էին՝ <<ներիր մեզ ներիր>>: Ես դարձա ձեր ջուրն ու լույսը: Սակայն, ես գիտեի, որ ինձ համար խաչ է պատրաստված: Ես գիտեի, որ ինձ մատնելու են, Ես գիտեի,որ  այլ ճանապարհ չկա: Ես գիտեի, որ ժամանակն արդեն հասել է և ես մնացել եմ ամբողջովին մենակ, որ մահն է կախվել ահա իմ վրա, և որ այդ ժամը անտանելի է: Ես լսում էի, մարդիկ գոչում էին՝ <<նա դավաճան է, սպանել նրան, թող որ նա մեռնի>>: Նրանք չգիտեին, որ դա փրկիչն է, որ իրենց գործած  մեղքերն է կրում:
 Իսկ ես լռում էի... Եվս մի փոքր...
Ահ՛ա, մեխում են առաջին մեխը, ինչպիսի՜ ցավ և ինչքա՜ն արյուն:
Չոր են շուրթերս, շնչելն է դժվար: Շրջապատված եմ դաժան ամբոխով:
Ես եմ՝   առաջնեկը, գառը զոհաբերության:
Այդ օրը, ես  քեզ տեսա, դու ամբոխի մեջ խառնված գոռում էիր՝ <<խաչել նրան>>, իսկ ես աղոթում էի` <<Հա՛յր, ներիր նրան>> : Ես գիտեի, մի օր կնայես   քո անցած ճանապարհին, կնայես քո ապրած տարիներին, որոնք ծախսել ես աննպատակ՝ ո՞վ ես դու, կամ որտե՞ղ ես և կամ ի՞նչ ես սիրում, կամ էլ ատում: Քո ճանապարհները երկար ու ձիգ են՝ հաջողություն, անկում, դատարկություն: Երբ ինձ խաչում էին, ես արդեն գիտեի քո վերջաբանը՝ դու տանջվում էիր քո մեղքերի շատությունից, դու մահվան էիր դատապարտված: Ես տեսա քո տխրությունը՝ արցունքներ, թախիծ, ցավ, կրակ ու պատիժ:
Ես հասկացա, որ քեզ սիրում եմ:
Սիրում եմ քեզ, թեկուզ այդպես էլ դու չհասկացար, թե ինչու համար ես այս աշխարհի ողջ ցավն եմ շտապում  ինձ վրա վերցնել, դեպի խաչ տանել:
Սիրում եմ քեզ, և միայն դա էր պատճառը այն դաժան օրվա:
Սիրում եմ քեզ, եթե անգամ իմ սերը անպատասխան է:  Այդ սերն ուժ տվեց, որ այդ օրը ես դիմանամ բոլոր տանանջանքներին, ու որ անգամ  մահին հաղթեմ, որպեսզի դու մահից ազատված լինես: Ես գիտեի, որ հաղթանակը սիրո մեջ է: Ամբոխը գոռում էր՝ աղմկում, իսկ ես ներում էի ու սիրում:
Այդ օրը ես մահացա: Կատարվեցավ:
Ոմանց փոխարեն ես դժոխք իջա, և մարդկանց համար երկինքը բացվեց:
Այդ օրվանից երկինքն ու երկիրը մոտ են, բայց կա մի անդունդ, որն ի վիճակի է բաժանել դրանք: Դա քո քայլն է դեպ Աստված: Մեկ քայլ ապաշխարհության և դու ներված ես: Դու հավատացիր ինձ և ես քեզ կողորմամ: Ես եմ քո արդարությունը: 
Գիտեմ, որ սատանան  փորձում է քեզ խաբել, դե հասկացիր՝ նա կատաղած է և դեռ կփորձի ավիրել այն ճշմարտությունը, որ քեզ հայտնեցի:
Ես գիտեմ, տեսնում եմ ներսիդ կասկածները, հպարտությունն ու խոչընդոտները: Բայց միևնույնն է ես շարունակում եմ սիրել և սպասել:
 Ա՛րի, մի վախեցիր:  Չ՞է որ դու այնքան թանկ ես ինձ համար:  Ես ներում եմ քեզ քո բոլոր մեղքերն ու սխալները: Ես քեզ տալիս եմ մի նոր  հնարավորություն, սկսիր գրել քո կյանքը այս մաքուր էջից: Հիմա ապրի՛ր, ապրիր առանց մեղքեր գործելու: Ապրիր ու հիշիր՝ Ես  միշտ քեզ հետ եմ: Տե՛ս, ես կենդանի եմ, Իմ սիրով լցվի՛ր, ապրի՛ր ու իմ սրբությամբ ողողված եղիր: Ապրի՛ր մենք այնքան պետք ենք մեկմեկու: Թող քո կյանքը այսուհետև ուրախությամբ լցվի: Ահա Ես պարզում եմ ձեռքս, ընդունիր այն, որպես Իմ սիրո նշան:
Գիտե՞ս, այս երկրի վրա շատ արցունքներ կան ու լացող սրտեր:
 Գն՛ա, գնա ու պատմիր նրանց իմ մասին՝ իմ զոհի մասին:
Տիրոջ գառնուկը՝ հեզ ու անարատ, մորթվեց, սպանվեց, բայց երրորդ օրը հարություն առավ, որպեսզի նրա արյունով փրկված լինի ամեն նրան հավատացողը:

