воскресенье, 12 апреля 2015 г.

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել մ. թ. I դարում՝ Ասորիքից ու Կապադովկիայից: Առաջին քարոզիչները սբ Թադեոսն ու սբ Բարդուղիմեոսն են (նահատակվել են Հայաստանում): 301 թ-ին Տրդատ Գ թագավորը քրիստոնեությունը պաշտոնապես հռչակել է Հայաստանի պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է, գլուխը՝ կաթողիկոսը՝ եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց): Հայոց առաջին կաթողիկոսը Սբ Գրիգոր Ա Լուսավորիչն է (302–325 թթ.), Հայոց հայրապետական աթոռի ներկայիս 132-րդ գահակալը՝ Գարեգին Բ Ներսիսյանը (1999 թ-ից):

Մինչև 368 թ. Հայոց կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում, ապա՝ Պապ թագավորի կարգադրությամբ՝ Հայաստանում:

303 թ-ին Վաղարշապատ մայրաքաղաքում կառուցվել է Էջմիածնի Մայր տաճարը՝ Հայոց կաթողիկոսների գահանիստը, որը, սակայն, պատմական իրավիճակների թելադրանքով տեղափոխվել է Դվին (484–931 թթ.), Աղթամար (931–944 թթ.), Արգինա (944–992 թթ.), Անի (992–1065 թթ.), Ծամնդավ (1066–1105 թթ.), Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–16 թթ.), Ծովք (1116–49 թթ.), Հռոմկլա (1149–1292 թթ.), Սիս (1293–1441 թթ.) և կրկին՝ Սբ Էջմիածին (1441 թ-ից):

Հայ եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի, սրբազան ավանդության, Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.), Եփեսոսի (431 թ.) տիեզերական ժողովների, Հայ եկեղեցու ժողովների ու վարդապետների, եկեղեցու հայրերի հաստատած կանոնների և ուսուցումների վրա: Հայ առաքելական եկեղեցու առաջին բարենորոգիչ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ 356 թ-ի Աշտիշատի ժողովում ընդունվել են կազմակերպական, դավանական, ծիսական և այլ հարցերի վերաբերող որոշումներ:

Սահակ Ա Պարթև Հայոց կաթողիկոսի աջակցությամբ և Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ 405 թ-ին Մեսրոպ Մաշտոց վարդապետն ստեղծել է հայերենի այբուբենը: Հայագիր ու հայալեզու դպրոցի հիմնումը, աստվածաշնչյան գրականության թարգմանությունը մեծապես նպաստել են քրիստոնեության ամրապնդմանը և Հայ եկեղեցու ինքնության պահպանմանը:

Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները և՜ Վարդանանց, և՜ Վահանանց ազատագրական պայքարում (V դար) եղել են զինվորների ու ժողովրդի կողքին, ոգեշնչել նրանց ու նահատակվել «հանուն հայրենյաց և հավատքի» մղված պատերազմներում:

Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովի (451 թ.) ընդունած «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» («Մի Քրիստոս՝ երկու բնություն») դավանական բանաձևը, քանի որ այն հակասում էր սեփական աստվածաբանական ըմբռնումներին և եկեղեցու անկախության պահպանման ձգտումներին: Հայ եկեղեցին ընդունել է «Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» («Մեկ է բնությունը մարմին ստացած Աստծու խոսքի») Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի բանաձևը, իսկ Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի 554 թ-ի 2-րդ ժողովը բացեիբաց նզովել է Քաղկեդոնը և խզել հաղորդակցությունը կայսերական եկեղեցու հետ: 

Բյուզանդիան չի կարողացել իրեն ենթարկել Հայ եկեղեցին, սակայն հաջողության է հասել Վրաստանում. Վրաց Կյուրիոն կաթողիկոսն ընդունել է քաղկեդոնականություն, և 608 թ-ին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց: Մինչ այդ Վրաց եկեղեցին ճանաչում էր Հայ առաքելական եկեղեցու գահերեցությունը: Հայ եկեղեցու հոգևոր գերակայությունն ընդունել է նաև Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությունը, որը XIX դարի սկզբին ռուսական կառավարության որոշմամբ վերածվել է մետրոպոլիտության, իսկ նրա թեմերն անցել են Սբ Էջմիածնի ենթակայությանը:

VII դարում կառուցվել են Սբ Հռիփսիմե և Սբ Գայանե եկեղեցիները Վաղարշապատում, Զվարթնոցի տաճարը՝ Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք, Խոր վիրապը՝ Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդի տեղում, եկեղեցիներ՝ Դվինում, Տայքում և այլուր, բացվել են դպրոցներ: 

