среда, 31 декабря 2014 г.

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կենսբանությունը գիտություն է կյանքի մասին՝ իր բոլոր դրսեվորումներով։ Կենսաբանությունը ուսումնասիրում է երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմներին, որոնք են բույսերը, կենդանիները, բակտերիաները, սնկերը, վիրուսները և իհարկե մարդը։ Իհարկե այսքան ժամանակ ոչ ոք՝ ոչ փիլիսոփաները, ոչ էլ կենսաբնները չեն կարողացել տալ կյանքի հստակ սահմանումը։ Միայն Էնգելսը մոտ 100 տարի առաջ ասել է, որ կյանքը դա սպիտակուցային մարմինների գոյության ձևն է։ Սակայն ըստ մեզ այս սահմանումը թերի է, որովհետև ճիշտ է կենդանի օրգանիզմներում սպիտակուցների մոլեկուլների քանակը գերակշռում է, սակայն պետք է հիշել, որ կենդանի օրգանիզմներում կան նաև ածխաջրեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, բազմաթիվ մակրո, միկրո և ուլտրամիկրոտարրեր, որոնք չափազանց կարևոր են կենդանի օրգանիզմների գոյության համար և առանց դրանց կենդանի օրգանիզմները գոյություն ունենալ չէին կարող։ Հիմա հնարավոր է առանձնացնել միայն որոշ հատկանիշներ կամ չափանիշներ, որոնց միջոցով կենդանի օրգանիզմները կարող ենք տարբերել անկենդան մարմիններից։ Կենսաբանությունը հնագույն գիտություններից է։ Դեռ  շատ վաղուց մարդիկ սկսել են ուսումնասիրել կենդանի օրգանիզմներին, որպեսզի իրենց համար պարզաբանեն կյանքի առեղծվածը, սակայն դեռևս դա ոչ ոքի չի հաջողվել։ Կենսաբանությունը որպես համակարգված գիտություն ձևավորվել է Հին Հունաստանում, այնուհետև Հին Հռոմում։ Այս ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մի շարք բույսեր, կենդանիներ և նաև մարդու մարմինը։ Երկրորդ դարում Գալենը նկարագրել է մարդու մարմնի ներքին կառուցվածքը, սակայն նա մեծ թվով սխալներ է թույլ տվել, որովհետև նա այն նկարագրել էր կապիկների և խոզերի դիահերձումների հիման վրա։ 4-6րդ դարերում հայ գիտնականները տեղեկություններ են տվել մարդկանց, բույսերի և կենդանիների կառուցվածքի ու զարգացման մասին։ Ագաթանգեղոսը դասկարգել է բույսերը։ Եզնիկ Կողբացին նկարագրել է  մի շարք կենդանիների բնազդը և մարդու ժառանգականության երևույթը։ Ղազար փարպեցին ճշտգրտորեն նկարագրել է Հայաստանի բույսերն ու կենդանիները։ Դավիթ Անհաղթը մարդուն բնորոշել է որպես «ուղղորդագնաց էակ»։ 12-րդ դարում Մխիթար Հերացին կամ Մեծ Մխիթարը բնութագրել է շատ հիվանդություններ և դրանց բուժման եղանակները։ Նաև այն բույսերը, որոնց օգնությամբ բուժվում են այդ հիվանդությունները և նա համարվում է հայոց բժշկապետ։ Գրիգոր Տաթևացին, ով Տաթևի համալսարանից էր, բացատրել է, թե ինչու ամռանը և ձմռանը բույսերը չեն ծլում, նկարագրել է, թե ինչպես են առաջանում համը, հոտը, գույնը։ Նա խմբավորել է Հայաստանի բույսերը, կենդանիները, ձկները։ «Կենսաբանություն» տերմինը միմյանցից անկախ առաջարկել են ֆրանսիացի գիտնական ժ․ Լամարկը և գերմանացի գիտնական Գ․ Տրեիրանուսը, 1802 թվականին։ Կենսաբանությունը ծագել է Հին Եգիպտոսում ու Հին Հունաստանում և սկսել զարգանալ բժշկագիտության վերելքի շնորհիվ։ Կենսաբանության զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները։ Բուսաբանական առաջին հետազոտությունները նպատակ ունեին պարզելու բույսերի դեղորայքային հատկությունները։ Կենսաբանությունն առանձնակի վերելք է ապրում մանրադիտակի ստեղծումից հետո, որի օգնությամբ կատարված ուսումնասիրություններով հաստատվեց կենդանական և բուսական օրգանիզմների բջջային կառուցվածքը։ Նշված աշխատանքները սաղմնաբանության մեշ հանգեցրին 2 սխալ ուղղությունների, որոնցից մեկը՝ օվիստները, պնդում էին, թե ապագա օրգանիզմի պատրաստի սաղմերը տեղավորված են ձվաբջջում, մյուսը՝ անիմալկուլիստները, առաջնությունը տալիս էին սպերմատոզոիդին։
17-18-րդ դարերում կենդանաբանությունը և բուսաբանությունը շարունակում էին զարգանալ նկարագրական ուղղությամբ, և անհրաժեշտություն է առաջանում դասակարգել կուտակված փաստերը։ Վիլհելմ Լեյբնիցը կանխագուշակում է կենդանիների և բույսերի միջև միջանկյալ փոխանցիկ ձևերի գոյությունը։ Բյուֆոնը փորձում է օրգանիզմների մոտ ձևերի առկայությունը բացատրել մեկը մյուսից առաջանալու փորձով։ Նա հնարավոր էր համարում մի տեսակի վերափոխումը մի այլ տեսակի՝ կլիմայի, հողի, ջրի, սննդի ազդեցությամբ։ Բուսական աշխարհի լավագույն արհեստական դասակարգումը կատարեց կենսաբանություն Լիննեյը։ Գիտնականների մի խումբ այդ ժամանակաշրջանում հայտնագործեց բույսերի գազափոխանակության և ֆոտոսինթեզի պրոցեսը։ Միաժամանակ ցույց տրվեց, որ բույսերի կողմից ֆոտոսինթեզի ժամանակ անջատված թթվածինը ծառայում է կենդանիների շնչառությանը, իսկ անջատված ածխաթթու գազը՝ ֆոտոսինթեզին (Ջոզեֆ Պրիստլ, Յան Ինհենհաուզ, Ժան Սենյեբե)։ Ժան Լամարկը նպատակադրվեց ստեղծել էվոլյուուցիոն ուսմունք, որը շարադրեց «Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատությունում (1809)։ Մակայն Լամարկը օրգանիզմների պատմական զարգացումը վերագրում էր դեպի պրոգրեսը նրանց ունեցած «ներքին ձգտմամբ»։
էվոլյուցիոն մտքի ամրապընդման հարցում կարեվոր է նաև Թեոդոր Շվանի մշակած բջջային տեսությունը, որը հաստատում է կենդանական և բուսական օրգանիզմների կառուցվածքի ընդհանրությունը։ Նշված աշխատանքներին հետևում է Լուի Պաստյորի հայտնաբերած միկրոօրգանիզմների խմորող ունակությունը, ինչպես նաե անմիջական մասնակցությունը վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման մեջ։ Մանրէաբանության կարևոր նվաճումներից էր Ալեքսեյ Վինոգրադովի քեմոսինթեզի, ապա Դմիտրի Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը, որոնց հետագա ուսումնասիրությունները հիմք հանդիսացան նոր գիտության՝ վիրուսոլոգիայի համար։
19-րդ դարի առավել նշանավոր է դառնում կենսաբանության մեջ մեծ հեղաշրջում առաջացնող նոր ուսմունքի՝ դարվինիզմի ձևավորումով։ Չարլզ Դարվինն իր էվոլյուցիոն ուսմունքը շարադրեց «Տեսակների ծագումը» մենագրության մեջ, որտեղ որպես զարգացման ներքին գործոն ընդունում էր բնական ընտրությունը։ Այս տեսությունը հետագայում ամրապնդվեց կենսաբանությյան նորագույն ուղղությունների՝ համեմատական անատոմիայի (կենսաբանություն Հեգենբաուեր), էվոլյուցիոն սաղմնաբանության (Ալեքսանդր Կովալևսկի), հնէաբանության (Վլադիմիր Կովալևսկի) տվյալներով, որոնք հարուստ փաստական նյութ կուտակեցին օրգանիզմների էվոլյուցիոն զարգացման մասին։
20-րդ դարում դառնում է էվոլյուցիայի դրսևորման մյուս կողմի՝ ժառանգականության բնույթի պարզաբանման ժամանակաշրջան։ Գրիգոր Մենդելի և Թոմաս Մորգանի հետազոտությունները գենետիկայի բնագավառում, ապա ԴՆԹ-ի հայտնագործումը քրոմոսոմներում, հաստատեցին ժառանգականության գենային բնույթը, ինչպես նաև քրոմոսոմների, վիրուսների և ֆազերի նուկլեոպրոտեիդային բնույթը։ Մեծ թափ են ստանում կենսաքիմիան, բույսերի, կենդանիների ֆիզիոլոգիան, որոնք հնարավորություն են ստեղծում պարզելու ֆոտոսինթեզի քիմիական բնույթը, կենսական պրոցեսների կարգավորիչների՝ հորմոնների հայտնաբերումը և օրգանիզմի վրա նրանց ունեցած ազդեցության մեխանիզմը։ Նոր հիմքերի վրա են դրվում օրգանիզմների անհատական զարգացման պրոցեսների, նրանց ղեկավարման և ուսումնասիրության հարցերը
 Ժամանակակաից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ.
1)բջջային տեսություն, բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը,
3)գենային տեսություն, գենը համարվում է ժառանգականության հիմքը,
4)էներգիա,
5)հոմեոստազ։
ԲՋՋԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին: Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Դրանք նա անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: 1680 թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզ։ 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ։
Կուտակված փաստանյութերի վրա Շլեյդենը և Շվանը 1838-1839 թվականներին ձևակերպեցին բջջային տեսությունը, որը հետագայում զարգացրեց Վիրխովը։ Այժմյան բջջային տեսության հիմնադրույթները կայանում են հետևյալում՝ բոլոր օրգանիզմները կազմված են բջիջներից (բացառությամբ կյանքի ոչ բջջային ձևերի՝վիրուսների), և որ բջիջը կյանքի ձևերի համար հանդիսանում է կառուցվածքային, ֆունկցիոնալ, գենետիկական տարրական միավորը։ Բույսերի և կենդանիների աճման հիմքում ընկած է բջիջների բազմացումը, նոր բջիջներն առաջանում են նախորդ բջիջների կիսման հետևանքով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է ցիտոպլազմայից, կորիզից և բջջաթաղանթից։ Բջիջը միջավայրից կլանում է նյութեր և էներգիա, վերափոխում և օգտագործում է իր կենսագործունեության համար։ Բջջում պահպանվում, իրագործվում և դուստր բջիջներին է փոխանցվում գենետիկական ինֆորմացիան։ Կան օրգանիզմներ, որոնք կազմված են մեկ բջջից և ինքնուրույն են։ Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն իրենց հատուկ ֆունկցիան և առաջացնում են հյուսվածքներ։ Հյուսվածքներից կազմավորվում են օրգանները, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և կարգավորում են հումորալ և նյարդային համակարգերի միջոցով։
Ներկայումս հաստատված է, որ բոլոր բջիջները միանման պահպանում են գենետիկական ինֆորմացիան, որն օգտագործում են սպիտակուցի սինթեզի համար, պահպանում ու փոխանցում են էներգիան, որը վերափոխում են աշխատանքի, կարգավորում են նյութափոխանակությունը, բջջային կազմության շնորհիվ օրգանիզմը դիսկրետ է և ամբողջական: Օրգանիզմի մասնատումը առանձին փոքր կառուցվածքային միավորների ստեղծում է հսկայական մակերես, որում ընթանում են նյութափոխանակության գործընթացները:
Կառլ Բերը հայտնաբերեց ձվաբջիջները և ձևակերպեց այն դրույթը, որ բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն իրենց զարգացումը սկսում են մեկ բջջից՝ զիգոտից։

ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: 
Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:
Էվոլյուցիոն պատկերացումների ակունքները հին են: Սակայն XV–XVIII դարերում, աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ, կուտակված կենդանական և  բուսական աշխարհների բազմազանության մասին փաստացի նյութերը միայն հնարավորություն ընձեռեցին հետազոտել կենդանական ու բուսական օրգանիզմների նման և տարբեր հատկանիշները:
Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:
Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշտգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ  են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է: 
Երկրի վրա կյանքի ծագման վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, սակայն գիտնականները դրանցից ամենահավանականն են համարում Ա․Ի․Օպարինի վարկածը։  Համաձայն այդ վարկածի կյանքը առաջացել է անօրգանական նյութերց։ Ինչ-որ ժամանակ բոլոր մոլորակները, այդ թվում Երկիրը եղել են շիկացած մարմիններ։ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը աստիճանաբար իջել է մինչև 100 աստիճան և երկրագունդը սկսել է սառչել։ Այդ ժամանակ քիմիական տարրերը վերադասավորվել են, ավելի թեթևները դասավորվում են մակերևույթում, իսկ ծանրները ընդերքի տարբեր շերտերում։ Այսպես առաջացավ առաջնային մթնոլորտը՝ բաղկացած տարբեր գազերից։ Ջերմաստիճանի հետագա նվազման հետևանքով առաջացած ջրային գոլորշիները խտանում են և վերածվում տաք անձրևաջրերի, որոնք տեղում են երկրի մակերևույթին։ Այսպես տարիների ընթացքում ձևավորվում են ծովերն ու օվկիանոսները։ Առաջնային մթնոլորտում տեղի ունեցող հզոր էլեկտրական պարպումների, ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության հետևանքով օվկիանոսի քիմիական տարրերի միջև տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնց արդյունքում առաջանում են օրգանական միացություններ։ Ըստ Օպարինի կյանքի ծագման առաջին քայլը եղել է անօրգանական նյութերից օրգանական նյութերի աբիոգեն(ոչ կենսաբանական) սինթեզը։ Երկրորդ քայլը, ըստ Օպարինի վարկածի օրգանական նյութերի կենտրոնացումն է կոացերվատների ձևով։  Կոացերվատները ընդունակ են կլանել զանազան նյութեր, մեծանալ չափսերով, շրջապատող միջավայր արտազատել ռեակցիայի արդյունքները։ Այս ամենը նման է սնման, աճման, նյութափոխանակության գործընթացներին։ Կոացերվատները մեծանում են, և կիսման եղանակով առաջացնում են դուստր կոացերվատներ։ Այսպես առաջանում են միաբջիջ օրգանիզմները՝ ձեռք բերելով բազմանալու, իրենց նմաններին վերարտադրելու հատկություն։ Ըստ Օպարինի սա կայնքի ծագման երրորդ կարևորագույն փուլն է։
Ընդունեք, որ այս հեքիաթը շատ հետաքրքիր է, սակայն եթե այն հետաքրքիր է չի նշանակում, որ հավաստի է։ Յուրաքանչյուր զարգացած երևակայություն ունեցող մարդ կարող է նմանատիպ հեքիաթներ հնարել, սակայն կյանքի առեղծվածը երբեք ոչ ոք չի կարող բացահայտել։ մենք քրիստոնյա ենք և իհարկե պաշտպանում ենք աստվածաշնչյան տեսակետը։ Ըստ մեզ երանելի են այն մարդիկ, ովքեր չեն տանջվում և մտածում, թե ինչպես առաջացավ կյանքը և, թե որտեղից են իրենք։ Իսկ մենք գիտենք, որ ոչ կապիկից ենք առաջացել, ոչ էլ կոացերվատներից։ Մեզ Աստված է ստեղծել․ սա է միակ տրամաբանական պատասխանը։
Էվոլյուցիայի գլխավոր ուղիների հիմնահարցի մշակման մեջ նշանակալի ներդրում են կատարել ռուս մեծ գիտնականներ Ա․Ն Սևերցեվը և Ի․Ի Շմալհաուզենը։ Նրանք հաստատեցին, որ էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են արոմորֆոզները, իդիոադապտացիաները և ընդհանուր դեգեներացիաները։
Ըստ նրանց արոմորֆոզի օրինակ է մեր հնագույն նախնիներից՝ պրիմատներից մարդու առաջացումը կամ խռիկային և թոքային շնչառության առաջացումը։ Սակայն ըստ իս սա կատարյալ զառանցանք է։ Ինչպե՞ս կարող է կապիկը վերածվել այնպիսի կատարյալ էակի ինչպիսին մարդն է։ Ես քրիստոնիա եմ և պաշտպանում եմ աստվածաշնչյան այն տեսակետը, որ Աստված է ստեղծել մարդուն և ամբողջ աշխարհը վեց օրում։ Մենք պարզապես չենք կարող հավատալ Սևերցեվի, Շմալհաուզենի, Օպարինի, Դարվինի և այլոց ցնդաբանություններին, որոնք ասում էին թե իբր շատ հանկարծակի կամ էլ պատահական ոչնչից առաջացավ ամեն ինչ։ Բացի այդ կապիկի կարիոտիպում կա 24 քրոմոսոմ, իսկ մարդունում՝23։  Եթե Շմալհաուզենը և Սևերցեվը ճիշտ լինեին կնշանակեր, որ մարդը մուտացիայի ենթարկված կապիկ է։ Իսկ արդյո՞ք դա չի վիրավորում ձեր ինքնասիրությունը։  

ԳԵՆԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գեն (հին հունարեն γένος՝ ծագում), կենդանի օրգանիզմների ժառանգականության, կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ «Գեն» տերմինը մտցվել է 1909 թվականին դանիացի բուսաբան Վիլհելմ Յոհանսենի կողմից։ Գենը իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի հատված, որը իր մեջ պարունակում է ինֆորմացիա սպիտակուցի առաջնային կառուվածքի կամ ֆունկցիոնալ ՌՆԹ-ների կառուցվածքի մասին։ Գեների տարբեր ալելները որոշում են կենդանի օրգանիզմների ժառանգական հատկանիշները, որոնք բազմացման միջոցով ծնողներից փոխանցվում են ժառանգներին։ Միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ գտնվող ԴՆԹ-ն իր հերթին որոշում է նրանց համապատասխան հատկանիշները և չի մտնում օրգանիզմի գենոմի կազմի մեջ (ցիտոպլազմային ժառանգականություն)։
Գենետիկայի վերաբերյալ առաջին ենթադրություններն արվել են շատ վաղուց: Դրանք հիմնված էին ընտանի կենդանիների, բույսերի և մարդկանց զանազան դիտումների վրա: Դեռ այն ժամանակ մարդը որոշակի ընտրություն էր կատարել տեսակի ներսում՝ վերարտադրման համար առանձնացնելով առավել արժեքավոր հատկանիշներ ունեցող կենդանիներ և բույսեր: Նման պարզունակ ընտրությունը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր ընտանի կենդանիների և մշակաբույսերի մեծ թվով տեսակներ:
Ժառանգականության և փոփոխականության վերաբերյալ առաջին գիտական աշխատանքը հրատարակվել է 17-րդ դարում, որտեղ գերմանացի բուսաբան Կամերարիուսը եզրակացրել էր, որ կենդանիների նման բույսերն էլ ունեն սեռ, և բույսի 1 տեսակի փոշոտումը մյուսի ծաղկափոշով կարող է հանգեցնել միանգամայն նոր տեսակների առաջացման: 18-րդ դարի սկզբներին նկարագրվեցին առաջին այդպիսի հիբրիդները:
Մենդել և դասական գենետիկա
1865 թվականին ավստրիացի հոգևորական Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից ձևակերպված` ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի օրենքներ անվանումը։ Կենդանության օրոք նրա աշխատանքները հայտնի չէին և արժանանում էին սուր քննադատության (քանի որ գիշերային գեղեցկուհու վրա կատարված նմանատիպ փորձերը չէին հաստատում Մենդելի ներկայացրած օրինաչափությունները)։ Հետագայում նշված օրինաչափությունները կոչվեցին Մենդելի օրենքներ: Չնայած Մենդելը ոչինչ չգիտեր բջջում ժառանգական գործոնների տեղադրության, քիմիական բնույթի և որևէ հատկանիշի վրա ազդելու մեխանիզմի մասին, բայց այդ գործոնների՝ որպես ժառանգականության միավորների մասին ուսմունքը դարձավ գենի տեսության հիմքը, իսկ հատկանիշի ժառանգման գենետիկական վերլուծության մեթոդը՝ գենետիկի հիմնական մեթոդ:
20-րդ դարի սկզբներին Մենդելի օրենքները, որոնք անհասկանալի էին ժամանակակիցներին, «վերահայտնաբերեցին» մի շարք կենսաբաններ, որի համար գենետիկայի պաշտոնական սկզբնավորումը համարվում է 1900 թվականը, իսկ 1906-ին Բեյթսոնի առաջարկով ժառանգականությունը և փոփոխականությունն ուսումնասիրող գիտությունը կոչվեց գենետիկա: Դեռ 1900-ականների սկզբում Հյուգո դը Ֆրիզը հաստատել էր, որ ժառանգական հատկանիշները փոխվում են թռիչքաձև, և առաջարկել էր մուտացիաների տեսությունը: Հետագայում Մորգանը և ուրիշները ապացուցեցին, որ գեների հիմնական կրողները քրոմոսոմներն են, որոնք ձողիկանման (կամ թելանման) գոյացություններ են բջիջների կորիզներում, և գեները քրոմոսոմի վրա տեղադրված են գծային կարգով:
Մոլեկուլային գենետիկա
1944 թվականին հաստատվեց, որ ժառանգական հատկանիշների փոխանցումը կատարվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի՝ ԴՆԹ միջոցով, որից հետո սկսվեց մոլեկուլային գենետիկայի բուռն զարգացումը: 1953-ին ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը վերծանեցին ԴՆԹ-ի կառուցվածքը, որը հնարավորություն տվեց հասկանալ վերջինիս ինքնավերարտադրման ու սերունդներին ծնողական գեների փոխանցման մեխանիզմը: Այնուհետև հայտնաբերվեց գենետիկական կոդը, որի օգնությամբ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածներում (գեներում) «ծածկագրված» են տեղեկություններ այդ գենի հսկողությամբ առաջացող սպիտակուցի կառուցվածքի վերաբերյալ:
Մեծ նշանակություն ունեցավ բակտերիաների արտաքրոմոսոմային ժառանգականության հայտնաբերումը, որը պայմանավորված է հատուկ գործոններով՝ պլազմիդներով: Դա առանձնապես կարևոր էր, քանի որ մարդու և կենդանիների համար բակտերիաների վնասակարությունը (ախտածնությունը) պայմանավորող գեներ հայտնաբերվեցին ոչ միայն քրոմոսոմներում, այլև այդպիսի պլազմիդներում:
Մարդու գենետիկա
Մարդու մասին գիտության՝ մարդաբանության առանձին բաժիններում սկսեցին օգտագործել գենետիկի այն բնագավառի մեթոդներն ու փաստացի տվյալները, որը վերաբերում էր մարդու ժառանգականության ու փոփոխականության ուսումնասիրմանը, որն էլ կոչվեց մարդու գենետիկա:
Մարդու արդի գենետիկան սկզբնավորվել է 19-րդ դարի վերջերին: 1875-ին անգլիացի գիտնական Գալթոնն առաջարկեց մարդու առանձին հատկանիշների զարգացման գործում ժառանգականության և միջավայրի նշանակության որոշման համար ուսումնասիրել դրանց կազմավորումը երկվորյակների օրգանիզմներում: Գենետիկական օրինաչափությունների հետազոտման այդ մեթոդը կոչվեց երկվորյակային: 1908-ին առաջին անգամ նկարագրվեցին նյութափոխանակության ժառանգակյան հիվանդությունները, և ձևակերպվեց մարդու պոպուլյացիոն գենետիկան, որն ուսումնասիրում է զեների կառուցվածքն ու դինամիկան մարդկանց սահմանափակ (աշխարհագրական, էթնիկական, սոցիալական և այլն) խմբերում՝ պոպուլյացիաներում:
20-րդ դարի 20-30-ական թվականներ սկսեցին ուսումնասիրվել մարդու օրգանիզմում տեղի ունեցող մուտացիաները, առաջարկվեցին դրանց առաջացման հաճախականության գնահատման անուղղակի մեթոդներ: Մարդու գենետիկայի բնագավառի հետազոտությունները ցույց տվեցին, որ հատկանիշների ժառանգականությունը և փոփոխականությունը, մարդկանց բազմազանությունը կապված են ինչպես նրանց ժառանգական նախադրյալների, այնպես էլ գոյության պայմանների (սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, մշակութային և այլն) հետ: Հաստատվեց, որ ժառանգականությունն ունի կարևոր, բայց ոչ բացառիկ նշանակություն մարդու հոգեկան, այդ թվում՝ մտավոր ունակությունների որոշման գործում, որոնց վրա զգալիորեն ազդում են շրջակա միջավայրը և սոցիալական պայմանները (դաստիարակություն, կրթություն, աշխատանքային գործունեություն, հասարակության, կոլեկտիվի ազդեցություն և այլն):
20-րդ դարի 50-ական թվականներին, ընդհանուր և ճառագայթային գենետիկայի առաջընթացի հետ կապված, ավելի ինտենսիվացան մարդու գենետիկայի բնագավառի հետազոտությունները: 1956-ին հաստատվեց քրոմոսոմների ճշգրիտ թիվը (46), իսկ 1959-ին պարզեցին մարդու քրոմոսոմային հիվանդությունները (առաջիններից մեկը Դաունի հիվանդությունն էր, որի դեպքում մարմնի բոլոր բջիջների 21-րդ զույգում հայտնաբերվեց ավելորդ քրոմոսոմ):
Գենետիկան Հայաստանում
ՀՀ-ում գենետիկայի բնագավառի հազոտություններ են կատարվում ԵՊՀ-ի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գենետիկայի ամբիոններում, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և որոշ այլ ԳՀԻ-ների համապատասխան լաբորատորիաներում:

ԷՆԵՐԳԻԱ
 Էներգիա բառը գալիս է հունարեն՝ ἐνέργεια (էներգեյա) բառից։ Առաջին անգամ հանդիպել է Արիստոտելի «Նիկոմաքեական Էթիկա» գործում, մ.թ.ա. 4-րդ դարում։
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Ֆիզիկայում էներգիան (հունարեն՝ ἐνέργεια , գործունեություն, աշխատանք, հունարեն՝ ἐνεργός (էներգոս) բառից, գործունյա, աշխատող) սկալյար ֆիզիկական մեծություն է։ Բնութագրական է առարկաների և համակարգերի համար, ենթարկվում է պահպանման օրենքներին։ Էներգիայի տարբեր ձևերից են կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։
Էներգիան կարող է մի ձևից փոխակերվել մյուսին, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում։ Այս սկզբունքը, էներգիայի պահպանման օրենքը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է մեկուսացված համակարգին։ Նյոտերի թեորեմի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։
Թեև համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, սակայն մեծությունը կարող է կախված լինել կոորդինատային համակարգից։ Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ։
ՀՈՄԵՈՍՏԱԶ
Հոմեոստազ (հին հունարեն՝ ὁμοιος ՝ «նմանություն, մատեսակություն» և հին հունարեն՝ στάσις ՝ «կանգնած, անշարժ» բառերից), ֆիզիոլոգիայում՝ մարդու, կենդանիների և բուսական օրգանիզմների հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների կայունության, ներքին միջավայրի բաղադրության ու հատկությունների հարաբերական հաստատունության պահպանում։
«Հոմեոստազ» տերմինն առաջարկել է ամերիկացի ֆիզիոլոգ Ու. Կեննոնը 1929 թ-ին։ Բարձրակարգ կենդանիների օրգանիզմում հոմեոստազը առավել կատարելության է հասել շնորհիվ նրանց նյարդահումորալ, հորմոնային, պատնեշային և արտաթորող համակարգերի փոխազդեցության, որն իրականանում է ինչպես ամբողջ օրգանիզմում, այնպես էլ առանձին օրգաններում, բջիջներում, ենթաբջջային և մոլեկուլային մակարդակներում։
Մարդու, կաթնասուն կենդանիների և թռչունների մոտ հոմեոստազն ընդգրկում է ջրածնային իոնների կոնցենտրացիայի (pH), օսմոտիկ ճնշման, արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի և այլն կայունության պահպանումը։ Բույսերի հոմեոստազի օրինակ է տերևների խոնավության կայունության պահպանումը հերձանցքների բացման և փակման միջոցով։
«Հոմեոստազ» տերմինը կիրառվում է նաև գենետիկայում, էկոլոգիայում, կիբեռնետիկայում։

Եկեք ծանոթանանք կենսաբանության մեջ հետք թողած մի քանի գիտնականների կյանքերին։

ՉԱՌԼԶ ԴԱՐՎԻՆ
Դարվինը Քեմբրիջի համալսարանի բուսաբան և եկեղեցական Ջոն Սթիվենս Հենսլոուի երաշխավորությամբ հրավիրվել է մասնակցելու «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդությանը՝ արևադարձային երկրների բուսական և կենդանական աշխարհները հետազոտելու նպատակով: 
Նավն Անգլիայի ափերից ճանապարհ ընկավ 1831 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ճամփորդության (տևեց 5 տարի) առավել կարևոր մասը Դարվինի համար եղավ Գալապագոսյան կղզիներում շրջագայելը, որի ընթացքում նա առաջին անգամ նկարագրեց հարավամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատկապես կրծողներ, գալապագոսյան մողեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ և այլն: Դարվինը նկատեց նաև, որ տարբեր կղզիներում ապրում են սերինոսների ազգակից տեսակներ, որոնք տարբերվում են մյուսներից, բայց բոլորը նման էին Հարավային Ամերիկային բնորոշ սերինոսների տեսակներից մեկին: Դա հիմք ծառայեց եզրակացնելու, որ կենդանի օրգանիզմները սերնդափոխության ընթացքում կարող են փոփոխություններ կրել և բնական ընտրության ճանապարհով հարմարվել շրջակա միջավայրին, այսինքն՝ բնության մեջ ավելի կենսունակ են և սերունդ են տալիս միայն առավել հարմարված օրգանիզմները:
1859 թ-ին գիտնականն իր տեսությունը շարադրեց «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատությունում, ինչը, սակայն, տարիներ շարունակ չէր ընդունվում, քանի որ հակասում էր մինչ այդ եղած համընդհանուր պատկերացմանը, ըստ որի՝ Երկրի վրա բոլոր կենդանի էակները ստեղծված են Աստծու կողմից և մնում են անփոփոխ: Այսօր արդեն Դարվինի ուսմունքին կասկածանքով են վերաբերում միայն սակավաթիվ գիտնականներ:
Ճանապարհորդությունից վերադառնալուց մոտ 1 տարի անց Դարվինը հիվանդացավ, և կյանքի հետագա 40 տարիների ընթցքում նա գրեթե լրիվ հաշմանդամ էր: Սակայն մինչև մահ նա շարունակեց իր գիտական հետազոտությունները: Ի դեպ Դարվինը մահանալուց առաջ ասել է «մարդիկ ինձ ճիշտ չհասկացան, միայն այն փաստը որ պապու-պապի......պապը եղել է կապիկ կամ խոզ արդեն տհաճություն է պատճառում»։ Սակայն անգամ այդ խոսքերից հետո ամբողջ աշխարհը դեռ հավատում է այդ հիմարությանը։
Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ Հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» գիրքը 1936 թ-ին թարգմանվել է նաև հայերեն:

Մենդել Գրեգոր Յոհան
Մենդելը 1843 թ-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական, 1868 թ-ից՝ վանահայր: 
1851–53 թթ-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա: Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է պտղատու ծառեր: 1856–63 թթ-ին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր: Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ:
Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում: Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները: Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ-ին, երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները: Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը: Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը: 1965 թ-ին համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը:      