суббота, 17 января 2015 г.

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ



 

 

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:
Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ: 
Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում


գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինրև 90 միլիոն բակտերիա։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ: 
բակտերիաների ակտիվորեն շարժվելու ունակությունն օգնում է դրանց, հեղուկ մրջավայրի նյութերն արագորեն կլանելուն: Շատ բակտերիաներ շարժվում են դեպի ավելի բարենպաստ միջավայրեր՝ հեռանալով իրենց վրա վնասակար ազդող նյութեր պարունակոդ շրջաններից (դրական և բացասական քեմոտաքսիս):
Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաներ (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի մակերևույթ, որտեղ լուծված թթվածնի քանակն առավելագույնն է: Կարելի է ենթադրել, որ ակտիվ շարժումն օգնում է ախտածին բակտերիաներին՝ մածուցիկ, լորձային արտազատուկների միջոցով թափանցել էպիթելային պատնեշով և տարածվել օրգանիզմի հեղուկների ու հյուսվածքների մեջ:
 
կազմությամբ բակտերիաներ չեն տարբերվում օրգանիզմի մյուս բջիջներից: Դրանց


բջիջը պարունակում է ջուր (70-85%), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպային նյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլ միացություններ: Բակտերիաների կենսագործունեությանը մասնակցում են ֆերմենտներ, որոնց մի մասը գործում է միայն բջջի ներսում (էնդոֆերմենտներ) և ապահովում սինթեզի, շնչառության ու այլ գործընթացները, մյուսները (էկզոֆերմենտներ) բակտերիաների կողմից արտադրվում են շրջակա միջավայր: Բնականոն կենսագործունեության համար բակտերիաներ պետք է ապահովված լինեն ածխածնով և ազոտով: Որոշ տեսակներ (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները (հետերոտրոֆներ), որոնցից են ախտածին բակտերիաներ՝ օրգական միացություններ:
Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտ սևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ (աերոբներ), անօդակյացներ (անաերոբներ) և
 պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Որոշ բակտերիաներ (լուսասինթեզող) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր և այլն) փոխարկումների էներգիան: 
 
Բակտերիաների հիվանդածնությունը
Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա) օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր նյութեր (տոքսիններ) արտադրի: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ (բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները) արտադրում են արտաթույներ (էկզոտոքսիններ): Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ թունավոր սպիտակուցներ են: Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք բակտերիաների (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա քայքայման, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելու դեպքում: Առանձին բակտերիաների (օրինակ՝ թարախածին ստրեպտոկոկի ախտածնությունը պայմանավորված է հիալուրոնիդազ ֆերմենտով. այն լուծում է շարակցական հյուսվածքի հիմնական նյութը՝ հիալուրոնաթթուն: Ախտածին ստաֆիլոկոկերը սինթեզում են կոագուլազ ֆերմենտ, որն ունի թրոմբինի նման ազդեցություն:

