понедельник, 23 марта 2015 г.

ԻՍԼԱՄ

Իսլամը համաշխարհային երեք կրոններից մեկն է, որն առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: 2010թ.ի տվյալների համաձայն աշխարհում իսլամի հետևորդ են 1,3–1,8 մլրդ մարդ:     

Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծոն) անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը - բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ:
 
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:  Նա ծնվել է 570 թվականի ապրիլի 20 (22) (ըստ որոշ աղբյուրների՝ 571): Հայտնությունը նա ստացել է 40 տարեկանում: Ըստ իսլամի Մուհամմեդը վերջին մարգարեն էր և նրանից հետո այլ մարգարեներ չեն լինելու մինչև դատաստանի օրը: Նա մահացել է  632 թվականի հունիսի 8-ին: Նրա ձևակերպած իսլամի դրույթները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման վրա:
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 
 
Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: Կարծում եմ, որ այս առումով մահմեդականությունն ու քրիատոնեությունն իրար նման են: Քրիստոնեությունը նույնպես միաստվածություն է: Չնայած շատերը կարող են ժխտել քրիստոնեության միաստվածությունը, չհասկանակով, թե ինչպես կարող են Հայրը, Որդին և Սուրբ հոգին մի ամբողջություն լինել:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 
Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: Կարծում եմ քրիստոնեության մեջ նույպես ամենօրյա աղոթքը և Աստծո հետ շփումը պարտադիր է: Բարեգործությունը պարտադիր չէ սակայն ցանկալի է:
Ինչ վերաբերվում է բռնության ձևով կրոնը պարտադրելուն, ապա ասեմ, որ քրիստոնեության մեջ դուք երբեք նման բան չեք տեսնի:
Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 
622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:
XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: 
 
Ղուրանի տեսանկյունից, իսլամը  միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդները են բոլոր մարգարեները: Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով:
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին: Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմեդն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով:
 
 Ալլահը իսլամում համարվում է իրենց աստվածը, երկնքի, երկրի ու մարդու արարիչը, ով կառավարում է աշխարհը: Ալլահի նկատմամբ հավատը մահմեդական կրոնի հիմնական դավանանքն է:

Ըստ իսլամի` Ալլահը օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնցով սովորաբար օժտված են աստվածները միաստված կրոններում: Մահմեդականները Ալլահի հատկությունները արտահայտում են 99 մակդիրներով, որոնց թվին են պատկանում ամենազոր, մեծ, իմաստուն, գթավոր և այլ մակդիրներ:
Ալլահին հայտարարելով աշխարհի կառավարող, մահմեդական հոգևորականությունը ուսուցանում է, որ նա է ամբողջովին տնօրինում ժողովուրդների ու առանձին մարդկանց ճակատագիրը: Իսլամում ճակատագրապաշտական հայացքները առավել ընդգծված են:
 
   
Ղուրան (արաբ․՝ أَلْقُرآن‎‎ - ալ-Կուրան «բարձրաձայն ընթերցանություն») - մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրքը։

Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքն է։ Կազմված է կարդալ, արտասանել (արաբ․՝ قرأ‎‎) արմատից։ Ավանդության համաձայն Ղուրանը երկնային «Մայր գրքի» օրինակն է, որը հատվածաբար Մուհամմադ մարգարեին է հաղորդվել Ջաբրիիլ (Գաբրիել) հրեշտակապետի միջոցով 610-632 թթ. միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա քարոզչական գործունեության ընթացքում։
 