Մխիթար Հերացի
Մխիթար Հերացին ծնվել է մոտ 1120թ, նա հայ բժիշկ, բնագետ և փիլիսոփա է։ Հայ դասական բժշկության հիմնադիրը։
Մասնագիտական կրթությունն ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։
Բժշկի գործունեության հետ միաժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայ բժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծել արժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ մասունքներ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։
Աչքի մասին  Հերացու ուսմունքը (որը հետագայում զարգացրեց Ամիրդովլաթ Ամասիացին)  աչքի հիվանդությունների (Եղջերաթաղանթի բորբոքում, տրախոմա, գլաուկոմա) կլինիկական նկարագրություններն ու բուժման համար առաջադրած բարդ դեղատոմսերը գիտական մեծ հետաքրքրություն ունեն։ Դեղագիտության ու դեղագործության բնագավառների հայ ժողովրդական ու դասական բժշկության փորձն ի մի բերելով՝ այս շրջանում Մխիթար Հերացին արդեն շարադրել էր իր մեծահամբավ «Ախրապատինը» (մեզ չի հասել)։ XII դ. 80-ական թթ. Գրիգոր Դ Տղայի պատվերով Մ. Հերացին գրել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված և «երկրային ախտաբանություն» համարվող տենդային հիվանդություններին նվիրված «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը («անուանեցաք «Ջերմանց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիվանդն՝ առողջութեամբ»)։ Գիրքը գրված է ժամանակի խոսակցական լեզվով՝ «գեղջուկ և արձակ բարբառով, զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց», և նվիրված է տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության (կլինիկայի), կանխարգելման ու բուժման հարցերին։ Զբաղվել է այդ հիվանդությունների ախտաբանության հարցերով և ըստ ախտաբանական առանձնահատկությունների   ներկայացրել   ջերմերի դասակարգումը։ Զարգացնելով տենդային հիվանդությունների վերաբերյալ ուսմունքը՝ նա տարբերակել է երեք տեսակի ջերմեր՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» (հեկտիկ)։
Հետևելով անտիկ բնափիլիսոփայական պնևմատիկ տեսությանը՝ «միօրյա» (թռուցիկ բնույթի) ջերմերը կապել է հոգու (pneuma) ախտահարման հետ։ «Բորբոսային» հիվանդությունների բնութագրման հարցում Մ. Հերացին ցուցաբերել է ուրույն մոտեցում. անտիկ բժիշկներն այդ հիվանդությունները բացատրում էին չորս հեղուկների կամ հեղահյութերի (humor)՝ արյան, լորձի, դեղին ու սև մաղձերի նեխմամբ։ Մ. Հերացին, չհերքելով հումորալ տեսության ընդհանուր դրույթները, հիշյալ ջերմերի ծագումը բացատրել է արյան, մաղձի և լորձի մեջ «բորբոսային» գործոնի ներթափանցմամբ։ Ըստ Է. Ջեյդելի և Լ. Հովհաննիսյանի, մինչմանրէաբանական շրջանի բոլոր պատկերացումներից վարակական պրոցեսի արդի ընկալմանն ամենամոտ կանգնածը «բորբոսի» գաղափարն էր։ Մ. Հերացու կարծիքով «բորբոսային» գործոնը կարևոր դեր է կատարում նաև չարորակ ուռուցքների, մասնավորապես քաղցկեղի, առաջացման գործում։ Երրորդ՝ «հալևմաշ» խմբի ջերմերի գոյացումը, հեղահյութերից բացի, կապում էր նաև մարմնի պինդ մասերի (ոսկրերի, հոդերի, ջլերի) ախտահարման հետ։ Հետագա դարերի հայ բժիշկները (սկսած Գրիգորիսից) «բորբոսի» գաղափարը տարածեցին նաև այլ հիվանդությունների վրա և «հալևմաշ» ջերմերը նույնպես դասեցին «բորբոսայինների» կարգը։ Ջերմերը դասակարգելիս Մ. Հերացին զարգացրել է նաև պատճառագիտական ուսմունքը, որը մատերիալիստորեն հիմնավորել է դեռևս Հիպոկրաւոը՝ հիվանդությունների առաջացումը բացատրելով ինչպես արտաքին, այնպես և ներքին միջավայրի (շոգ, ցուրտ, անորակ սննդանյութեր, քիմիական նյութեր, հոգեկան ապրումներ) զանազան վնասակար գործոնների ազդեցությամբ։ «Բորբոսային» ջերմերից մեկի առիթով Մ. Հերացին զգուշացնում է վարակից զերծ լինելու համար հեռու մնալ հիվանդից։ Նրա համոզմամբ վարակ կարոդ Են տարածել նաև կենդանիները, ուստի պետք է օգտագործել միայն առողջ կենդանու կաթը։ Սա նոր խոսք էր ժամանակի բժշկության մեջ։ Տենդային հիվանդությունների վերաբերյալ նրա դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության՝ հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա, հաշվի առնելով անամնեստիկ (հիվանդության պատճառը, բնույթը, ուղեկցող երևույթները, հիվանդի տարիքը, խառնվածքը, սովորույթները, կենսական ուժերը, բնակավայրը, կլիմայական պայմանները) և օբյեկտիվ (հիվանդի արտաքին տեսքը, ներքին օրգանների վիճակը, պուլսը, մեզի, խորխի ևնի վիճակը) տվյալները՝ կիրառելով զննման, շոշափման և ընդբախման մեթոդները։ Մեծ բժշկապետը տենդային հիվանդություններից զատել է ալերգիաների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, հոգեկան և այլն) և կանխագուշակել ալերգոլոգիայի հետագա զարգացման ուղին։ «Բորբոսային» ջերմերը կազմում են երկի հիմնական մասը, ընդգրկում «բորբոսային» ջերմերի, այսինքն՝ բուն վարակիչ հիվանդությունների (մալարիա, տիֆ, սեպտիկ հիվանդություններ, կարմիր քամի, ծաղիկ, պալարախտ և այլն) վերաբերյալ տեղեկություններ։ Նկարագրել է տենդային հիվանդությունների զարգացման 4 փուլ, որը համապատասխանում է Հիպոկրատի դասակարգմանը, և բուժման ընթացքում հաշվի առել հիվանդի առանձնահատկությունները։ Մշակել է համակցված բուժման ուրույն համակարգ, որն ընդգրկում է դեղորայքային, սննդային և ֆիզիկական միջոցները (լոգանք, սառը շփում, մերսում, ինհալացիա)։ Հատկանշական է նրա առաջարկած դեղորայքային բուժումը, որ հենվում է նախ բույսերի, ապա կենդանական ու անօրգանական նյութերի բուժիչ հատկությունների վրա։ Վարակիչ-ալերգիական հիվանդությունների բուժման նպատակով առաջարկել է մի շարք բույսեր, ծաղիկներ (վարդ, մանուշակ, շուշան, նունուֆար), մրգեր (նուռ, Փշատ, սալոր, խնձոր), բանջարեղեն (բամիա, ավելուկ, կոտեմ, ռեհան, ծնեբեկ), վայրի բույսեր (կապար, ուրց, մատուտակ և այլն), որոնց մի մասը կիրառվում է նաև սննդաբուժության մեջ։ Բժշկության մեջ մեծ տեղ էր հատկացնում ծծմբին, հայքարին, հայկավին (լայնորեն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ), ցինկին, թանկարժեք քարերին և անօրգանական այլ նյութերի։
Մ. Հերացու բուժական համակարգում կարևոր տեղ ունեն նաև պսիխոպրոֆիլակտիկայի ու պսիխոթերապիայի տարրերը, բժշկի ազդու խոսքը, երաժշտության բուժիչ ուժը և այլն։ Նա հայ միջնադարի բժշկության նորարար էր, կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը, որի ավանդները հետագայում շարունակեցին անվանի բժշկապետներ Ստեփաննոսը, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին։ Մ. Հերացու բժշկագիտական երկերում արտահայտվել է նրա մատերիալիստական բնափիլիսոփայական աշխարհայացքը, որն ընդհանուր ոչինչ չունի աստվածաբանության հետ։ Հոգին («շունչը») մարդու իսկ մարմինն է, նրա մի մասը և կատարում է «բուսական», «կենդանական» ե «իմացական» ֆունկցիաներ։ Այդ հասկացություններում չկա ոչինչ գերբնական ու միստիկական։ Մարմնի հետ մահանում է և հոգին։ Մ, Հերացին շեշտում է փորձի դերը գիտական իմացության, առանձնապես բժշկագիտության մեջ, առաջարկում հիվանդության պատճառները բացահայտել փորձնական ճանապարհով։ Նա այդ պատճառները փնտրում է իրականության մեջ (արտաքին միջավայր, աշխատանքային պայմաններ և այլն)։ Մ. Հերացին թեև չկարողացավ լիովին հրաժարվել միջնադարում դոգմա դարձած հումորալ տեսության դրույթներից, սակայն նրա առաջադրած «բորբոսի» վարկածը վարակիչ հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման վերաբերյալ ժամանակակից տեսությունների կանխագուշակումն էր։ Զարգացրել է հարուցիչ գործոնների մասին Հիպոկրատի բնափիլիսոփայական ասմունքը («հակառակը հակառակով» բուժելու) և հիվանդության փուլերի  մասին նրա սկզբունքները։
Մ. Հերացու երկերում «մեծ փիլիսոփա Սինայի որդու» (Աբու Ալի Իբն-Սինա) «Կանոնից» քաղումները բազմաթիվ են, ու նրա նման Մ. Հերացին ևս բնության երևույթների նկատմամբ մատերիալիստական մոտեցում, ինքնուրույն մտածողության և հելլենիստական դպրության նկատմամբ մեծ սեր է ունեցել։ Համաշխարհային բժշկության ու բնագիտության պատմության մեջ բժշկապետի դերը բարձր է գնահատել նրա երկի գերմաներեն թարգմանող է. Զեյդելը։
Մ. Հերացու գիտական ժառանգության մեկուկես դար առաջ սկսված ուսումնասիրությունը թևակոխել է մի նոր փուլ, բուսաբուժության բնագավառում մեծ բժշկապետի հարուստ փորձը ժամանակակից բժշկության համար լուրջ ուշադրության և հետազոտման առարկա է դարձել։ «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է Վենետիկում՝ 1832-ին, 1955-ին՝ Երևանում (ռուսերեն) ընդարձակ ուսումնասիրությամբ և  ծանոթագրություններով։

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱՄԱՐԿ
Ժան Բատիստ Պիեր Անտուան դե Մոնտե Լամարկ (Ֆրանսերեն՝ Jean-Baptiste Pierre Antoine de Monet Lamarck, 1744 թվական, օգոստոսի 1-1829 թվական, դեկտեմբերի 29) ֆրանսիացի գիտնական-բնագետ։ Լամարկը դարձավ առաջին բնագետը, ով փորձեց ստեղծել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին ամբողջական պատկերը. որը այդ ժամանակ կոչվում էր «լամարկիզմ» ։ 1809 թվականին Լամարկը գրեց իր ամենակարևոր աշխատությունը՝ «Կենդանաբանության փիլիսոփայություն»։
Ժան Բատիստ Լամարկը ծնվել է 1744 թվականի օգոստոսի 1-ին Բեզանտենում՝ աղքատ ընտանիքում։ Նա ընտանիքում 11-րդ երեխան էր։ Լամարկի նախնիներից շատերը ծառայել են բանակում։ Նրա մեծ եղբայրները և հայրը նույնպես ծառայել են բանակում։ Լամարկը ծառայեց բանակում, սակայն 24 տարեկանում նա թողեց ծառայությունը և մեկնեց Փարիզ, որպեսզի ուսում ստանա բժշկական համալսարանում։ Ուսման տարիներին նրան հետաքրքրեցին բնագիտական առարկաները, հատկապես բուսաբանությունը։ Նրա տաղանդը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նա գրեց իր առաջին աշխատությունը՝ «Ֆրանսիայի ֆլորան» (ֆրանսերեն՝ «Flore française»)։ Այս գիրքը նրան մեծ հաջողություն բերեց՝ ընդգրկելով այն ֆրանսիական բուսաբանության մասին լավագույն աշխատությունների մեջ։
1789-1794 թվականներին Ֆրանսիայում սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որի սկզբի հետ Լամարկը համամիտ էր։ Հեղափոխությունը Ֆրանսիայի ժողովրդի ճակատագրի համար արմատական փոփոխություն էր։ 1793 թվականի սարսափելի դեպքերը փոխեցին հենց Լամարկի կյանքը։ Փակվեցին հին հաստատությունները։
Լամարկի առաջարկությամբ, 1793 թվականին Թագավորական բուսաբանական այգին՝ որտեղ նա էր աշխատում, վերափոխվեց և դարձավ բնագիտության ընդհանուր պատմության թանգարան։ Այստեղ նա դարձավ կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարեց ամբիոնը մոտ 24 տարի։ Մոտ 50 տարեկան հասակում հեշտ չէր փոխել մասնագիտությունը, բայց Լամարկի հաստատակամությունը օգնեց նրան հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա դարձավ փորձագետ կենդանաբանության ոլորտում։ Լամարկը մեծ ոգևորությամբ իր վրա վերցրեց անողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությունը, և հենց նա էլ 1796 թվականին առաջարկեց դրանց անվանել «անողնաշարավորներ» 1815-1822 թվականներին լույս տեսավ Լամարկի յոթ հատորանոց խոշոր աշխատությունը ` «Անողնաշարավորների բնական պատմությունը» վերնագրով։ Լամարկը շրջանառության մեջ է դրել նաև մի տերմին` «կենսաբանություն» (1802 թվական) , որը ընդունվել է հանրության կողմից։ Բայց Լամարկի ամենակարևոր աշխատությունը «Կենդանաբանության փիլիսոփայությունը» գիրքն է (1909 թվական ), որն իր մեջ ներառում է կենդանական աշխարհի էվոլյուցիոն տեսությունն ըստ Լամարկի։
1820 թվականից սկսած Լամարկը վերջնականապես կուրանում է և իր աշխատանքները թելադրում է աղջկան։ Ապրել և մահացել է աղքատ և անհայտ պայմաններում։ Մահացել է 1829 թվականի դեկտեմբերի 29-ին` 85 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ժամերը նրա հետ մնացել է իր աղջիկ՝ Կորնելիան։
Կենսաբանության զարգացումը  Հայաստանում
Վաղ միջնադարի մտածողներ Եզնիկ Կողբացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին և Մովսես Խորենացին դեռևս V դարում իրենց աշխատություններում արծարծել են կենսաբանության հիմունքները: Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստացել XII–XIII դարերում: Բժշկապետ Մխիթար Հերացուն արդեն հայտնի էր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը: Ամիրդովլաթ Ամասիացին տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը:
Հայաստանի բուսական աշխարհի առաջին խոր ուսումնասիրությունները կատարել են Ղ. Ալիշանը և Ս. Շեհրիմանյանը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ֆիզիոլոգ Տ. Մուշեղյանի, ագրոքիմիկոս և մանրէաբան Պ. Քալանթարյանի, բուսաբան Հ. Բեդելյանի, բուսաբույծ Մ. Թումանյանի, կենդանաբան Ա. Տեր-Պողոսյանի ջանքերով հիմնադրվել է ժամանակակից հայկական կենսաբանական դպրոցը: Կենսաբանության հետագա զարգացմանը նպաստեցին Ա. Թախտաջյանի, Վ. Ղազարյանի, Հ. Փանոսյանի, Է. Աֆրիկյանի, Վ. Ֆանարջյանի, Հ. Բակլավաջյանի, Հ. Բունիաթյանի, Ա. Գալոյանի և այլոց աշխատանքները: 
ՀՀ-ում ներկայում գործում են կենսաբանության տարբեր հարցերով զբաղվող մի շարք ինստիտուտներ՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Բուսաբանության, Մանրէաբանության, Ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային կենսաբանության և այլն:
ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐԻՐԻ ԱՐԾՐՈՒՆԻ             
(1857-1947)
Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր՝պրոֆեսոր: Ծմվել է նոր Բայազետում:
1885թ. Ավարտել է փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քիթ-կոկորդի, ականջի հիվանդությունների ուղղությամբ և ընտրվել է քիթ-կոկորդ ականջաբանների ընկերության անդամ: Ակտիվորեն մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադրման(1922թ.), ապա նաև բժշկական ինստիտուտի կազմավորման (1930թ.) աշխատանքներին: Նա հիմնադրել է <<մարդու նորմալ անատոմիա>> ամբիոնը և այն  ղեկավարել մինչև իր կյանքի վերջը: Ամբիոնին կից ստեղծել է անատոմիական թանգարան, որն այժմ կրում է նրա անունը: Հրատարակել է բազմաթիվ ուսումնա-գիտական աշխատանքներ, մասնավորապես,  <<Մարդակազմություն>> դասագիրքը, ռուսերեն-լատիներեն-հայերեն տերմինաբանական բառարանը և այլն:
ԼԵՎՈՆ ԱԲԳԱՐԻ ՕՐԲԵԼԻ                     
(1882-1958)
Ակադեմիկոս Լ. Օրբելին ծնվել է Ծաղկաձորում (որտեղ ներկայումս գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը): 1904թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան և երկար տարիներ եղել է այդ հաստատության ղեկավարը: Աշխատել է Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: Զարգացրել է Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Բացահայտել է ուղեղիկի դերը ներքին օրգանների կարգավորման գերծընթացում: Նա էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի  և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի նար ուղղության հիմնադիրն է: Առաջարկել էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի նոր ուղղության հիմնադիրն է: Առաջարկել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսումնասիրման նոր մեթոդներ: Իր կատարած բեղուն աշխատանքային գործունեության համար արժանացել է Պավլովի անվան ՍՍՀՄ Պետական մրցանակի, Մեչնիկովօ անվան ոսկե մեդալի և բազմաթիվ այլ պարգևների: Ընտրվել է բնախույզների գերմանական <<Լեոպոլդինա>> ակադեմիայի, Փարիզի կենսաբանական ընկերության, Անգլիական ֆիզիոլոգիական ընկերությունների անդամ:
Լևոն Օրբելու անունն է կրում ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը Երևանում:
ԷԶՐԱՍ ՀԱՍՐԱԹԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
 (1903-1982)         
Ակադեմիկոս Էզրաս Հասրաթի Հասրաթյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթիլիսի վիլայեթի Խլաթ գավառի Մեծ Հայք գյուղում: 1926-ին ավարտել է Երևանի  համալսարանի գյուղատնտեսական, ապա նաև բժշկական ֆակուլտետները: Հետագայում իր գործունեությունը ծավալել է Մոսկվայի բարձրագույն նյարդային գործունեության նյարդա-ֆիզիոլոգիայի ինստիտուտում և տարիներ շարունակ ղեկավարել այն: Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրման և ռեֆլեքսների առաջացման ու արգելակման մեխանիզմների ասպարեզում կատարած նրա հիմնարար աշխատանքները միջազգային ճանաչում են ստացել: Եղել է արտասահմանյան բազմաթիվ գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ, <<Ինտեմոզգ>> միջազգային գիտական կազմակերպության նախագահ: Արժանացել է Ի. Պավլովի անվան մրցանակի, Պավլովի անվան ոսկե մեդալի, և բազմաթիվ այլ պարգևների:
ԼԵՎՈՆ ԱՍԱՏՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լևոն Ասատուրի Հարությունյան (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, գյուղ Կյադիկսաթըլմիշ (Կարսի մարզում) - ապրիլի 20, 1973, Երևան), հայ բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտիթյունների դոկտորր (1940), պրոֆեսոր (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուկտետը (1927)։ 1932-34-ին՝ ԵԲԻ սննդի հիգիենայի, 1950-ից՝ ընդհանուր հիգիենայի ամբիոնների վարիչ, միաժամանակ (1938-56)՝ անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի սանիտարական փորձագիտության ամբիոնի վարիչ։ 1944-48-ին և 1969-71-ին՝ ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1958-60-ին՝ ռեկտոր, 1972-73-ին՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ տնօրենի տեղակալ։ Աշխատանքները վերաբերում են սննդի, կոմունալ հիգիենայի հարցերին։ Կարևոր են սննդամթերքների մեջ թունավոր նյութերի առաջացման և սննդային թունավորումների կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում հիգիենայի զարգացման պատմության վերաբերյալ Հարությունյանի հետազոտությունները։ Հիգիենիստների և սանիտար բժիշկների հայկական գիտական ընկերության նախագահ (1953-73), ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հիգիենիստ (1953-73)։ Հարությունյանի անունով է կոչվում Երևանի սանիտարահակահամաճարակային քաղաքային կայանը։