           

Բակտերիաների գենետիկան




 

Պլազմիդով բակտերիա

Բակտերիաներին բնորոշ բոլոր հատկանիշները որոշվում են ֆերմենտների և բջջային այլ սպիտակուցների կառուցվածքի մեջ մտնող պոլիպեպտիդներրի հատկություններով: Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով: Բակտերիաների մեծամասնությունը որպես քրոմոսոմ ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1-3 հազար գեն: Վերջիններս ենթարկվում են մուտացիաների, այսինքն առաջանում են փոփոխություններ նուկլեոտիդների հաջորդականության մեջ: Մուտացիայի կարող է ենթարկվել բակտերիաների ցանկացած գեն, և քանի որ վերջիններս հսկում են կենսականորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա այդպիսի մուտացիան բակտերիաների համար կարող է մահացու լինել:

Մուտացիաների ուսումնասիրությունն ունի գործնական նշանակություն: Օրինակ՝ մուտացիաների հետևանքով ստացվել են բակտերիաներ, որոնք չեն կարող առաջացնել հիվանդություն, բայց կարոդ են օրգանիզմում ստեղծել անընկալություն դրա նկատմամբ: Այդպիսի թուլացած բակտերիաներ կիրառվում են որպես կենդանի վակցինա՝ տուբերկուլոզի, սիբիրյան խոցի և այլ հիվանդությունների կանխարգելման համար: Դրանք անվտանգ են, քանի որ բացառվում է հետադարձ մուտացիաների հնարավորությունը: Կարևոր նշանակություն ունի հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաներին կայունություն տվող մուտացիաների առաջացման մեխանիզմի վերծանումը: Հաճախ բուժման համար հիվանդի օրգանիզմից անջատում են բակտերիաներ և որոշում, թե դրանք որ հակաբիոտիկի նկատմամբ են զգայուն: Բջջապլազմայում հայտնաբերվել են ԴՆԹ-ի ոչ մեծ, արտաքրոմոսոմային օղակաձև մոլեկուլներ, որոնք բակտերիաների բաժանման ժամանակ պատճենահանվում են և անցնում դուստր բջիջների մեջ: Դրանք կոչվում են բակտերիային պլազմիդներ: Վերջիններս տարբերվում են իրենց չափերով, խոշորները պարունակում են ավելի քան 100 գեն: Պլազմիդները կարող են մեկ բակտերիայից տեղափոխվել մյուսի մեջ՝ իրենց հետ տանելով ոչ միայն սեփական, այլև բակտերիաների քրոմոսոմի գեները: Շատ պլազմիդներ, ընկնելով բակտերիային բջջի մեջ, վերջինիս տալիս են նոր հատկություններ. օրինակ՝ հայտնի են պլազմիդներ, որոնք աղիքային ցուպիկների ոչ ախտածին տարատեսակները փոխարկում են ախտածնի, և դա կապված է պլազմիդներում թունավոր նյութերի սինթեզը հսկող գեների առկայության հետ: Հաճախ պլազմիդում թույնի առաջացումը հսկող զեները զուգակցվում են մարդու և կենդանիների օրգանիզմներում բակտերիաների ընտելացումն ապահովող զեների հետ: Այդպիսի զուգակցումը 1 պլազմիդում աղիքային ցուպիկը փոխարկում է ծանր վարակների հարուցչի: Հակաբիոտիկների և թույների նկատմամբ բակտերիաներին կայունություն տվող պլազմիդների հատկությունը պայմանավորված է ֆերմենտների սինթեզը հսկող՝ հակաբիոտիկը քայքայող գեների առկայությամբ: Օրինակ՝ պենիցիլինի շարքի հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ապահովում է լակտամազ ֆերմենտը (քայքայում է հակաբիոտիկի մոլեկուլի լակտամային օղակը):