Մուհամմադի մահվանից հետո՝ 632 թվականին, հայտնությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում էր նրա զինակիցների հիշողության մեջ միայն։ Բանն այն է, որ նրա կենդանության օրոք դրանց միայն աննշան մասն էր գրի առնվել, այն էլ՝ քարերի, կենդանիների ոսկորների, արմավենու տերևների վրա, դեռևս անկատար արաբերեն գրով։ Գրառումները ճիշտ կարող էին մեկնաբանվել միայն այն դեպքում, եթե դրանք կատարած մարդիկ շարունակում էին մտքում պահել քարոզների տեքստերը։
Ավանդության համաձայն, Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին հրամայել հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցներ) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։ Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք՝ 650թ., և, հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։
Սակայն, Օսմանի մահվանից հետո դեռևս կես դար Ղուրանի տեքստը փոփոխությունների է ենթարկվել, հատկապես, արաբական գրի կատարելագործման ընթացքում։ Ղուրանի տեքստի վերջնական և ամփոփ օրինականացումը տեղի է ունեցել Մուհամմադի մահվանից երեք դար անց, Իբն Մուջահիդի (մահացել է 936թ.) ռեֆորմի արդյունքում, որն օրինականացրեց Սուրբ գրքի 7 հավասարազոր «ընթերցումները» (կիրաաթ)։
Ղուրանը կազմված է 114 սուրաներից (արաբերեն՝ سورة, աստիճան, կարգ, դիրք), որոնք իրենց հերթին բաժանվում են իմաստային հատվածների՝ այաների (արաբերեն՝ آية,նախանշան, հրաշք)։ Վերջիներիս թիվը մեկ սուրայում տատանվում է 3-ից (103-րդ, 108-րդ, 110-րդ սուրաներում) մինչև 286 (երկրորդ սուրա)։ Ընդամենը Ղուրանը կազմված է 6204–ից 6236 այաներից (ըստ տարբեր հաշվարկների)։ Սուրաները, որոշ բացառություններով, դասավորված են այաների քանակի նվազման կարգով՝ առանց որևէ իմաստային կամ ժամանակագրական հերթականության։ Բացառություններից է առաջին սուրան՝ Ալ-Ֆաթիհան (արաբերեն՝ فَاتِحَةٌ,Բացող), որում ընդամենը 7 այա կա։ Յուրաքանչյուր սուրա սկսվում է բիսմիլլահով՝ բիսմիլլահ առռահման առռահիմ (արաբերեն՝ بسم الله الرحمن الرحيم, Բարեգութ և գթասիրտ Աստծո անունով) մուտքով, բացառություն է կազմում միայն 9-րդ սուրան։
Ղուրանի գերակշռող մեծամասնությունը երկխոսության տեսքով բանավեճ է՝ մի կողմից մերթ առաջին, մերթ երրորդ դեմքով խոսող Աստծո և մյուս կողմից՝ իսլամի հակառակորդների և տատանվողների միջև։ Բացի բուն կրոնական և դիցաբանական սյուժեներից այն պարունակում է կրոնաիրավական բնույթի կարգադրություններ, որոնք սահմանում են «Աստծուն հաճելի» կենսակերպն ու վարվելաձևը, ծիսակարգի և երկրպագության որոշ կանոններ։ Ղուրանում արտացոլված են նաև Մուհամմադի կյանքի վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած որոշ պատմական իրադարձություններ։
«Ալ Ֆաթիհա» Ղուրանի առաջին սուրան
Թեմատիկ առումով Ղուրանում կարելի է առանձնացնել մի շարք թեմատիկ խմբեր.
  1. Մարգարեական սյուժեներ
  2. Պատմական իրադարձությունների մեկնաբանություններ
  3. Իսլամական իրավունքի նորմեր
  4. Մուսուլմանական էսխատաբանություն
և այլն
Մուհամմադի քարոզները, որոնք հետագայում կազմեցին Ղուրանի տեքստը, հիմնականում հանդիսանում են նրա արձագանքը իր հակառակորդների փաստարկներին։ Ղուրանում չկա որևէ ներքին կառուցվածքային ամբողջականություն։ Մուհամմադի քարոզներում աղոթքները, անեծքները, խրատական պատմությունները, կրոնական կարգադրությունները և քաղաքացիական օրենքները հաջորդում են իրար՝ առանց որևէ համակարգի կամ հերթականության։ Այս հանգամանքը բացատրվում է ոչ միայն Մուհամմադի էքստատիկ վիճակով կամ նոր ուսմունքի շուրջ ծավալված լարված պայքարի հանգամանքներով, այլև հեթանոսական քրմական հմայություններին հանգող ժանրի առանձնահատկություններով։
Նախաիսլամական պոեզիայի հիմնական ձևի՝ կասիդայի 4-5՝ իրար հետ չկապված հատվածները կրկնվում և փոխակերպվում են տարբեր ստեղծագործություններում։ Ղուրանի ոչ մեծ չափսի սուրաներում (օրինակ՝ 44-47), որոնք տեսականորեն առավելագույնս են համապատասխանում բանավոր քարոզի պահանջներին, նույնպես, որոշ փոխակերպումներով, կրկնվում են որոշակի հատվածներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ներածություն», «բանավեճ», «խրատական պատմություն», «եզրակացություն»։
Ինչպես և կասիդայում, այստեղ նույնպես մի մասից մյուս մասի անցումը անսպասելի է և ընդհատուն, սյուժեի զարգացումը բացակայում է։ Ղուրանի, ինչպես և կասիդայի սյուժետային մասնատվածությունը պայմանավորված է ինչպես Մուհամմադի քարոզի բանավոր բնույթով, այնպես էլ այդ ժամանակաշրջանի մարդու մտածելակերպի առանձնահատկություններով, որն աչքի էր ընկնում առաջին հերթին պատկերայնությամբ և ասոցիատիվությամբ։ Անսպասելի անցումները, որոնք ուժողացնում են ունկնդիրների վրա ունեցած ազդեցությունը, իրականում այդքան էլ անսպասելի չեն՝ դրանք նախապատրաստվում են ասոցիացիաների նրբագույն խաղով։ Ղուրանում, ինչպես և նախաիսլամական պոեզիայում, մեծ տեղ են զբաղեցնում ֆորմուլային արտահայտությունները, ինչը, նույնպես, հանդիսանում է բանավոր մշակույթի կարևոր առանձնահատկություններից մեկը։