Ֆիզիկայի, Քիմիայի և այլ գիտությունների նվաճումների ու հետազոտման եղանակների լայնորեն օգտագործումը հանգեցրեց մոլեկուլային կենսաբանության հիմք հանդիսացող կենսաքիմիա, կենսաֆիզիկա գիտությունների ձևավորմանը:

Տիեզերագնացության սկզբնավորմանը զուգահեռ ստեղծվեց տիեզերական կենսաբանությունը, որի հիմնական խնդիրն է մարդկանց կենսապահովումը տիեզերական թռիչքների պայմաններում, նաև կյանքի դրսևորումներ որոնումն այլ մոլորակներում:

Կենսաքիմիա

Կենսաքիմիան Հայաստանում: կենսաքիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Հ. Հովհաննսյանի նախաձեռնությամբ 1923 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում (1930 թվականից՝ ԵԲՀ, 1999 թվականից՝ ԵՊԲՀ) կենսաքիմիայի ամբիոնի (վարիչներ՝ Հ. Հովհաննիսյան՝ 1930-1937, Հ. Բունիաթյան՝ 1937-1961, Վ. Մխիթարյան՝ 1961-1986, Մ. Աղաջանով՝ 1986-2008, Հ. Վահրարյան՝ 2009 թվականից) ստեղծմամբ։ 1935 թվականին ստեղծվել է Քիմիայի ինստիտուտը՝ կենսաքիմիայի բաժանմունքով, որը 1943 թվականին ընդգրկվել է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կազմում, իսկ 1958 թվականից գործել է որպես ինքնուրույն հիմնարկ։ Վերջինիս հիմքի վրա 1961 թվականին Հ. Բունիաթյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Կենսաքիմիայի ինստիտուտը (տնօրեններ՝ Հ. Բունիաթյան՝ 1961-1981, Ա. Գալոյան՝ 1981-2006, Գ. Գևորգյան՝ 2006 թվականից)։ 1961 թվականին կենսաքիմիայի ամբիոն է ստեղծվել նաև ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում:
Կենսաքիմիական հետազոտություններ սկսել են կատարել նաև ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, Անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիաներում։ Ակադեմիայում Ն. Սիսակյանի ջանքերով հանրապետությունում սկիզբ է դրվել բույսերի կենսաքիմիական հետազոտություններին։ Ինստիտուտիի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը նյարդաքիմիան է։ Հ. Բունիաթյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են գլխուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի հիմնախնդիրներ, որոնց շնորհիվ ինստիտուտըը վերածվել է նյարդաքիմիայի ԽՍՀՄ առաջատար կենտրոնի, նյարդաքիմիական դպրոցը միջազգային ճանաչում է ստացել։ Այդ ոլորտում առաջին հետազոտությունները (Հ. Հովհաննիսյան, Հ. Բունիաթյան) նվիրվել են վիտամինների կառուցվածքի և նյութափոխանակության հարցերին, պարզվել է, որ  C վիտամինն ունի դիֆենոլային կառուցվածք և օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ՝ ֆոսֆատիդների, կարոտինոիդների օքսիդացման շարժընթացներում, և հակառակը՝ այդ նյութերը պղնձի և երկաթի առկայությամբ ձեռք են բերում այլ՝ պրոօքսիդանտային հատկություններ։ Ինստիտուտում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ուղեղի կենսբաբանական ակտիվ պեպտիդների և սպիտակուցների ազդեցության ու քիմիական կառուցվածքների պարզաբանումը խթանել է նյարդակենսաբանության, իմունային համակարգի և բժշկության մի շարք ուղղությունների զարգացումը։ Ակադեմիկոս Ա. Գալոյանի ղեկավարությամբ հայտնաբերված ուղեղի ցիտոկինների՝ պրոլինով հարուստ պեպտիդի և GX-NH2 պեպտիդի ազդեցության մեխանիզմերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ այս նյութերը մեծ նշանակություն ունեն ուռուցքաբանության բնագավառում՝ քիմիաբուժության և ճառագայթաբուժության հետևանքով առաջացած արյունաստեղծման (հեմատոպոեզ) կտրուկ խանգարումները վերացնելու համար։ Այդ միացությունները հաջողությամբ կարելի է կիրառել մարդու և կենդանիների լեյկոզի բուժման, սուր վարակների, հատկապես սիբիրախտի հարուցիչների դեմ բարձր արդյունավետությամբ պայքարելու համար։ Բացահայտվել են բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) ժամանակ սրտամկանի ինֆարկտի առաջացման պատճառներն ու բուժման ուղիները։ Անջատվել և հետազոտվել են ֆերմենտներ, որոնք կիրառելի են տուբերկուլոզի, շաքարային դիաբետի, չարորակ հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար։ Ոաումնասիրվել է երկկարբոն ամինաթթուների և գամմա-ամինակարա-գաթթվի նյութափոխանակության կարգավորումն ուղեղում։ Առաջ է քաշվել գլուտամինից գամմա-ամինակարագաթթվի առաջացման այլընտրանքային ուղին։
Ինստիտուտում ստեղծվել է ՀՀ կենսաքիմիկոսների և մոլեկուլային կենսաբանության ընկերակցություն, որը կենսաքիմիկոսների միջազգային ընկերության անդամ է։ 1950-1960-ական թվականներին ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ուսումնասիրվել են մարդու օրգանիզմի վրա քլորոպրենի ազդեցության մեխանիզմները (Վ. Մխիթարյան, Հ. Մատինյան)։ Ամբիոնին կից հիմնախնդիրների լաբորատորիայում կատարված հետազոտություններով հիմնավորվել է տեսություն, որի համաձայն՝ քլորոպրենային տոքսիկոզի խորացման պատճառը լիպիդային գերօսիդացման ուժեղացումն է։ Մշակվել են քլորոպրենային կաուչուկի գործարանի բանվորների առողջության պահպանության որոշակի գործն, ցուցումներ։ Այդ հետազոտությունների հիման վրա 1970-ական թվականներին զարգացել է նոր ուղղություն, որի հիմքում լիպիդային գերօքսիդացման ուժեղացումն է՝ տարբեր ախտաբանական վիճակների, հատկապես այրվածքային հիվանդության (Մ. Աղաջանով), անշարժության և աղմկային գերհույզի (Է. Միքայելյան, Մ. Մելքոնյան), շաքարային դիաբետի (Դ. Գևորգյան) զարգացման ընթացքում։ Այդ ուղղությունը, որ հայտնի է «օքսիդացումային գերհույզ» անվանմամբ, զարգացրել են բոլոր գիտաբժշկական հիմնարկներում։
 