Արաբական տիրապետության շրջանում և հետագայում (մինչև XI–XII դարեր) Հայաստանի մի շարք գավառներում տարածվել են Պավլիկյան և Թոնդրակյան քրիստոնեական աղանդավորական շարժումները, որոնց դեմ անողոք պայքար է մղել Հայ եկեղեցին:

961 թ-ին Անին Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակվելուց հետո այստեղ է հաստատվել (992 թ.) նաև Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը: Այս շրջանում Հայ եկեղեցին բարգավաճել է. հիմնվել են դպրոցներ, մատենադարաններ, վանքերում բացվել են գրչության ու մանրանկարչության կենտրոններ, կառուցվել բազմաթիվ եկեղեցիներ, որոնցով հռչակված էր հատկապես Անին:

Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) հետո, սելջուկ-թյուրքերի տիրապետության շրջանում, Հայ եկեղեցին զրկվել է իր մշտական աթոռանիստից. կաթողիկոսները փոխել են նստավայրը, հաճախ ապաստանել Կիլիկիայում, ստեղծվել են հակաթոռ կաթողիկոսություններ Մարաշում, Աղթամարում: Աղթամարի կաթողիկոսությունը Հայոց ամենաերկարակյաց կաթողիկոսական հակաթոռն էր (1113–1895 թթ.):

Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում (XII–XIV դարեր) Հռոմի կաթոլիկ եկեղեցին փորձել է իր ազդեցության տակ առնել Հայ եկեղեցին՝ քաղաքական նպատակներով 2 եկեղեցիների միությանը հասնելու համար: Սակայն այդ դժվար պայքարում Հայաստանյայց առաքելական եկեղեցին կարողացել է պահպանել անկախությունը: 

Գլաձորում, Տաթևում, Հերմոնում, Որոտնավանքում, Հաղպատում, Սանահինում, Հռոմկլայում, Սսում, Դրազարկում և այլուր կառուցվել են եկեղեցիներ ու վանքեր, որոնց կից բացվել են դպրոցներ, վարդապետարաններ, համալսարաններ, ընդօրինակվել են ձեռագրեր, ստեղծվել գրականության և արվեստի արժեքավոր գործեր, գրվել պատմական, փիլիսոփայական, աստվածաբանական, բնագիտական, իրավագիտական բազմաթիվ երկեր:

Կիլիկիայի հայկական պետության անկումից (1375 թ.) հետո Սսի հայոց կաթողիկոսությունը կորցրել է քաղաքական հենարանը և տնտեսապես քայքայվել: Հովհաննես Հերմոնեցու և Թովմա Մեծոփեցու ջանքերով 1441 թ-ին գումարված Սբ Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսությունը վերահաստատել է Վաղարշապատում: Սբ Էջմիածնում վերահաստատված աթոռի առաջին գահակալ է ընտրվել Կիրակոս Ա Վիրապեցին (1441– 43 թթ.):

1446 թ-ին Կիլիկիայում հիմնադրվել է ինքնուրույն՝ Սսի կաթողիկոսությունը (այժմ՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո), որի առաջին կաթողիկոսը  (1446–77 թթ.) Կարապետ Ա Եվդոկացին էր: 1995 թ-ից Արամ Ա Քեշիշյանն է՝ 41-րդ գահակալը:

XV–XVI դարերում Հայ եկեղեցին ծանր ժամանակաշրջան է ապրել, որը տևել է մինչև Մովսես Գ Տաթևացու գահակալությունը (1629–32 թթ.): Նրա և հաջորդ կաթողիկոսների՝ Փիլիպոս Ա Աղբակեցու (1632–55 թթ.) ու Հակոբ Դ Ջուղայեցու (1655–80 թթ.) ջանքերով բարելավվել է Մայր աթոռի նյութական վիճակը, վանական միաբանական կյանքը, հիմնվել են դպրոցներ Սյունիքում, Վաղարշապատում, Վանա լճի Աղթամար, Լիմ ու Կտուց կղզիներում, Բաղեշի Ամրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր:

Ամենայն հայոց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (1763–80 թթ.) կարգավորել է եկեղեցական հասույթները օրինական կալվածագրերով, Վաղարշապատում հիմնել տպարան ու թղթի գործարան, հոգացել ուսումնական և մշակութային գործերը, կարգավորել Հայ եկեղեցու տոները:

1828 թ-ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ցարական իշխանությունը փորձել է նվազեցնել Հայ եկեղեցու դերը երկրում, միաժամանակ օգտագործել է Հայոց կաթողիկոսության հեղինակությունը՝ Ռուսաստանից դուրս բնակվող հայության վրա իր ազդեցությունը տարածելու համար: 1836 թ-ի հատուկ կանոնադրությամբ՝ «Պոլոժենիե»-ով, կանոնակարգել է կայսրության և Հայ եկեղեցու հարաբերությունները, միաժամանակ հնարավորություն ստացել ազդելու Մայր աթոռի վրա: Այն ուժը կորցրել է 1917 թ-ին՝ ցարիզմի անկումից հետո: 

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության և Թուրքիայում Հայ եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգվել է 1860 թ-ին ընդունված Ազգային սահմանադրությամբ (չի գործում 1915 թ-ից), որի որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են Թուրքիայի հայոց պատրիարքության և պետության հարաբերություններում: Նրա հիման վրա են կազմվել Կիլիկիայի կաթողիկոսության և նրա թեմերի կանոնադրությունները:

Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու (1843–57 թթ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս) գործունեությամբ սկիզբ առած Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային նոր վերելքը շարունակվել է XIX դարի ողջ ընթացքում. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու ջանքերով 1874 թ-ին Էջմիածնում բացվել են Գևորգյան ճեմարանը, թանգարանը, 1868 թ-ից լույս է տեսել Մայր աթոռի պաշտոնական «Արարատ» ամսագիրը, 1879 թ-ին կառուցվել է Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. ստեղծվել են գիտամշակութային, ուսումնակրթական մի շարք կենտրոններ ու հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում: 

Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանը (1892– 1907 թթ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի)՝ որպես Հայոց ազգային պատվիրակության ղեկավար, մեկնել է Արևմտյան Եվրոպա և փորձել ստանալ եվրոպական պետությունների դիվանագիտական աջակցությունը՝ Հայկական հարցի լուծման համար, մասնակցել է 1878 թ-ի Բեռլինի վեհաժողովին: Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայ դատին բևեռելու նպատակով Գևորգ Ե Սուրենյանցը (1911–30 թթ.) ստեղծել է Ազգային պատվիրակություն՝ հասարակական հայտնի գործիչ Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ:

Օսմանյան կայսրությունը 1915–23 թթ-ին՝ Հայոց ցեղասպանության տարիներին, նպատակամղված կոտորել է նաև հայ հոգևորականներին, ոչնչացրել քրիստոնեական մշակույթը, եկեղեցիներն ու վանքերը, կրթագիտական կենտրոնները: Թուրքական իշխանությունները Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանին աքսորել են Բաղդադ, ապա՝ Մոսուլ, իսկ Սսի կաթողիկոս Սահակ Բ Խապայանին՝ Բաբ (Հալեպի մոտ), ապա՝ Երուսաղեմ: Հայոց ցեղասպանության տարիներին նահատակվել են շուրջ 4 հզ. հայ հոգևորականներ:

1918 թ-ի մայիսին՝ Սարդարապատի հերոսամարտի օրերին, Մայրավանքի միաբան Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (1943–52 թթ-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյան), Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը և շատ ուրիշներ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում: Գևորգ Ե Սուրենյանցը ողջունել է Հայաստանի Հանրապետության (1918–20 թթ.) հռչակումը: 

1920 թ-ի վերջին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով ծանր պայմաններ են ստեղծվել Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար: Խորհրդային վարչակարգը հալածանք է սկսել եկեղեցու և կրոնի դեմ: 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին դպրոցն անջատվել է եկեղեցուց, իսկ 19-ին բռնագրավվել են Սբ Էջմիածնի վանքի շենքերը և ունեցվածքի մի մասը՝ Գևորգյան ճեմարանը (փակվել է 1921 թ-ի հունվարին), մատենադարանը, թանգարանը, տպարանը: 1921 թ-ի հունվարին Հայհեղկոմը որոշում է ընդունել Էջմիածնի Մայր տաճարի արժեքներն առգրավելու մասին, հուլիսին արգելվել է տպագրել եկեղեցական օրացույց: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի գահակալության տարիները (1932–38 թթ.) ստալինյան հակաեկեղեցական հալածանքների ամենածանր շրջանն էր: 1920-ական թվականներից սկիզբ առած վանքերի ու եկեղեցիների ավերումը նոր թափով վերսկսվել է 1930 թ-ին: ՀԽՍՀ-ում բռնադատվել է շուրջ 200 հոգևորական, շատերը գնդակահարվել են: 1938 թ-ի ապրիլի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հատուկ ծառայության գործակալները Վեհարանում սպանել են Խորեն Ա Մուրադբեկյանին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով որոշ չափով մեղմացել է խորհրդային վարչակարգի վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ: Կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ հանգանակություններ են կազմակերպվել «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Մասամբ վերականգնվել են եկեղեցու իրավունքները. 1944 թ-ից թույլատրվել են կաթողիկոսական ընտրությունները, հրատարակել «Էջմիածին» ամսագիրը, վերականգնել տպարանը, վերաբացել Էջմիածնի հոգևոր ճեմարանը: Գևորգ Զ Չորեքչյանի օրոք սկսվել է Մայր աթոռի վերազարթոնքը:

Վազգեն Ա Պալճյանի աթոռակալության շրջանում (1955–94 թթ.) Հայ եկեղեցին զարթոնք է ապրել: Վազգեն Ա-ն օրհնել է Հայոց նորանկախ պետականության ծնունդը (1991 թ-ի սեպտեմբերի 21): Նա առաջինն է արժանացել Հայաստանի Ազգային հերոսի կոչման (1994 թ.):

1995 թ-ի ապրիլի 3-ին Ամենայն հայոց հայրապետ է ընտրվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն (վերաօծվել է Գարեգին Ա Սարգիսյան):

Գարեգին Ա-ի առաջին ձեռնարկումներից էր Հայ առաքելական եկեղեցու՝ Հայաստանի թեմական կառուցվածքի վերափոխումը. նախկին 4 թեմի փոխարեն 1996 թ-ի մայիսին ստեղծվել են 8-ը, վերաբացվել կամ կառուցվել են նոր եկեղեցիներ: Վերելք է ապրել հոգևոր և կրթամշակութային կյանքը. Մայր աթոռում բացվել է Քրիստոնեական քարոզչության և դաստիարակության կենտրոնը, բարելավվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները, ուսանողների թիվն անցել է 100-ից (նախկին 40-ի փոխարեն), նորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը, Մայր աթոռի տպարանում հրատարկվել է քարոզչական, կրոնաճանաչողական, հայագիտական, գրական-պատմական շուրջ 100 անուն գիրք, ուսումնական լիարժեք կյանքով են գործում Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանը: 1995 թ-ի սեպտեմբերին, Գարեգին Ա-ի օրհնությամբ, հիմնվել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1996 թ-ի ապրիլին՝ Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը: 

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Երևանում կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը լույս է ընծայել «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը: Գարեգին Ա-ին հաջորդած Գարեգին Բ Ներսիսյանի օրոք (1999 թ-ի հոկտեմբերի 27-ից) պետությունը եկեղեցուն որպես սեփականություն հանձնել է 150-ից ավելի եկեղեցի ու վանք, հողային տարածքներ և շենքեր: 

Ազգային-եկեղեցական և Եպիսկոպոսաց ժողովներն ու Գերագույն հոգևոր խորհուրդը նախագահում է Ամենայն հայոց կաթողիկոսը, թեմական մարմինները՝ թեմակալ առաջնորդները, ծխականները՝ ծխերի հոգևոր հովիվները: 

Հայաստանյայց առաքելական եկեղեցու վարչական կառուցվածքը

 

ա. Ընդհանրական կաթողիկոսություն ամենայն հայոց (Սբ Էջմիածին),

բ. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան, կաթողիկոսանիստը՝ Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար),

գ. Երուսաղեմի հայոց պատրիարքություն (Երուսաղեմ, Իսրայել, աթոռանիստը՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք),

դ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն (Ստամբուլ, Թուրքիա, աթոռանիստը՝ Գում Գափուի Սբ Աստվածածին Մայր եկեղեցի),

ե. Թեմական առաջնորդություններ (ՀՀ-ում՝ 8, ԼՂՀ-ում՝ 1, արտերկրում՝ 22, Կիլիկիո աթոռ՝ 11),

զ. Հայրապետական պատվիրակություններ (3),

է. Վանական միաբանություններ,

ը. Համայնքային (ծխական) հովվություններ:

Հայ եկեղեցին ներկայացուցիչներ ունի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքությունում, Քենտրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսությունում:

 

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և վարչական իշխանության մարմիններն են՝

 

ա. Ազգային-եկեղեցական ժողով. գերագույն օրենսդիր մարմինն է, 

բ. Եպիսկոպոսաց ժողով. կանոնադիր մարմինն է,

գ. Գերագույն հոգևոր խորհուրդ. բարձրագույն գործադիր իշխանությունն է, 

դ. Թեմական պատգամավորական ժողով. թեմի բարձրագույն օրենսդիր մարմինն է, 

ե. Թեմական խորհուրդ. թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է, 

զ. Ծխական ժողով. համայնքի կամ ծխի անդամների ընդհանուր ժողովն է, 

է. Ծխական խորհուրդ. համայնքի կամ ծխի գործադիր վարչական մարմինն

Комментариев нет:

Отправить комментарий