Սուրանները, ըստ Մուհամմադի կողմից դրանց արտասանման վայրի և ժամանակի, ընդունված է բաժանել 90 «մեքքայականի» և 24 «մադինայականի»։ «Մեքքայական» սուրաներն էլ, իրենց հերթին, եվրոպական արաբագիտության մեջ բաժանվում են 3 շրջանի։ Սակայն այս բաժանումը բավականին պայմանական է, քանի որ սուրաների մեծ մասի ժամանակացույցը վերջնականապես դեռ որոշված չէ, և, բացի այդ, մեծ թվով սուրաներում միավորված են տարբեր ժամանակաշրջանում արտասանված այաթներ։
Տարբեր շրջանի սուրաների ոճական և թեմատիկ բազմազանությունը բացատրվում է նրանով, որ Մուհամմադն իր ձեռքում էր կենտրոնացրել մի քանի տարբեր սոցիալական ֆունկցիաներ՝ հռետոր, զորավար, դատավոր, պոետ և այլն։ Սակայն նա դա արել է ժամանակի ընթացքում։ Ամեն մի նոր ֆունկցիայի ավելացմամբ փոխվում էր թեմատիկան և, հետևաբար, նաև քարոզի ոճը։ Իր մարգարեական գործունեության սկզբում նա հանդես էր գալիս որպես նախազգուշացնող մարգարե։ Ստեղծելով հավատացյալների Ումման նա դարձավ նաև կրոնական ուսմունքի հիմնադիր մարգարե, իսկ հիջրայից հետո այդ դերին ավելացավ նաև պետության հիմնադրի դերը։