1960-1970-ական թվականներին ԵՊԻ կենսաքիմիայի ամբիոնում զբաղվել են գլխուղեղի հետազոտության էներգետիկ, և կենսասինթետիկ հիմունքների մշակման (Գ. Խաչատրյան), ինչպես նաև սիմպատոադրենալ համակարգի հարմարվողա սնուցողական ազդեցության կենսաքիմիայի (Է. Մխեյան) հարցերով։ 2006 թվականից ամբիոնում հետազոտություններ են կատարվում Ալցհեյմերի հիվանդության նյարդադեգեներացիայի նյարդաքիմիական հիմունքների մշակման նպատակով (Մ. Աղաջանով)։
Կենսաֆիզիկա
Կենսաֆիզիկա, բիոֆիզիկա կամ կենսաբանական ֆիզիկա (հին հունարեն՝ βίος  — կյանք, հին հունարեն՝ φύσις  — բնություն):
Գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմում ընթացող
ֆիզիկական և ֆիզիկաքիմիական պրոցեսները, ինչպես նաև կենդանի մատերիայի զարգացման բոլոր մակարդակի օրգանիզմների կենսաբանական համակարգերի ուլտրա կառուցվածքն ու մոլեկուլային կառուցվածքը։
Ներկայումս, համաձայն տեսական և կիրառական կենսաֆիզիկայի Միջազգային միության (1961) ընդունած դասակարգման կենսաֆիզիկան ընդգրկում է երեք հիմնական բաժիններ,
մոլեկուլային կենսաֆիզիկա,
բջջի կենսաֆիզիկա և
բարդ համակարգերի (ղեկավարման և կարգավորման պրոցեսների) կենսաֆիզիկան։
Մոլեկուլային կենսաֆիզիկա
Մոլեկուլային կենսաֆիզիկաի ուսումնասիրության առարկան են կենսաբանական միկրոմոլեկուլները և մակրոմոլեկուլային համալիրները, նրանց կառուցվածքը, փոխազդեցության բնույթը, էներգետիկան, կենսամոլեկուլների ֆիզիկական պարամետրերի կապը նրանց ֆունկցիայի հետ։
Բջջի կենսաֆիզիկա
Բջջի կենսաֆիզիկան հետազոտում է բջջի և նրա բաղադրամասերի ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկությունները, բջջաթաղանթի մոլեկուլային և վերմոլեկուլային կառուցվածքը, նրա կապը թափանցելիության, ակտիվ տեղափոխության, կենսապոտենցիալների առաջացման հետ։ Բջջի Կենսաֆիզիկան ուսումնասիրում է նշված պրոցեսների էներգետիկան և թերմոդինամիկան, ինչպես նաև կենսասինթեզի և բջջի տարբեր բաղադրամասերի գործունեության հետ կապված պրոցեսները։
Բարդ համակարգեր
Բարդ համակարգերի կենսաֆիզիկան զբաղվում է տարբեր կենսահամակարգերի ղեկավարման և կարգավորման պրոցեսների ուսումնասիրության հարցերով և այլն:
Սակայն կենսաֆիզիկան զբաղվում է նաև օրգանիզմի վրա ֆիզիկական տարբեր գործոնների ազդեցության, իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հարցերով, որը
 
ռադիոկենսաբանության հիմնական խնդիրն է։ Ըստ ուսումնասիրվող առարկայի, կենսաֆիզիկայում տարբերում են՝
պարզ կամ բարդ զգացողության օրգանների (մասնավորապես տեսողության) կենսաֆիզիկա,
կծկման պրոցեսների (մկանային կծկման) կենսաֆիզիկա,
թաղանթների (թափանցելիության) կենսաֆիզիկան։
Նրա ուղղությունը որոշվում է ուսումնասիրվող օբեկտով, կիրառման բնագավառով կամ գիտության որևէ ճյուղին մոտ լինելով, օրինակ՝ միկրոօրգանիզմների կենսաֆիզիկան, բույսերի կամ կենդանիների, բժշկական, տեսական, կիրառական, ռադիացիոն կենսաֆիզիկան։
Կենսաֆիզիկական բնույթի առանձին հետազոտություններով զբաղվել են դեռևս 17-18-րդ դարերում, երբ սկսեցին փորձել ֆիզիկայում, քիմիայում ստեղծված հասկացությունները կիրառել կենսաբանական երևույթների վերլուծման համար (Ռ. Դեկարտ, Զ. Բորելի, Տ. Տունգ, Լ. էյլեր, Մ. Լոմոնոսով և ուրիշներ)։ Լուիջի Գալվանիի, Հ. Հելմհոլցի, է. Դյուբուա-Ռեյմոնի, Դ. Բերնշտեյնի, Վ. Ներնստի աշխատանքների շնորհիվ, 19-րդ դարի վերջում և 20 -րդ դարի սկզբում կենսաֆիզիկան վերջնականապես ձևավորվեց որպես գիտություն։ Դրան մեծապես նպաստեցին ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեթոդների կատարելագործումն ու կիրառումը կենսաբանության մեջ (էլեկտրոնային միկրոսկոպ, սպեկտրային անալիզ, ուլտրացենտրիֆուգման մեթոդ և այլն)։ Կենսաֆիզիկաով սկսեցին զբաղվել ֆիզիկոսները, քիմիկոսները և այլ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները։
19-րդ դարի վերջում, Ռուսաստանում կենսաֆիզիկաի զարգացմանը նպաստեցին Կ. Տիմիրյազևի, Ի.Սեչենովի, Ա. Աամոյլովի, Պ. Լազարևի, Ն. Կոլցովի հետազոտությունները։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում կենսաֆիզիկաի զարգացման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ։ 1919 թվականին Պ. Լազարևը Մոսկվայում հիմնադրեց կենսաբանական ֆիզիկայի ինստիտուտը։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո կենսաֆիզիկան սկսեց բուռն կերպով զարգանալ։ Կենսաֆիզիկական կենտրոններ սկսեցին կազմավորվել ինչպես ակադեմիայի հաստատություններում, այնպես էլ բուհերում։ Մոլեկուլային կենսաֆիզիկան ուսումնասիրում է կենսաբանական երևույթները ատոմների և մոլեկուլների, իոնների ու ռադիկալների փոխազդեցության տեսանկյունով և սերտորեն կապված է կենսաքիմիայի, գենետիկայի, բջջաբանության, մոլեկուլային կենսաբանության հետ։ ԽՍՀՄ-ում կենսաֆիզիկայի կարևորագույն հարցերի պարզաբանմամբ զբաղվում են բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկություններում, մասամբ ԽՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի, ԽՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինսիտուտներում։
Տիեզերական կենսաբանություն
Տիեզերական կենսաբանությունը կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է տիեզերական տարածության տարբեր գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Տիեզերական կենսաբանության խնդիրներից է նաև տիեզերական թռիչքների պայմաններում երկրային օրգանիզմների կենսագործունեության ապահովման միջոցների (արհեստական կենսաբանական համակարգերի էկոլոգիա) և կենսբանական հետազոտությունների մեթոդների մշակումը։ Կենդանի օրգանիզմների վրա տիեզերական թռիչքի պայմանների
, առաջին հերթին կարճատև (8-10 րոպե) անկշռության, ազդեցության վերաբերյալ նախնական տվյալները ստացվել են ԽՍՀՄ-ում, 40-ական թվականների վերջերին, 50-ականների սկզբներին՝ 110-450 կմ բարձրության վրա արձակված կենդանիներ և այլ կենսաբանական օբյեկտներ կրող հրթիռներում անցկացված գիտափորձերում։ ԽՍՀՄ-ում տիեզերական կենսաբանության բնագավառում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1957 թվականից, երկրորդ արհեստական արբանյակով Լայկա շան թռիչքից հետո։ Այս գիտափորձերը հնարավորություն տվեցին գնահատել այն պայմանները, որոնց մեջ են ընկնում կենդանի օրգանիզմները տիեզերական տարածություններում թռիչքների ընթացքում։ Միաժամանակ փորձարկվել և մշակվել են տիեզերանավի խցում կենսաապահովման համակարգեր։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդու թռիչքը տիեզերք հնարավոր է։ Տիեզերական թռիչքի ժամանակ կենդանի օրգանիզմի վրա ներգործում են բազմաթիվ անբարենպաստ գործոններ։ Դրանք կարող են կապված լինել տիեզերական տարածության ֆիզիկական վիճակի (միջավայրի նոսրություն, իոնացնող ճառագայթում, որոնք բացառում են օրգանիզմների ելքը բաց տիեզերք առանց պաշտպանական հագուստի և այլն), թռչող ապարատի թռիչքի առանձնահատկությունների (աղմուկ, թրթռում, արագացում, անկշռություն) և տիեզերանավի խցիկում կենդանի օրգանիզմի գոյության պայմանների (արհեստական մթնոլորտ, շարժումների սահմանափակում, հուզական լարվածություն և այլն) հետ։ Տիեզերական կենսաբանության կարևորագույն ուղղությունն այդ գործոնների ազդեցության (ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր) ուսումնասիրումն է կենդանի օրգանիզմների վրա։ Հետազոտություններն անցկացվում են Երկրի վրա, մոդելավորմամբ և տիեզերական ռեալ թռիչքների պայմաններում։ 1966-1976 թվականներին «Կոսմոս» արբանյակներում տարբեր տևողության (18-22 օր) կոմպլեքս գիտափորձեր են կատարվել 37 կենսաբանական օբյեկտների (ամենամեծ ծավալով՝ կաթնասունների՝ սպիտակ առնետների) վրա։ Ուսումնասիրվել են, այսպես կոչված, մաքուր անկշռության (գլխավորապես մկանային, արյունատար, մարսողական և, այլ մյուս համակարգերի, որոնց գործունեությունը կապված է երկրային ծանրության ուժի ազդեցության հետ) փոփոխությունները, ինչպես նաև անկշռության և ճառագայթման համակցված ազդեցությունը (առնետների ճառագայթային հիվանդության ընթացքը անկշռության պայմաններում գործնականում չի տարբերվում երկրայինից)։ Կենսաբանական արբանյակներում արհեստական գրավիտացիա ստեղծելու ուղղությամբ մի շարք գիտափորձեր ցույց տվեցին, որ օրգանիզմում անկշռության ազդեցությամբ զարգացող անբարենպաստ փոփոխությունները հնարավոր է նշանակալիորեն կանխարգելել։ Ուսումնասիրված են նաև տիեզերական թռիչքների գործոնների ազդեցության հեռավոր հետևանքները, օրինակ, պարզվեց, որ տիեզերքում եղած արու առնետների կյանքի տևողությունը կարճ չէ ստուգիչ (կոնտրոլ) կենդանիների կյանքից։ Ստացված արդյունքները հարստացրել են մեր գիտելիքները կենդանի օրգանիզմների անկշռությանը հարմարվելու մեխանիզմների, կենսաբանական հիմնական պրոցեսներում (բջիջների բաժանում, ժառանգական ինֆորմացիայի հաղորդում, օրգանիզմների աճում և զարգացում) գրավիտացիայի դերի վերաբերյալ։ Իրագործված է նաև բույսի զարգացման ամբողջական շրջանը (ցիկլ) անկշռության պայմաններում։ Այս տվյալները թույլ են տվել հիմնավորել երկարատև ղեկավարվող տիեզերական թռիչքների բժշկակենսաբանական ապահովման հանձնարարականներ և կանխատեսել այդ թռիչքների տևողության հետագա երկարացումը։
Տիեզերքում
կենդանի նյութի գոյության, տարածման հնարավորությունները, էվոլյուցիայի առանձնահատկությունները ուսումնասիրում է տիեզերական կենսաբանության ուղղություններից մեկը՝ էքսոկենսաբանությունը։ Տիեզերական կենսաբանության նվաճումները լուսաբանվում են խորհրդային և արտասահմանյան մի շարք գիտական հատուկ ամսագրերում։
Աղբյուրներ՝ Կենսաբանություն 8 դասագիրք(Գ.Պ. Քյալյան, Ս. Հ. Սիսակյան, Տ. Վ. Թանգամյան, Գ. Ի. Միրզոյան)

вторник, 30 декабря 2014 г.