Առանձին պլազմիդներում կարող են լինել գեներ, որոնք հսկում են մի քանի բուժիչ պատրաստուկների (պենիցիլին, կանամիցին, տետրացիկլին և այլն) նկատմամբ կայունությունը: Այդպիսի պլազմիդները, որպես կանոն, տեղափոխվում են անպլազմիդ բակտերիաների մեջ, որը վտանգ է ստեղծում դրանց լայն տարածմանը բակտերիաների միջավայր, այդ թվում նաև հիվանդածին, և սահմանափակում է բուժիչ նպատակով հակաբիոտիկների օգտագործման հնարավորությունը: բակտերիաների քրոմոսոմների ու պլազմիդների ֆունկցիաների և կառուցվածքի ուսումնասիրությամբ բացահայտվեց զեների տեղափոխման (գենոմի մի հատվածից մյուսը կամ այլ բակտերիաների գենոմներ) հատկությունը: Գեների շարժունությունը կապված է գենոմում հատուկ կառուցվածքների առկայության հետ: Ներկայումս զգալիորեն զարգացել են գենետիկական ինժեներիան և կենսատեխնոլոգիան՝ արդյունաբերական մեթոդների ամբողջությունը, որոնք միկրոօրգանիզմներն օգտագործում են ժողտնտեսության համար արժեքավոր նյութերի (ֆերմենտներ, հակաբիոտիկներ, հորմոններ) արտադրության համար:

 
Բակտերիաների Բազմացումը
Բակտերիաներ բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ևս նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաների աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում մսապեպտոնային արգանակ և մսապեպտոնային ագար, որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է: Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաներ կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ: Հետևաբար, լավ սննդամիջավայրում աճեցվող բակտերիաների 1 բջջից 10 ժ հետո կառաջանա 1000000000 սերունդ: Եվ եթե սննդարար միջավայրում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժ հետո 1 բակտերիայից կստացվեր 102՝ բջիջ՝ մոտ 4 հազար տ զանգվածով: Իրականում սննդարար միջավայրում բջիջների կիսման մեծ արագությունը դիտվում է շատ կարճ ժամանակ, որովհետև միջավայրի սննդարար նյութերն արագ սպառվում են, և կուտակվում են բակտերիաների վրա վնասակար ազդող փոխանակության արգասիքները: Ախտածին բակտերիաների բազմացման արագությունն օրգանիզմում զգալիորեն փոքր է, քան արհեստական սննդամիջավայրում:
 
Արհեստական պայմաններում բակտերիաներ աճեցնելու համար օգտագործում են սննդարար միջավայրեր: Եթե նրանում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժամ հետո 1 բակտերիայից կստացվեր 1021 բջիջ՝ մոտ 4 հզ. տ զանգվածով: Ցածր ջերմաստիճանների նկատմամբ բակտերիաները կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են ինչև –19օC-ում, սպորները՝ նույնիսկ –25օC-ում, իսկ բարձրի նկատմամբ զգայուն են: Սպորներ չառաջացնող բակտերիաները ոչնչանում են 60–70օC-ում, սպոր առաջացնողները՝ 100օC-ից բարձրում:
  Բոտուլիզմի մասամբ մաքրված 5 կգ տոքսինը կամ 7 կգ ստաֆիլոկոկային էնտերոտոքսինը կարող են թունավորել ավելի քան 5 մլն լ ջուր:
 
