понедельник, 29 сентября 2014 г.

ԱՄԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐժԱՆԻ Է ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ


Խուլիո Կորտասարի <<Փոքրիկ դրախտ>> պատմվածքում երկրի կառավարությունը օրենք էր հաստատել, որ երկրի՝ 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացու արյան մեջ պետք է ճանճի մեծության ոսկե ձկնիկներ ներարկեն, և քաղաքացիները դրանից երջանկանում էին։ Մարդիկ իրականում երջանկանում էին իրենց երևակայության շնորհիվ, որովհետև նրանք պատկերացնում էին, որ ոսկե ձկնիկները իրենց արյան մեջ զույգեր են կազմում և բազմանում։ Ոսկե ձկնիկները չէին կարող գոյատևել արյան մեջ և մահանում էին ու խցանում անոթները։ Այդպիսի դեպքերի համար մարդիկ իրենց տանը սրվակներ էին պահում։ Սրվակի պարունակության շնորհիվ մի քանի վայրկյանի ընթացքում մահացած ձկնիկը դուրս էր բերվում արյան միջից, և այլևս մարդկանց կյանքին վտանգ չէր սպառնում։ Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել էր քսան դոլար։ Յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում էր ամիսը երեք սրվակ օգտագործել։Կառավարությունը այսպես՝ ժողովրդին խաբելով, հարստանում էր։ Ցավոք, հաճախ այսպիսի կառավարության զոհ են դառնում ազգեր ու ժողովուրդներ։ Այն երկրներում, որտեղ կառավարությունը հետապնդում է անձնական շահեր, և մտածում   է սեփական գրպանները լցնելու մասին, խոսք անգամ չի կարող լինել երկրի զարգացման և ժողողվրդի բարօրության մասին։ Որպես կանոն, նման խաբեությունները տեղի են ունենում հետամնաց երկրներում, որտեղ, ժողովրդին պահելով զարգացածության ցածր մակարդակի վրա, կառավարությունը նրանց հաշվին լցնում է սեփական գրպանները։ Զարգացած երկրներում ժողովրդի ամեն մի ներկայացուցիչ անհատականություն է, ունի իրավունքներ, որոնք պաշտպանվում են հենց կառավարության կողմից։ Նման երկրներում ժողովուրդը իրեն պաշտպանված է զգում և վստահում է իր և իր ընտանիքի կյանքը կառավարության կողմից կայացված որոշումներին և օրենքներին։ Չի կարելի ասել, որ հետամնաց երկրների ժողովուրդն այնքան հիմար է, որ չի հասկանում իր խաբվածությունը։ Ժողովրդի զգալի մասը, հատկապես տվյալ ազգի խելացի զանգվածը, արտագաղթում է դեպի զարգացած երկրներ՝ անտեսելով սեփական զգացմունքները՝ կարոտը, հայրենի տունն ու լեզուն, բարեկամներին ու ընկերներին։ Սակայն կարծում եմ, որ ժողովուրդը ի զորու է փոխելու ազգի ճակատագիրը։ Դրա մասին են վկայում պատմության մեջ մեզ հանդիպած հեղափոխությունները։ Ինչպես ասում  է Հակոբ Պարոնյանը «Դու, ժողովուրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես, քու ձայնը Աստծո ձայնն է»։