понедельник, 5 марта 2018 г.

Հայկական կրթական համակարգը տանում է զոմբիացման


Կրթությունն ազատություն է:
 Պաուլո Ֆրեյրե

 Թ՛ե պետական դպրոցներում, և թ՛ե ԲՈՒՀ_ական համակարգում անձնական կարծիք, վերլուծություն և էլի մի քանի նման հասկացություններ զարմանք են առաջացնում։ 

 Երկար և խեղաթյուրված փաստերով դասագրքերն ու դասախոսությունները եղել և մնում են, մեզանում, կրթության միակ միջոցը։ 

суббота, 4 ноября 2017 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵԼԱՆԽՈԼԻԱ ԿԱՄ ՊԱՅՔԱՐ ԻՆՔԴ ՔՈ ԴԵՄ

Կյանքը պայքար է, իսկ պայքարը` կյանք: Այո պայքար, դա մի հզոր զենք է,  որը հաճախ օգտագործում ենք ինքներս մեր դեմ:


Անշուշտ, եթե դու մարդ ես, ուրեմն պայքարում ես քո  որոշ մտքերի, բնավորությունների, զգացմունքների և անգամ էության դեմ:


Մարդկային միտքն իրական կռվի դաշտ է, որտեղ մենամարտում են բազում հակասական մտքեր: Այդ մտքերը մարդու գործողությունների նախապատկերն են, և հենց այդ գործողություններից էլ կախված է մարդու կյանքի որակը: 

четверг, 8 июня 2017 г.

ՀՈԳԻ ԹԵ՞ ՄԱՐՄԻՆ




Իրականում և՛ հոգի, և՛ մարմին։ Լևոն Շանթի «Հին աստվածները» դրամայում վանահայրը կարծում էր, որ մարդը պետք է ճնշի իր մարմինը հոգու փրկության համար։ Նա աբեղային մեծացնում էր բույսի նման՝ քարոզելով, որ անտեսի ու ճնշի իր մարմնի բնազդները։ Վանահոր կարծիքով, եթե մարմինը ճնշված է, փոքրանում է մեղքեր գործելու հավանականությունը և մեծանում հոգու փրկության հավանականությունը։

Գուցե դա իրոք այդպես է, բայց եթե մարմինը ճնշված է, հոգին չի կարող այնտեղ իրեն լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։ Պատկերացրեք կոշիկ, որի չափսը փոքր է Ձեր ոտքի չափսից։ Այն ճնշում է Ձեր ոտնաթաթի ոսկրերը, դրանք ցավում են և Դուք Ձեզ լավ չեք զգում։

Իհարկե, երբ կոշիկը ցավեցնում է Ձեր ոտնաթաթը, Դուք չեք կարող ասել. «Ես ինձ լավ եմ զգում, ոտքերս ցավում են, բայց ես շատ լավ եմ»։ Ցանկացած ցավ և ճնշում ազդում են ամբողջ մարմնի վրա, և այսպես մարդը չի կարող իրեն լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։

Նույնպես էլ, երբ ազդում ենք մարմնի վրա՝ ճնշելով և անտեսելով նրա պահանջմունքները, հոգին թուլանում է, ինչպես մարդու ամբողջ մարմինն է թուլանում միայն ոտնաթաթի ոսկրերի ցավից և չի կարող պահպանել իր այսպես կոչված կատարյալ վիճակը։

Այսպես, հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակությունը կարող է ստեղծվել միայն երկուսի հանգիստ և չճնշված վիճակում։ Այսինքն՝ իմ խորին համոզմամբ պետք է կատարել և՛ հոգու, և՛ մարմնի պահանջներն ու ցանկությունները՝ իհարկե բարոյական արժեքների սահմաններում։

среда, 7 июня 2017 г.

《Հրեշտակներ》պարի դպրոց

《Հրեշտակներ》պարի դպրոցում սովորում են 3-13 տարեկան երեխաները։ Ուսումնասիրում ենք դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի, ժամանակակից ոճերի պարեր։
Հնգամյա կրթությունից հետո տրվում է վկայական։ Ընդունելությունը` ամեն ամսվա սկզբին` տաղանդավոր երեխաների համար։
Հասցե` Հարավ-Արևմտյան Բ1 թաղամաս, Ա.Բաբաջանյան փողոց, 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի, նոր դպրոց։
Հեռ.`093740117, 093740118։

пятница, 13 мая 2016 г.