Առաջին՝ այսպես կոչված «բանաստեղծական» խումբը համապատասխանում է Մուհամմադի գործունեության առաջին 4 տարիներին, երբ նա դեռ ինքն էլ չէր գիտակցում իր առաքելության ողջ ծավալը և իր քարոզի առանձին հատվածները չէր ընկալում որպես «Գրքի» մասեր։ Այս խմբին են պատկանում բանաստեղծական առումով առավել կատարյալ սուրաները, որոնք հանդիսանում են հին արաբական գրական և մշակութային ավանդույթի զարգացումը։ Դրանք գրված են սաջով՝ հանգավորված արձակով, որը ոճական մեծ ընդհանրություններ ունի արխաիկ պոեզիայի հետ, ինչն էլ պատճառ դարձավ, որ Մուհամմադի քարոզի առաջին տարիներին նրան ընդունեն առաջին հերթին որպես բանաստեղծ՝ շաիռ (Ղուրան 52։ 30), քուրմ՝ քահին (Ղուրան 52։ 29), կախարդ՝ սահիռ (Ղուրան 51։ 52, 72։24), կամ էլ խելագար՝ մաջնուն (Ղուրան 51։ 52, 52։ 29, 65։ 51, 81։ 22), չնայած, որ անձամբ Մուհամմադը բազմիցս պնդում էր, որ նա Ալլահի առաքյալն է, ոչ թե պոետ։
Որպես կանոն, այս խմբի մեջ են մտնում ամենակարճ սուրաները, որոնք կազմված են մի քանի պարզ, սակայն միևնույն ժամանակ, խիստ ցուցումներ պարունակող կարճ այաթներից։ Նրանցում հաճախ են հանդիպում երդումներ և անեծքներ, որոնք կոչ են անում մտածել փրկության մասին։ Դա բացատրվում է նրանով, որ Մուհամմադը իր քարոզի առաջին տարիներին իր առջև մի կանոնավոր խնդիր էր դրել՝ համոզել ունկնդիրներին, որ այն ամենը, ինչ նա ասում է, անհերքելի ճշմարտություն է, իսկ այդ ժամանակ նա դա կարող էր անել միայն երդումներով, անեծքներով, թախանձանքով, կոչերով։
Ղուրանում երդումները հանդիպում են 37 սուրաների մեջ, որոնցից 23-ը պատկանում են հենց «բանաստեղծական» շրջանին։ Օրինաչափ է նաև այն հանգամանքը, որ այս շրջանի սուրաներում առավել տարածված թեմաներից է Ահեղ Դատաստանի թեման՝ այն հանդիպում է 27 սուրաներում, որոնց զգալի մասը նվիրված է բացառապես Ահեղ Դատաստանի մասին հիշեցմանը և նկարագրմանը։ Արդեն այս շրջանի միջին հատվածում սկսում են հանդիպել դրախտի և դժոխքի նկարագրություններ, որոնք համապատասխանում են անապատի բնակչի պատկերացումներին և ակնկալիքներին։ Վաղ սուրաներում հանդիպում են Ալլահի 99 էպիտետների՝ «գեղեցիկ անունների» մոտ քառորդը։ Դեռ չկան հիշատակումներ նախորդ մարգարեների մասին, և չեն նկատվում աստվածաշնչյան ավանդույթի հետ ծանոթության հետքեր։ Եվրոպական ղուրանագիտության մեջ այս խմբին են պատկանում 48 սուրաներ, որոնք Ղուրանում համեմատաբար կոմպակտ են դասավորված տեքստի 2-րդ կեսում։


Երկրորդ՝ «ռահմանական» շրջանը համապատասխանում է քարոզի 5-6-րդ տարիներին։ Այս շրջանի սուրաները, որոնց բնորոշ է կիսաբանաստեղծական- կիսահռետորական տոնը, ավելի հանգիստ են։ Առաջին պլան է գալիս միաստվածության հայտարարումը, և Մուհամմադը կտրականապես խզում է կռապաշտության հետ որևէ կապ։ Սուրաներում հանդիպում են որոշ, դեռևս աղոտ ցուցումներ ծեսերի և վարվելակարգի վերաբերյալ։ Մուհամմադը սկսում է հայտնություններն ընկալել որպես մի ամբողջի մաս՝ առաջին պլան է գալիս Ղուրանի գաղափարը։ Հազվադեպ են հանդիպում երդումներ՝ ընդամենը 7 սուրաներում, ընդ որում դրանք բացառապես երդումներ են Ղուրանով։
Դրախտի և դժոխքի նկարագրություններն ավելի մանրամասն են, քան նախորդ շրջանի սուրաներում։ Այս շրջանից սկսած տեսքտում մեծ տեղ է հատկացվում նախորդ մարգարեների և հերոսների մասին պատումներին, ընդ որում ինչպես արաբական, այնպես էլ աստվածաշնչյան։ Այսպիսով նոր կրոնը բուն արաբական ավանդույթի կողքին սկսում է հիմնվել նաև մերձավորարևելյան միաստվածության ողջ ավանդույթի վրա։ Այս շրջանում սուրաներն ավելի երկար են դառնում, փոխվում է նաև ոճը՝ Մուհհամադը սաջից աստիճանաբար անցնում է պատմողական արձակի, ինչը թելադրված էր այն հանգամանքով, որ տեքստի մեջ մեծ թվով ավանդապատումներ էին մտել, ինչը հնարավոր չէր իրականացնել սաջի կանոնների սահմանում։ Այս շրջանին են պատկանում տառերով անվանված բոլոր 4 սուրաները (20-րդ, 36-րդ, 38-րդ, 50-րդ), ինպես նաև 9 սուրաներ, որոնք սկսվում են տառերով։ Այս շրջանին են վերագրում 21 սուրաներ։
 
