воскресенье, 12 апреля 2015 г.

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Ես այս անգամ որոշել եմ ձեզ պատմել իմ կրոնի մասին։ Այդ կրոնի անունը քրիստոնեություն է՝  այսինքն Քրիստոսի ուսմունքի հիման վրա է առաջացել։ Ես ձեզ կպատմեմ, թե ինչպես է ընդունվել քրիստոնեությունը, ինչպես է դարձել համաշխարհային կրոն և հետո ինչպես է բաժանվել ուղղությունների։ Լինելով մոլեռանդ քրիստոնյա՝ ասեմ, որ չեմ ընդունում քրիստոնեության ուղղություններից և ոչ մեկը։ Քրիստոսը աշխարհ եկավ, քարոզեց իր ուսմունքը, որի հիման վրա գրվել է Աստվածաշունչը և նա մեզ ընդամենը պատվիրել էր կարդալ Աստծո խոսքը և պահել այն։ Բայց ի՞նչ արեցին մարդիկ։ Նրանք սկսեցին մտածել, թե Քրիստոսը Աստված էր, թե՞ մարդ, իսկ գուցե երկուսը միասի՞ն։ Նրանք այդ մտածմունքների պատճառով հրավիրեցին տիեզերաժողովներ և քրիստոնեությունը բաժանեցին մասերի։ Բայց Տերը մեզ չեր պատվիրել մտածել իր բնության մասին և իր ուսմունքը, ըստ դրա, բաժանել ուղղությունների, նա ընդամենը պատվիրել էր հետևել Աստվածաշնչում գրվածներին։ Էլ չեմ ասում, որ այդ ուղղությունների հետևորդները սկսեցին միմյանց աղանդ համարել և ատել միմյանց, բայց Աստված մեզ պատվիրել էր սիրել բոլորին և անգամ մեր թշնամիներին։ Բացի այդ իմ կարծիքով մարդիկ այնքան տկար և փոքր են, որ որոշեն Հիսուսը Աստված է, թե մարդ։ Ավելի լավ է թող չխառնվեն իրենց չվերաբերվող գործերի մեջ։ Այսպիսով՝ քրիստոնեությունը Քրիստոսի ուսմունքն է, որը հետագայում մարդիկ չգիտես ինչու բաժանեցին ուղղությունների, չնայած, որ Աստված նրանց դա չէր պատվիրել:

Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն: «Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը: Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելըՔրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ (երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ: Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր` Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները: XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:

                                      ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                                                                  ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ

Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրն է Վատիկանը, որը 1929 թվականին ճանաչվեց որպես առանձին պետություն։ VIII դ. կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները՝ հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում ինքնիշխան պետություն։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է Ավինյոն (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական

օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներին պատժելու համար XIII դ. ստեղծվում է ինկվիզիցիան (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։

Հռոմը նաև փորձել է ամենատարբեր եղանակներով կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում՝ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միություն հաստատելու միջոցով, ապա՝ XIV դ. սկզբից՝ բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով։ Դա հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին։

XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվում է բացարձակապետություն, իսկ XIX դ. այն մտնում է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարում գոյություն ունենալուց։

Կաթոլիկ եկեղեցու ամբողջ համակարգը փոխվեց Վատիկանի II ժողովի ժամանակ: Այս ժողովի որոշումների համաձայն կարելի է ասել, որ պապական Հռոմի ամբողջ համակարգը գլխիվայր փոխվեց և ավելի արդիանականացվեց: Դրա օրինակ է հրաժարումն այն բանից, որ ծառայությունն անպայման կատարվի լատիներեն լեզվով:

Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանակն, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, նրա իշխանությունը ավելի բարձր է, քան Տիեզերական ժողովի իշխանությունը (լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ)։ Համարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը։ Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն փոխանցել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իրեն հաջորդող Հռոմի եպիսկոպոսների (իմա՝ պապերին), ուստի պապը երկրի վրա Աստծո տեղապահն է և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորը։ Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, դավանաբանական հարցերում անսխալ է (ըստ 186970 թվականի Վատիկանի I ժողովի պապի անսխալականության դոգմայի)։ Պապին կից գործում է կուրիան (վարչական մարմինը) և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է։ Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ)։ Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով՝ հավաքված կարդինալների թվից։ Կա կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ։ Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր։ Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը։ Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ)։ Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը։ Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են կարդինալներից։ Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ)։ Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ)։ Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ։ Կաթոլիկության գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են։ Կաթոլիկությունն ընդունում է քավարանի գոյությունը (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439 թվականին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը։ Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեցական խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին)։ Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան, սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեցական պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իրականացնողներ։ Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան, ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21), ընդունում է երկաբնակությունը և Քաղկեդոնի ժողովի հանգանակը։