ԱՆՍԵԼՄ ՔԵՆԹԵՐԲԵՐԱՑԻ(1033-1109)

                                                             ՆԱԽԱԲԱՆ

Այսքան ժամանակ իմ անցած կամ չանցած փիլիսոփայության դասընթացներից ինձ ամենաշատը գրավեց Անսելմ Քենթերբերացու մասին դասընթացը, և ես հենց նրա մասին էլ որոշեցի գրել։ Անսելմ Քենթերբերացին ինձ գրավեց իր Աստծո կեցության «Գոյաբանական» ապացույցով։ Չնայած որ նա այն շարադրել էր կաթոլիկ եկեղեցու տրամադրած տվյալների վրա, իսկ ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ, միևնույնն է այն ինձ շատ դուր եկավ և ես որոշեցի, որ միգուցե հետագայում ես էլ կշարադրեմ Աստծո կեցության իմ ապացույցը։ Աշխատանքը կատարելիս իմ առաջ նպատակ եմ դրել ավելի լավ ծանոթանալ Անսելմ Քենթերբերացու կյանքին և գործունեությանը, փիլիսոփայական հայցքներին, Անսելմ Քենթերբերացու «Գոյաբանական» ապացույցի շնորհիվ ինքս ինձ մեկ անգամ ևս ապացուցել, որ Աստված գոյություն ունի և նա ամենակատարյալ և ամենազորեղ էակն է՝«այն, ինչից ավելի ոչինչ հնարավոր չէ մտածել»։ Թեման գրելիս դժվարությունը կայանում էր աղբյուրների տեղեկությունները համապատասխանեցնելու մեջ։ Այսպիսով՝ ես ընտրել եմ այս թեման և մեծ ոգևորությամբ աշխատել նրա վրա։ Հուսով եմ, որ ամեն  ինչ լավ է ստացվել։

 

                                                                       ԳԼՈՒԽ 1
          ԱՆՍԵԼՄ ՔԵՆԹԵՐԲԵՐԱՑՈՒ ԿՅԱՆՔԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Անսելմ Քենթերբերացին կաթոլիկ աստվածաբան էր, միջնադարյան փիլիսոփա, արքեպիսկոպոս, ռեալիզմի ներկայացուցիչ և սխոլաստիկական փիլիսոփայության հիմնադիրներից էր։ Նա ապացուցում է Աստծո գոյությունը իր Աստծո կեցության «գոյաբանական» ապացույցի շնորհիվ՝ հիմնվելով կաթոլիկ եկեղեցու տրամադրած տվյալների վրա։ Անսելմը ծնվել է 1033թ Իտալիայում, ապահովված ընտանիքում։ Հայտնի է, որ նա ուներ մի քույր՝ Ռիչեզա անունով։ Ռիչեզայի ամուսինը մասնակցել է առաջին խաչակրաց արշավանքներին։ 15 տարեկանում Անսելմը որոշեց դառնալ վանական, սակայն հայրը նրան արգելեց։ Անսելմը չուներ կոնկրետ նպատակ։ Նա փնտրում էր իր ես-ը տարբեր եկեղեցական դպրոցներում։ Անսելմը շուտով Լե-Բեկի մենաստանում 1078թին ընտրվեց վանահայր։ Այնտեղ նա գրեց իր առաջին փիլիսոփայական աշխատանքները, որոնք նրան աստվածաբանական ոլորտում բերեցին մեծ հեղինակություն և ճանաչում Եվրոպայի տարածքում։ Վանահոր անվան ներքո Անսելմը շատ անգամներ այցելել է Բրիտանիա։ Նա շուտով ընտրվել է արքեպիսկոպոս։ Անսելմը, այդ պահին գտնվելով Անգլիայում, փորձում էր հրաժարվել այդ պաշտոնից, բայց չնայած նրա հակառակությանը ընտրությունը կայացավ և նա դարձավ արքեպիսկոպոս։ չնայած որ Անսելմը արքեպիսկոպոս ընտրվելուց առաջ էլ վայել էր մեծ հեղինակություն և պատական գործչի բարձր որակավորում, միևնույնն է նա չէր կարողանում կարգավորել աշխարհիկ կառավարության և եկեղեցական հարաբերությունները և պաշտպանել Անգլիայի կրոնական համլսարանների շահերը Վիլհելմ երկրորդ թագավորից։ Անսելմը բնավորությամբ շատ փափուկ էր, բայց կրոնական և կանոնական իրավունքների հարցում նա չէր գնում ոչ մի փոխզիջման աշխարհիկ կառավարության հանդեպ։ Նա եկեղեցական ոչ մի ռեսուրս չէր տրամադրում աշխարհիկ իշխանությանը։ Ի տարբերություն Անսելմի Վիլհելմ երկրորդ թագավորը բնավորությամբ դաժան էր, անմիտ և չէր կարողանում արժեքավորել թագավորական իշխանությունը։ Շուտով թագավորի և Անսելմի միջև վեճ սկսվեց։ Արքեպիսկոպոսը պահանջում էր ետ վերադարձնել եկեղեցական հողերը, որը նրանից խլվել էր Լանֆրանկ թագավորի մահից հետո։ Չնայած այս պահանջը բավարարվեց, սակայն միևնույնն է թագավորի և Անսելմի միջև վեճը շարունակում էր թեժանալ եկեղեցու՝ ռազմական արշավների համար ֆինանսներ ներդնելու պատճառով և թագավորի անբարոյականության հարցի պատճառով, որը բարձրաձայնում էր Անսելմը։ Բոլորը գիտեին, որ թագավորը համասեռամոլ է, իսկ Անսելմը պատշաճ չէր համարում, որ անբարոյական թագավորը ընտրի Հռոմի պապին։ թագավորը իր ատելությունը չթաքցնելով, հայտարարեց, որ ատում է Քենթերբերացուն և պահանջեց նրա պաշտոնանկությունը և երկրից վտարումը։ 1095թ մայիսին Անգլիա է ժամանում պապի ներկայացուցիչ Կարդինալ Վալտեր Ալբանականը։ Նա ՈՒրբան պապի անունից թագավորին ներկայացնում էր մի բացառիկ արտոնություն, ըստ որի առանց Անգլիայի միապետի համաձայնության չի կարող պաշտոնանկ արվել ոչ մի քահանա և եկեղեցական ծառայող։ Կարդինալ Վալտերը հասավ իր նպատակին և անգամ չքննարկեց թագավորի հետ Անսելմի պաշտոնանկության թեման։ Թագավորը շարունակում էր նվաստացնել և անտեսել Անսելմ Քենթերբերացուն։ Նա Հռոմի պապ նշանակեց ՈՒրբան երկրորդին, փոխարենը պահանջելով Անսելմի պաշտոնանկությունը։ Անսելմ Քենթերբերացին ինքնակամ լքեց Անգլիան և ուղևորվեց դեպի Հռոմ։ Սա Անսելմի պարտությունն էր։ Հռոմում Անսելմին սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հռոմի պապը նրան վերաբերվում էր, ինչպես հավասարին։ Բայց չնայած այդ հարգանքի նա չկարողացավ առանձնացնել Վիլհեմ երկրորդին եկեղեցուց։ Անսելմը զայրացած մեկնեց Լիոն, որտեղ ապրեց իր ընկերոջ՝ Գուգո արքեպիսկոպոսի տանը, մինչև Վիլհելմ երկրորդի մահը(1100թ.)։ Հենրիխ առաջին թագավորի գահ բարձրանալուց հետո Անսելմը հրավիրվեց արքեպիսկոպոս Քենթերբերացու պաշտոնին։ 1100թ-ին նա վերադարձավ Անգլիա։ այդ ժամանակ նա դարձել էր կլյունական բարեփոխումների մոլի երկրպագու։ Կլյունական բարեփոխումները շարժում էր, որը առաջացել էր Արևմտյան եկեղեցում 10-11րդ դարերում՝ կենտրոնն էր կլյունական վանքը։ Հենրիխ առաջինը գնահատում էր Անսելմի աստվածաբանական տաղանդը և շատ էր հարգում նրան, սակայն չէր ցանկանում հրաժարվել անգլիական թագավորների հինավուրց իրավունքից՝ հոգևորականների վերաբերյալ։ Անսելմը նորից հիասթափված էր։ Նա մեկնեց Լիոն։ Իրավիճակըբ բարդացավ 1105թ-ին, երբ Հռոմի պապը առանձնացրեց եպիսկոպոսներին եկեղեցուց։ 1105թհուլիսի 22ին Լեգլ քաղաքում տեղի ունեցավ անձնական հանդիպում թագավորի և Քենթերբերացու միջև, որտեղ Հենրիխը համաձայնվեց վերադարձնել եկեղեցու եկամուտները և հողերը այն բանի դիմաց, որ եպիսկոպոսները ճանաչեն թագավորական իրավունքը հոգևորականների նկատմամբ։ Չնայած հռոմի պապը դեմ էր այդ փոխզիջմանը, բանակցությունները շարունակվում էին։ 1107թ,-ին Գերմանիայում կողմերը եկան համաձայնության, որը թագավորի իրավունքների պայքարի վերջաբան էր։ Թագավորը հրաժարվեց իր իրավունքից մատանու և գավազանի հանդեպ, սակայն պաշտպանեց իր իրավունքը հողերի և կալվածքների հանդեպ։ Անսելմ Քենթերբերացին 1107թ․ին վերադարձավ Անգլիա։ Նա կյանքի վերջին 2 տարիները անցկացրեց քենթերբերում՝ զբաղվելով անգլիական եկեղեցու գործերով։1109թ․ ապրիլի 21-ին Անսելմը մահացավ։ Ապրիլի 21-ը մինչև այսօր նշվում է որպես Սուրբ անսելմի օր կաթոլիկ, անգլիական և լյութերկան եկեղեցիներում։


                                                                  

                                                             ԳԼՈՒԽ 2
                   ԱՆՍԵԼՄ ՔԵՆԹԵՐԲԵՐԱՑՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱԶՅԱՑՔՆԵՐԸ

Անսելմ Քենթերբերացին հեղինակավոր մարդ էր կաթոլիկ եկեղեցու շրջաններում։
Նրան անվանում էին երկրորդ Օգոստինոս, որի քրիստոնեական դավանանքի համակարգը նա էլ ավելի բանականացրեց։ Չնայած՝ նա հավատին տալիս էր գերապատվություն բանականության նկատմամբ, այնուամենայնիվ, դիալեկտիկան նա համարում էր օգտակար, քանի որ այն կարող է ծառայել հավատի ամրապնդմանը։ Իր «մենախոսություն» աշխատությունը նա անվանեց նաև «հավատի բանականության մասին մտորումների օրինակ»։ Հայտնի է նրա այն միտքը, որ ինքը ոչ թե մտածում է, որպեսզի հավատա, այլ հավատում է, որպեսզի հասկանա։ Այսինքն՝ հավատը նախորդում է բանականությանը, որի համար պարտադիր են հավատի դրույթները։ Դիալեկտիկական արվեստը, ինչպես նաև բանականությունը պետք է ծառայեն հավատի դրույթներին։ Այդ պատճառով Անսելմը համարվում է առաջին սխոլաստը (պաշտոնական գիտնականը)։ Սխոլաստիկա է կոչվում միջնադարի պաշտոնական գիտությունն ու փիլիսոփայությունը, որի դերը հավատին ծառայելն էր։ Անսելմը ձգտում էր բանականության միջոցով հիմնավորել ոչ միայն Աստծո գոյությունը, այլ նաև այնպիսի հանրահայտ հրաշքներ, ինչպիսիք են Աստծու կողմից աշխարհի ստեղծումը ոչնչից, երրորդության առանձին և միասնությամբ հանդես գալը, Քրիստոսի համբարձվելը, հոգու անմահությունը և այլն։ իհարկե այս բոլորը իրոք որ հրաշքներ են, սակայն ըստ իս ոչ ոք չի կարող բանականության միջոցով հիմնավորել սրանք, որովհետև այս բոլոր հրաշքները մարդկային ուղեղին անհասանելի են։ Նոմինալիզմի և ռեալիզմի դարավոր վեճի մեջ Անսելմը անվերապահորեն ռեալիզմի կողմնակիցն էր։ Նախ բացատրեմ, թե ինչ են ռեալիզմն ու նոմինալիզմը։ Դրանք ողջ միջնադարում հայտնի ունիվերսալիաների(ընդհանուր հասկացությունների) բնույթի վերաբերյալ վեճի երկու հակառակ կողմերն են։ Ըստ նոմինալիստների իրականում գոյություն ունեն միայն եզակի, նյութական իրերը, իսկ ընդհանուր հասկացությունները՝ ունիվերսալիաները միայն բառեր են, նոմինաներ(անվանումներ), ուրեմն գոյություն ունեն միայն մարդու գիտակցության մեջ։ Անթիսթենեսը ասել է  տեսնում եմ մարդուն, բայց չեմ տեսնում մարդկությունը, տեսնում եմ ձինբայց չեմ տեսնում ձիությունը, տեսնում եմ եզանըբայց չեմ տեսնում եզությունը, այսինքն կան միայն իրերը, բայց ինչպես ասում էր Դավիթ Անհաղթը սա ծայրահեղ նոմինալիզմ է, իսկ նոմինալիստները կոպտացնում, պարզեցնում են ունիվերսալիաները,  դիտում են միայն իրերը, բայց ոչ ընդհանուր հասկացությունները։ Ըստ ռեալիստների՝ ընդհանուր գաղափարները ռեալ ձևով գոյություն ունեն՝ 1) universalia ante rem – մինչև իրերը, 2) universalia in re – իրերի մեջ, 3) universalia post rem – իրերից հետո մարդկային մտքում: Նոմինալիստների և ռեալիստների միջև վեճը սկիզբ է առնում ցինիկ Անտիսթենեսից, որը քննադատեց մեգարյան դպրոցի կողմից ընդունված իդեաների տեսությունը։ Անսելմ Քենթերբերացին ռեալիստ էր։ Նա ընդհանուր գաղափարներին վերագրում էր օբյեկտիվ գոյություն, որը առաջնային է զգայական աշխարհի եզակի նյութական իրերի նկատմամբ և անկախ է նրանցից։ Ըստ Անսելմի, օրինակ, ծառի գաղափարը գոյություն է ունեցել մինչև որևէ նյութական, զգայական ծառի առաջանալը։ Ծառի գաղափարը գոյություն ունի որպես Աստծո միտք, որը ժամանակից դուրս է և գոյություն ունի, այսպես կոչված, գաղափարների աշխարհում, որը աննյութական է, անփոփոխ և հավերժական։ Ըստ Անսելմի՝ իդեաների աշխարհում ոչ միայն զգայական աշխարհի իրերին համապատասխան գաղափարներն են, այլ նաև այնպիսի վերացական գաղափարներ, օրինակ, արդարությունը, բարությունը, ազատությունը, որոնք նյութական աշխարհում չունեն իրենց համապատասխան եզակի, զգայական իրերը։ Իդեաների աշխարհը Աստծո մտքերի աշխարհն է։ Որքան ավելի ընդհանուր է իդեայի բովանդակությունը, այնքան ավելի ռեալ է և օբյեկտիվ նրա գոյությունը։ Իմ կարծիքով ունիվերսալիաների հարցի մասին մտածելը ևայն քննարկելը պարզապես անիմաստություն է, սակայն եթե իմ անհատական աշխատանքի թեման Անսելմ Քենթերբերացին է, իսկ նա մտորել է այս հարցի շուրջ, ապա ես էլ կասեմ իմ կարծիքը։ Ըստ ինձ ունիվերսալիաները գոյություն ունեն իրերից առաջ՝ Աստծո մտքի մեջ և իրերից հետո՝ մարդկային մտքի մեջ։ Ես չեմ համաձայնվում ոչ ռեալիստների, ոչ էլ նոմինալիստների հետ։ Այսպես նոմինալիստները ասում են, որ ունիվերսալիաները տարբեր իրերի անվանումներ են, որոնք գոյություն ունեն միայն մարդկանց գիտակցության մեջ, սակայն ըստ իս դրանք նախևառաջ, մինչև իրերի ստեղծվելը գոյություն ունեին Աստծո մտքում, որից հետո Աստված ստեղծում է այդ իրերը, և այդ իրերը տեսնելուց հետո ունիվերսալիաները առաջանում են մարդկանց գիտակցության մեջ։ Ռեալիստները ասում են, որ ունիվերսալիաները գոյություն ունեն մինչև իրերը, իրերի մեջ և իրերից հետո։ Ես համաձայն եմ նրանց հետ, որ ունիվերսալիաները գոյություն ունեն մինչև իրերը՝ Աստծո մտքում և իրերից հետո՝ մարդկային մտքում, սակայն ինչպես կարող է իդեան գոյություն ունենալ իրերի մեջ։ Օրինակ, Աստված պատկերացնում է, թե ինչպես ստեղծի ծաղիկը և այն ստեղծում է, ես նայում եմ և ընդհանուր գաղափար կազմում ծաղկի մասին, սակայն ինչպես կարող է ծաղիկը ինքն իր մասին ընդհանուր գաղափար ունենալ։ Դա պարզապես անհեթեթություն է։ Ըստ Անսելմի մարդն Աստծո պատկերն է։ Մարդու համար իմացությունը հնարավոր է միայն մարդու հոգում Աստծո գերբնական պայծառեցման լույսի ներքո, որի շնորհիվ է միայն հնարավոր աստվածային գաղափարների ճանաչումը։ Մարդը կարող է բարոյական լինել միայն Աստծո ողորմությամբ և օգնությամբ։ Մասնավորապես, ազատ է համարվում այն մարդը, որն ընդունակ է արդարացի կյանքի, որը նույնպես կախված է Աստծուց։ Միանգամայն ազատ է դրախտ ընկած մարդը, իսկ դրախտ ընկնել կարելի է նույնպես միայն Աստծո կամքով ու ողորմությամբ։ Ես համաձայն եմ Անսելմի հետ այն հարցում, որ մարդ առանց Աստծո լուսավորության չի կարող իմաստուն լինել։ Ես նաև շատ եմ ողջունում, որ Անսելմ Քենթերբերացին ազատությունը կապում է ոչ թե անբարոյականության, այլ բարոյականության հետ։ Այսինքն նա ազատ է համարում այն մարդուն, ով բարոյական է, քանի որ միայն բարոյական մարդիկ կարող են, աստվածաշնչյան խոսքին համաձայն, մեռնելուց հետո էլ ապրել, իսկ նա ազատ է համարում այն մարդկանց, ովքեր մեռնելուց հետո էլ ապրում են։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ է բարոյականությունը, ապա ասեմ, որ ես այստեղ բարոյականություն ասելով հասկացել եմ Աստծո պատվիրաններով և օրենքներով ապրելը։ Փիլիսոփայության պատմության մեջ Քենթերբերացին հայտնի է Աստծո կեցության «գոյաբանական» ապացույցով, որի իմաստն այն է, որ Աստծո մասին հասկացությունից բխեցվում է նրա գոյությունը: Այսինքն՝ եթե մենք հասկացություն ունենք Աստծո մասին, ուրեմն Աստված անհրաժեշտաբար գոյություն ունի: Եթե աստվածուրացողն ասում է՝ «Աստված գոյություն չունի», բայց գիտե, թե Աստված ասելով ինչ են հասկանում հավատացյալները, ապա դրանով նա ենթադրում է Աստծո գոյության հնարավորությունը: Հետևաբար, նա պետք է ընդունի, որ Աստված գոյություն ունի: Եթե աստվածուրացողին ասում են, թե Աստված այն է, ինչից վեր ոչինչ չի կարելի մտածել, նա պետք է ընդունի, որ մենք հասկացություն ունենք Աստծո մասին, այսինքն՝ նա գոյություն ունի մեր մտածողության մեջ: Բայց քանի որ Աստված սահմանվում է որպես բացարձակ կատարելություն, որից անդին ոչինչ չի կարելի մտածել, հետևաբար, նա պետք է լինի ավելին, քան հասկացությունն է, այսինքն՝ պետք է գոյություն ունենա ոչ միայն մտքի, այլև իրականության մեջ: Ուրեմն, եթե Աստված, որպես հասկացություն, կատարյալ գոյացություն է, ապա հնարավոր չէ, որ կատարյալ գոյացությունը իրականում գոյություն չունենա: Աստծո կեցության «գոյաբանական» ապացույցի դեմ հանդես եկավ Քենթերբերացու ժամանակակից վանական Գաունիլոն, ըստ որի, որևէ առարկայի հասկացությունից չի կարելի բխեցնել դրա գոյությունը: Եթե մենք հասկացություն ունենք հեքիաթային կղզու մասին, ապա դա բնավ էլ չի նշանակում, թե այդ կղզին գոյություն ունի: Թեև աստվածուրացողը կարող է ինչ-որ պատկերացում ունենալ, երբ լսում է՝ «այն, ինչից ավելի ոչինչ հնարավոր չէ մտածել» արտահայտությունը, բայց դա այնքան անորոշ է, որպեսզի որոշակի պատկերացում ունենա Աստծո բնության, հետևաբար, Նրա գոյության մասին: Անսելմ Քենթերբերացու Աստծո կեցության «գոյաբանական» ապացույցը պարզապես հրաշալի էր շարադրված և ես լիովին համաձայն եմ նրա հետ։Վանական Գուանիլոն,  ասում էր, որ առարկայի հասկացությունից չի կարելի բխեցնել դրա գոյությունը։ Նա օրինակ էր բերում հեքիաթային կղզին և ասում, որ եթե մենք պատկերացում ունենք այդ կղզու մասին չի նշանակում, որ այն գոյություն ունի։ Ես ասեմ, որ Անսելմ Քենթերբերացին իր «գոյաբանական» ապացույցի մեջ նշում էր, որ եթե մենք պատկերացում ունենք Աստծո մասին, ով սահմանվում է որպես կատարելություն՝ «այն, ինչից ավելի ոչինչ հնարավոր չէ մտածել», ապա մենք պետք է ընդունենք նրա գոյությունը, որովհետև նա կատարյալ է, իսկ կատարելությունը չի կարող պարզապես գաղափար լինել, այն իրականում գոյություն ունի։ Մենք եթե պատկերացում ունենք հեքիաթային կղզու մասին, պարտադիր չէ, որ ընդունենք նրա գոյությունը, քանի որ կղզին կատարելություն չէ, որովհետև կատարելություն է միայն Աստված։

                                                                  ՎԵՐՋԱԲԱՆ

Թեման գրելիս ես կարողացա ավելի լավ ծանոթանալ Անսելմ Քենթերբերացու կենսագրությանը, փիլիսոփայական հայացքներին, ունեցա իմ սեփական կարծիքը դրանց վերաբերյալ։ Ես որոշեցի, որ հետագայում  պետք է շարադրեմ Աստծո կեցության իմ ապացույցը։ Ոչ միայն այս թեման գրելու, այլ նաև փիլիսոփայություն առարկայի բոլոր դասընթացների շնորհիվ ինձ մոտ ձևավորվեց քրիստոնյա լինելու գիտակցությունը և բարձրացավ իմ հավատքը։ Ես մինչ այդ իհարկե գիտակցում էի, որ քրիստոնյա եմ, բայց այդքան էլ շատ ուշադրություն չէի դարձնում, օրինակ, Աստվածաշունչ կարդալուն։ Փիլիսոփայության դասընթացներից հետո, ես որոշեցի ավելի հաճախ ընթերցել Աստվածաշունչ և ապրել տիրոջ պատվիրաններով, որովհետև դա է կյանքի ճշմարիտ ուղին։

Աղբյուրներ՝


Цифровая библиотека  по философии՝ http://filosof.historic.ru/books/item/f00/s00/z0000004/st122.shtml


Институт философии՝ http://iph.ras.ru/elib/0183.html

Библиотека гумер-философия՝ http://www.gumer.info/bogoslov_Buks/Philos/FilosPers/11.php

Աղասի Գևորգյան «Փիլիսոփայություն բոլորի համար»՝ http://vahagnakanch.wordpress.com/2011/04/08/%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B6/

Սեյրան Զաքարյան «Փիլիսոփայության պատմություն»՝ http://gevorgyan.info/index.php/hy/8-miak/17-philbovandakutyun