Երրորդ շրջանի մեջ են մտնում քարոզի 7-րդ տարուց մինչև հիջրա ընկած ժամանակաշրջանին պատկանող սուրաները։ Դա Մուհամմադի կյանքի ամենաբարդ ժամանակահատվածն էր, երբ նա, մնալով առանց հովանավորի, իր գաղափարակիրների հետ մնում է մեկուսացված և ստիպված է լինում գաղտնի կերպով ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ Բնականաբար, նրա առջև դրված նոր խնդիրները չէին կարող չազդել քարոզների կառուցվածքի և ոճի վրա։ Այս շրջանի սուրաները ավելի շուտ հռետորական են, քան բանաստեղծական։ Նրանցում մեծ տեղ են գրավում մարգարեների մասին պատումները, այդ պատճառով այս շրջանն անվանում են «մարգարեական»։ Այդ պատումների շնորհիվ վերջնականապես ձևավորվում է մեկ ընդհանուր մարգարեական ավանդույթ Իբրահիմից (Աբրահամ) մինչև Մուհամմադ՝ «մարգարեների կնիք»։ Մուհամմադը մարգարեական սյուժեներին էր դիմում հիմնականում այն ժամանակ, երբ ինքն էլ հայտնվում էր նմանատիպ բարդ իրավիճակում և ցանկանում էր ցույց տալ իր ունկնդիրներին, որ ողջ պատմության ընթացքում նրանք, ովքեր չեն հետևել Աստծո մարգարեներին և, առավել ևս, փորձել են վնասել նրանց, կործանման են դատապարտվել, մինչդեռ Աստված միշտ փրկել է իր մարգարեներին և նրանց հետևորդներին։
Հայտնվում է «մայր գրքի»՝ Մուսայից (Մովսես) մինչև Մուհամմադ ընտրյալ մարգարեներին հաղորդված բոլոր գրքերի նախամոր գաղափարը։ Արդյունքում ձևավորվում է ահլ ալ-քիթաբ (գրքի մարդիկ) հասկացությունը։ Վերջնականապես ձևավորվում է նաև Ղուրանի անկրկնելիության գաղափարը։ Երկրորդ պլան է անցնում դրախտի թեման։ Երդումները, որոնք նախորդ շրջաններում բավականին հաճախ էին հանդիպում, այս շրջանում հանդիպում են ընդամենը 4 անգամ։ Այս շրջանին են պատկանում տառերով սկսվող սուրաների մեծամասնությունը։ Նման սուրաները Ղուրանում ընդամենը 28-ն են, դրանցից մեկը պատկանում է առաջին շրջանին, 9-ը՝ երկրորդ, 16-ը՝ երրորդ և 2-ը՝ 4-րդ։ «Մարգարեական» շրջանին են պատկանում 21 սուրաներ։
 
Մադինայական շրջանի սուրաները ոճական առումով գրեթե չեն տարբերվում ուշ մեքքայական շրջանի սուրաներից, ինչը չի կարելի ասել բովանդակության մասին։ Սրանցում մարգարեական պատումներն ավելի փոքրածավալ են և, որպես կանոն, ունեն հիշեցման ձև, հանդիպում են արտահայտություններ հրեաների և քրիոստոնեության Սուրբ Երրորդության դեմ։ Այս շրջանի սուրաներում ոչ միայն չկան երդումներ, այլև կա կոչ՝ չերդվել ի ապացույց սեփական իրավացիության (Ղուրան 24։ 52)։
Մուսուլմանական իրավունքի տեսանկյունից սրանք առավել մեծ կարևորություն ներկայացնող սուրաներն են։ Դա պայմանավորված է նրանով, որ հիջրայից հետո կտրուկ փոխվեցին Մուհամմադի դերն ու խնդիրները։ Նա այլևս կարիք չուներ որևէ բան համոզելու կամ ապացուցելու։ Նրա առջև ավելի կարևոր խնդիր էին դրված, քանի որ նա դարձել էր մուսուլմանական համայնքի՝ ումմայի ղեկավարը։
Այս սուրաները ստեղծված են կրոնական և քաղաքական օրենսդրի կողմից, որն արդեն ոչ թե պետք է քարոզեր նոր կրոնը, ապացուցեր իր իրավացիությունը, այլ համակարգեր իր կրոնական ուսմունքը և, միևնույն ժամանակ, նոր հասարակության հիմքերը կառուցեր, քանի որ աստվածաբանական, վախճանաբանական (էսխատաբանություն), տիեզերածնության խնդիրները, հիմնականում, արդեն լուծվել էին մեքքայական շրջանում։
Մահմեդականները հավատում են, որ Մուհամեդի միջոցով, Աստված ուղարկել է նոր կրոնը - իսլամը - ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը - վերջին Աստվածային Հայտնությունը: Ըստ Իսլամի դրույթների, Մուհամմեդը – Աստծո վերջին առաքյալն է նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը: Մուհամմեդը Մեքքենական Ղուրայշ ցեղից էր: Նրա նախնիներից է մարգարե Աբրահամը ու նրա որդի Իսմայիլը: Ռազմաքաղաքական, տնտեսական, կրթական և այլ ձեռքբերումները մահմեդականների կողմից հանգեցրել է նրան, որ իսլամը դարձավ համաշխարհային կրոն, Մահմեդականների տեսանկյունից, Իսլամի ծագումը և զարգացումը առաջին հերթին կապված է Աստվածային հայտնութունից և ճակատագրից: Իսլամը դարձավ նոր քաղաքակրթության, նոր տիպի մտածողության, ապրելակերպի հիմքը, որոնք ազդել են մարդկության պատմության ընթացքում:
 