Բակտերիասպան միջոցներ
Բակտերիասպան գործոնների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի գործնական մանրէաբանության և բժշկության մեջ: Որևէ օբյեկտի լրիվ մաքրումը կենսունակ միկրոօրգանիզմներից (ներառյալ վիրուսները, բակտերիաներ ու դրանց սպորները, սնկերը և այլն) կատարվում է մանրէազերծման միջոցով, իսկ վարակազերծման դեպքում ազատվում են առավելապես ախտածին միկրոօրգանիզմներից: Մանրէազերծման ամենաարդյունավետ եղանակը բարձր ջերմաստիճանի (100°C և բարձր) ազդեցությունն է: Օգտագործվում են նաև իոնացնող ճառագայթներ: Իսկ վարակազերծման համար կիրառում են հականեխիչ դեղանյութեր՝ քիմիական հակամանրէային գործոններ, որոնք սպանում են բակտերիաներին (մանրէասպան ազդեցություն) կամ ընկճում դրանց կենսագործունեությունը (մանրէակասեցնող ներգործություն): Վարակազերծման համար օգտագործվող քիմիական միացությունները, օժտված լինելով բարձր հակաբակտերիային ակտիվությամբ, թունավոր են և չեն կարող կիրառվել բուժիչ նպատակով: Դրա համար պիտանի են հակաբակտերիային քիմիական բուժիչ միջոցները, որոնք ներգործում են բակտերիաների վրա և որոնց որոշակի չափաքանակները թունավոր չեն հյուսվածքների կամ ամբողջական օրգանիզմի համար: Ուժեղ հակաբակտերիային միջոցներ են հակաբիոտիկները՝ բնական ծագման քիմիական բուժիչ պատրաստուկները, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից:
Քիմիաբուժության տեսական հիմունքները և վարակիչ հիվանդությունների բուժման գործում դրանց գործնական օգտագործման հարցերը մշակել է (20-րդ դարի սկզբներին) գերմանական գիտնական Պաուլ էռլիխը, որը հայտնաբերել է արսենի օրգանական միացությունները, որոնք ակտիվ են սիֆիլիսի բուժման համար (սալվարսան): Բացահայտվել են սուլֆանիլամիդային պատրաստուկները, որոնք խախտում են նուկլեինաթթուների սինթեզը բակտերիային բջջում:
Դերը կենսոլորտում
Բակտերիաները մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին։ Նեխման բակտերաները յուրահատուկ սանիտարներ են. քայքայում են բույսերի և կենդանինների մնացորդները՝ նրանց մեռած մարմինը կազմող օրգանական նյութերը վերածելով հումուսի։ Այս բակտերաներն անվանվում են քայքայողներ։ Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և քայքայման, և առաջացման գործընթացներին։
Կենսատեխնոլոգիա
Բակտերաները կարևոր նշանակություն ունեն նաև մարդու։ Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը։
Շատ բակտերիաներ փչացնում են սննդամթերքը։ Դրանց ազդեցությամբ վերջինս նեխում է, թթվում կամ դառնանում։
 
Փորձագետները նախազգուշացնում են բակտերիաների գլոբալ սպառնալիքի մասին
 

Առողջապահության ոլորտի փորձագետների միջազգային խումբը հանդես է եկել նախազգուշացմամբ, համաձայն որի՝ դեղանյութերի հանդեպ կայուն բակտերիաների տարատեսակները ժամանակակից բժշկության լրջագույն մարտահրավերներից են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փորձագետները միջազգային մակարդակով ջանքերի համակարգման կոչ են անում՝ այդ սպառնալիքի դեմ պայքարի համար: Նրանք առաջարկում են մասնավորապես նվազեցնել դեղատոմսով դուրս գրվող հակաբորբոքայինների թվաքանակը և դեղագործական ընկերությունների համար մշակել խթաններ՝ նպաստելու նոր դեղանյութերի արտադրությանը:
Հեղինակները կանխատեսում են, որ առանց հակաբորբոքայինների բժշկական միջամտության՝ տարբեր միջոցները՝ փոքր վիրահատությունից մինչև քաղցկեղի դեպքում կիրառվող քիմիաթերապիա, կլինեն միանգամայն անարդյունավետ, իսկ վարակներից մահացության մակարդակը զարգացած երկրներում կվերադառնա ХХ դարասկզբի ցուցանիշներին:
 
Զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների բնակության վայրի մասին
Անզեն աչքով անտեսանելի, սակայն վտանգավոր վիրուսներն ու բակտերիաները կարող են ձեզ սպառնալ ամենաանհավանական վայրերում, գրում է bigpicture.ru-ն:
 
1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:
2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:
3. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:
4. Մեր մաշկը օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:
5. Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:
6. Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:
7. Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:
8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:
9. Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:
10. հազի ժամանակ կամ փռշտոցի բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա:
  
 
 
Աղբյուրներ ՝