                                                           ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆ

Ուղղափառության սահմանները և սահմանումը միշտ եղել են վեճի առարկա: Սակայն Ուղղափառության հիմնական չափանիշ է ճանաչվում Հիսուս Քրիստոսի և նրա առաքյալների ուսմունքի անփոփոխ պահպանումը և անշեղորեն հետևելը, ինչպես շարադրված է Աստվածաշնչում, սրբազան ավանդությունում, Հավատո հանգանակում, Ընդհանրական եկեղեցու գումարած տիեզերական ժողովների բանաձևերում, եկեղեցու հայրերի ուսուցումներում: 451-ի Քաղկեդոնի ժողովի հետևանքով Ընդհանրական եկեղեցու պառակտումից հետո եկեղեցիները կամ եկեղեցիների ընտանիքները, ունենալով տիեզերական ժողովների և եկեղեցու հայրերի սեփական ցանկեր, տարակարծիք են Ուղղափառության բնորոշման, ինչպես նաև դավան. որոշ բանաձևերի Ուղղափառության հարցում: Քրիստոնեական եկեղեցու հիմնական հավատալիքները, որոնք կազմում են նրա դավանանքը, բանաձևվել են երեք տիեզերերական ժողովների՝ Նիկիայի   տիեզերական ժողովի 325, Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովի 381, Եփեսոսի տիեզերական ժողովի 431 վճիռներով: Այն բոլոր եկեղեցիները, որոնք ընդունել են երեք տիեզեր. ժողովների հաստատած հավատամքը՝ Հոր և Որդու համագոյությունը,  Սուրբ Հոգու Աստվածությունը, Ս. Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները, ս. Կույսի Աստվածածին կամ Աստվածամայր լինելը, ճանաչվում են ուղղափառ եկեղեցիներՈւղղափառությունը բնութագրում է տեղական ինքնավար, ազգային եկեղեցիների կամ արևելաքրիստոնեության երկու խոշոր ընտանիքներին՝ Արևելյան ուղղափառ եկեղեցիներ (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, Ասորի ուղղափառ եկեղեցի, Եթովպական ուղղափառ եկեղեցի, Ղպտի ուղղափառ եկեղեցի, Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցի) և Ուղղափառ (օրթոդոքս) կամ երկաբնակ (քաղկեդոնիկ) եկեղեցիներ: Վերջիններս կոչվում են նաև հունադավան, քանի որ ծագում են Հույն կամ բյուզ. եկեղեցուց (տես Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն), ունեն նույն եկեղեցական ավանդությունը, արարողակարգը և համանման կանոնական կառույցը: Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներն այսօր իրենց մեջ պարփակում են ազգային ավանդություններ, լեզուներ և յուրահատկություններ: Սակայն նրանք բոլորն էլ ունեն միևնույն պատմական սկիզբը, այն է՝ բյուզանդական Ուղղափառ քրիստոնեությունը: Ընդհանրական եկեղեցական կազմակերպություն մեկ եկեղեց. կենտրոնով (ինչպես Վատիկանը Կաթոլիկ եկեղեցու համար) Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները չունեն:

                                                           ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգների ժխտումը և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։

Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սխոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շերտավորումների հետևանքով։

Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայածել է 1517 թ.։ Նա բացեբաց և զայրագին կերպով դատապարտեց ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխեց 95 իր դիրքորոշում արտահայտվող թեզիսներ։ Բողոքական առաջին եկեղեցիներից է լյութերական, անգլիկան և վիկլիֆական եկեղեցիները: Դասական աստվածաբանությունը կազմում է բողոքականության ինքնատիպ մի «ուղղափառություն» ու իր մեջ ներառում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը:

Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է Quinque sola սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ միայն»: Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին Quinque sola դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը:Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի: Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից:Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն Հիսուսի, այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը: Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով: Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է Սուրբ Հոգու հավատացյալների սրտերում:Յուրաքանչյուր հավատացյալ սկզբունքորեն իրավունք ունի վերլուծել ու մեկնաբանել Աստծո խոսքը:Բողոքականության դասական աստվածաբանությունը շարադրված է Ռեֆորմացիայի հետևյալ դավանաբանական փաստաթղթերում՝ 1563 թվականին Գեյդելբերգյան Վարդապետություն (Գերմանիա), 1580 թվականին Գիրք Համաձայնության (Գերմանիա), 1618-1619 թվականներին Դորդրեխտյան սինոդի կանոններ (Դորդրեխտ, Նիդերլանդներ), 1643-1649 թվականներ Հավատքի վեսթմինստերյան խոստովանություն (Վեսթինիստերյան աբբայութթյուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա):Բողոքական աստվածաբանության հիմնադիրներն են Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, Ու. Ցվինգլին, Ֆ. Մելանհտոն:

                                        ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Արևելյան հնագույն եկեղեցիներ, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել առաջին երեք տիեզերական ժողովներում։ Ընդունելով միայն երեք տիեզերական ժողովների դավանանքային վճիռները՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Սուրբ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, դավանելով միաբնակությունը (մոնոֆիզիտիզմ), մերժում են եվտիքեսությունը  նեստորական և քաղկեդոնական երկաբնակությունը (դիոֆիզիտիզմ), կանգնել են դավանական այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզերական ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով։

Արևելյան հնագույն եկեղեցիներն են՝



Եթովպական Ուղղափառ Թեվահիդո Եկեղեցին (առանձնացած Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց),



Էրիթրեական Ուղղափառ Թեվահիդո Եկեղեցին (առանձնացած Եթովպական Ուղղափառ Թեվահիդո Եկեղեցուց):

Աղբյուրներ՝
 
 
http://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6



Комментариев нет:

Отправить комментарий