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒՌԻՆԵՐԸ ՉԵՆ ԼԱԼԻՍ

Երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի սովորողների և դասավանդողների հետ ուղևորվեցի Ջավախք, չէի էլ կարող պատկերացնել, թե տեսողական ընկալիչներս ինչ պատվի կարժանանան  Ախլցխայում։

Նախ սկսեմ նրանից, որ Ջավախք ուղևորված առաջին օրը Ռաբաթ ամրոցը տեսա գիշերով և ինձ թվաց, թե այնտեղ՝ հեռվում, «Տասներկու պարող արքայադուստրերը»  մուլտֆիլմի դղյակն է լույսերի մեջ։  Այդ պահին սրտումս ավտոբուսից դուրս թռչելու և դեպի դղյակը վազելու անհագ ցանկություն առաջացավ։

Ցանկանում էի վազել այնտեղ և անվերջ պարել, ինչպես արքայադուստրերն էին պարում մուլտֆիլմում։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ դեռ չգիտեի, որ հաջորդ օրը ամրոցը կկարողանամ ներսից տեսնել, բայց ընկեր Հասմիկն ասաց, որ պատրաստվում ենք այցելել նաև այնտեղ։ Ես սկսեցի անհամբեր սպասել հաջորդ օրվան։
Ահա և եկավ այդքան երկար սպասված ժամանակը, և  ներս մտա ամրոցի դարպասներից։ Այդ ժամանակ մի քանի ժամով սավառնեցի դեպի իմ երազանքների աշխարհը։ Ի՜նչ շքեղություն, ի՜նչ գեղեցկություն։ Տեսողական զգայարաններս սկսեցին փայլել դղյակի շլացնող փայլից և սկսեցի արագ ուսումնասիրել ամրոցը, որպեսզի ոչ մի անկյուն անգամ բաց չթողնեմ։ Բառերով անհնար է նկարագրել այդ գեղեցկությունը։

Երբ տեսա այդ սպիտակ սյուները՝ տեղակայված սպիտակ մարմարի վրա…,  հրա՜շք։ Ամեն անգամ նմանատիպ վայրեր հեռուստացույցով տեսնելիս երազում էի գոնե մեկ րոպեով այնտեղ հայտնվել։ Ահա՝ վաղեմի երազանքս էլ իրականացավ։ Հետո տեսա մի փոքրիկ շատրվան։ Շատրվանը, չնայած  այդքան էլ մեծ ու շքեղ չէր, այնուամենայնիվ  չափազանց յուրահատուկ և գեղեցիկ էր։ Շատրվանի ջրերը խաղում էին քամու հետ, և այդ տեսարանը պարզապես չքնաղ էր։

Հաջորդ բանը, որ ինձ հիացրեց ամրոցի պարտեզն էր։ Ընդարձակ և կանաչ, պարզապես հիասքանչ էր։ Պարտեզում մի քանի ուռենիներ կային։ Հիշեցի այն լեգենդը ուռիների մասին, թե իբր նրանք լալիս են։ Գուցե ուռենիները հիմնականում լալիս են, բայց ո՛չ սրանք։ Ես տեսա, որ այս ուռենիները ոչ միայն չէին լալիս, այլև ժպտում էին ինձ և անդադար պարում  ինձ համար։ Մենք հասցրինք ընկերանալ։ Ես միշտ կհիշեմ նրանց ու նրանց հիասքանչ պարը և համոզված եմ՝ նրանք էլ ինձ կհիշեն։
Ռաբաթը կարծես մի փոքրիկ պատկեր լիներ՝ պոկված իմ երազների աշխարհից։

вторник, 12 апреля 2016 г.

Կռիվ ինքդ քո դեմ։ Ո՞վ կհաղթի, Ո՞վ կպարտվի։



Այո, պայքար, դա մի հզոր զենք է, որը հաճախ օգտագործում ենք ինքներս մեր դեմ։ Պայքարում չկան հաղթողներ և պարտվողներ։ Պայքարը ինքնըստինքյան մարդու չհաղթած վիճակի ապացույցն է։

Եթե մարդը պայքարում է, նա արդեն չի հաղթել, որովհետև գտնվում է պայքարի ընթացքի մեջ։ Հաղթանակը հոգեվիճակ է, որը ինչ-որ գործողության արդյունքում չի առաջանում։ Հաղթանակը վերապրում է։

Երանի այն անձանց, ովքեր հաղթանակ ունեն իրենց հոգիներում և չեն տանջվում պայքարի ահեղ ճիրաններում։ Հաղթանակի համար մարդ իր ներսում պետք է ունենա մտքի և հոգու ներդաշնակություն։

Լևոն Շանթի «Հին աստվածները» պիեսի գործող անձանցից աբեղան, վանահայրը և մնացածները, ովքեր չունեն այդ ներդաշնակությունը, դատապարտված են տանջվելու պայքարի անխնա ճիրաններում։

Ոմանց համար կյանքը պայքար է, ոմանց համար տառապանք, իսկ ոմանց համար էլ հաղթանակ։

Ապրենք հաղթանակած։