воскресенье, 1 марта 2015 г.

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ

 
1) Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:
2) Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում:
3) Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:
4) Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:
 
5) Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը:
6) Բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…
7) Հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:
8) Ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը. եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի եւ ապագան՝ այդքա՜ն անհույս ու անհավատալի:
9) Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:
10) Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը:
11) Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:
12) Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:
13) Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…
14) Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:
15) Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր
16) Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով:
17) Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:
18) Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:
19) Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:
20) Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:
21) Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:
22) Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
23) Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա:
24) Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:
 

Комментариев нет:

Отправить комментарий