Մահմեդական համայնքներ գոյություն ունեն ավելի քան 120 երկրներում և համակցված են, ըստ տարբեր տվյալներով 1,3 մինչև 1,9 միլիարդ մարդ: 35 երկրներում մահմեդականները կազմում են բնակչության մեծ մասը, իսկ 29 երկրներում, Իսլամի հետևորդները կազմում են հզոր փոքրամասնություն: 28 երկրներում, իսլամը ճանաչվել է պետական կամ պաշտոնական կրոն: Միայն մահմեդականների 18% է ապրում արաբական երկրներում: Իսլամը երկրորդ ամենամեծ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից հետո, ինչպես նաև մոլորակի ամենաարագ աճող կրոնը:

Մութազիլիականների ուսմունքի 5 հիմնական հիմքերը

Մութազիլիականների համոզմունքների հիմք էին կազմում հավատքի հինգ հիմքերը՝ ասլերը (أصل):

1. Ասլ աթ-Թաուհիդ (
أصل التوحيد
), Հավատը միակ Ալլահին

Մութազիլիականների համոզմունքների հիմք էր կազմում հավատը միակ Ալլահին: Այս անվան տակ միավորված են երկու տարբեր դրույթներ՝ անտրոպոմորֆիզմի ժխտումը և Ղուրանի արարված լինելու մասին ուսմունքը:
Մութազիլիականները կտրականապես դեմ էին անտրոպոմորֆիզմին, այսինքն՝ Ալլահին մարդկային կերպարանք տալուն: Անտրոպոմորֆիզմը մուսուլմանական աստվածաբանական գրականության մեջ մատնանշվում է «թաշբիհ»՝
تشبيه տերմինով (արաբ. شَبِهَ՝ «նման լինել» բայարմատից)
: Ելնելով Ալլահի հոգևոր լինելու բնույթի մասին պատկերացումից՝ մութազիլիականները գտնում էին անհնարին նրան մարդկային կերպար և հատկություններ վերագրելը, որոնք կապված են մարդկային պատկերացումների հետ, ինչպիսիք են ուժը, զայրանալու և վրեժ լուծելու կարողությունը, ամենակարողությունը, ամենատեսությունը և այլն: Մութազիլիականներն ասում էին, որ սա Ալլահին վերագրելը նույնքան միամիտ է, որքան պատկերացնել նրան նստած գահին՝ մարդկային կերպարանքով, հատկությունները պատկերացնել որպես հատուկ սուբստանցիաներ, այսինքն՝ ընդունել դրանք որպես աստվածություն, ինչը կհակասեր միաստվածությանը: Կարճ ասած՝ մութազիլիականները Ալլահին պատկերացնում էին որպես մաքուր և մարդկային ընկալմանն անորոշ մի միասնականություն: Ալլահը նման չէ իր ստեղծածներին՝ մարդկանց և անճանաչելի է նրանց կողմից: Ինչպես ասում էին մութազիլիականները, Ալլահին հնարավոր չէ հասկանալ ոչ դիտարկմամբ, ոչ բանականութայմբ, ոչ սրտով: Ալլահի միասնականությունը, հոգևոր բնույթը, անորոշությունը և անճանաչելիությունը՝ ահա սա է մութազիլիականների ուսմունքը աստվածության մասին:
Մութազիլիականները ժխտում էին ուղղափառ իսլամի դրույթը Ղուրանի հավերժության և չարարված լինելու մասին՝ ելնելով հետևյալ փաստարկներից: Եթե Ղուրանը արարված չլիներ Ալլահի կողմից, ապա նրա հետ հավերժ գոյություն կունենար, հետևաբար Ղուրանը կունենար հավերժության և արարված չլինելու այն բոլոր կարգերը, որոնցով օժտված է Ալլահը: Այսպիսով Ղուրանը կդիտվեր որպես երկրորդ Ալլահ, ինչը արդեն կհակասեր միաստվածությանը: Մութազիլիականներն ասում էին, որ հավերժ և չարարված է միայն Ալլահը, իսկ քանի որ երկրորդ Ալլահին անհնար է պատկերացնել մտածողությամբ, ապա այստեղից ելնում է, որ Ղուրանը հավերժ չէ և արարված է Ալլահի կողմից:  Այդ պատճառով ուղղափառ մուսուլմաններին մութազիլիականները երկաստվածային էին անվանում: Ղուրանի արարված լինելու դրույթից մի եզրակացություն է ելնում, որը շատ կարևոր է մութազիլիականների ռացիոնալիզմի համար: Եթե Ղուրանը Ալլահի արարվածներից մեկն է, ապա չի կարելի և պետք չէ ընդունել այն բառացիորեն և առանց դիտարկման: Ճիշտ է, մութազիլիականները ընդունում էին, որ Ղուրանը սուրբ գիրք է, քանի որ ստեղծված է Ալլահի կողմից, բայց նշում էին, որ այդ սրբությունը վերաբերում է միայն Ղուրանի ընդհանուր բովանդակությանը, նրա սկզբունքներին և գաղափարներին, այլ ոչ թե նրա ցանկացած արտահայտությանը կամ տառերին: Այս արտահայտությունները ինչ-որ չափով կարող էին լինել պայմանական, մարդկային, ինչպես և կաշին, թանակը և այլն, որոնց շնորհիվ Ղուրանը գրի է առնվել մարդկանց կողմից: Ահա այս պատճառով է, որ մութաիլիականները հնարավոր էին համարում Ղուրանի այլաբանական մեկնաբանումը՝ նրա ներքին բովանդակությունը բացահայտելու համար:

2. Ասլ ալ-Ադլ (أصل العدل), «աստվածային արդարության արմատ»

Ընդունելով Ալլահի արդար լինելու մասին համաիսլամական ուսմունքը՝ մութազիլիականները այստեղից դուրս էին բերում ազատ կամքի, նախախնամությունը ժխտելու մասին ուսմունքը:
Մութազիլիականների այս ուսմունքը եղել է կադարիների ուսմունքի զարգացում՝ տրամաբանորեն ավելի փաստարկված և կազմավորված:
Մութազիլիականները գտնում էին, որ քանի որ Ալլահը արդար է, ապա այն կարող է ստեղծել միայն այն, ինչ արդար է, բանական և նպատակային, այդ պատճառով նա չէր կարող դառնալ չարության և անարդարության աղբյուր, մարդու կողմից արվող չար արարքների ստեղծող: Անհնար է թույլ տալ, որ Ալլահը, ով մարդուն ստեղծել է ոչ ազատ կամքով և նախասահմանել է նրան դեպի ոչ միայն բարի, այլ նաև չար արարքներ, միևնույն ժամանակ պատժում է մարդուն հենց նույն չար արարքների համար: Այսպիսով, չարության աղբյուրը ոչ թե Ալլահն է, այլ մարդու ազատ կամքը, որը հատկացվում է Ալլահի կողմից իր ստեղծածներին: Մարդիկ բարի ու չար գործեր են կատարում՝ օգտվելով իրենց ազատ կամքից, որը ներդրվել է Ալահի կողմից: Այսպիսով, դրախտը և դժոխքը արդարացի փոխհատուցում են հանդիսանում մարդու արարքների համար: Եթե մարդը չունենար ազատ կամք և չտիրապետեր բարու և չարի միջև ընտրությամբ, հետևաբար, պատասխանատու չէր լինի իր արարքների համար և դրախտն ու դժոխքը մեծ անարդարություն կլինեին: Ինչ վերաբերում է դրախտին և դժոխքին, ապա մութազիլիականները չէին ընդունում դրախտի վայելքները և դժոխքի չարչարանքները նույն բառացի իմաստով, ինչպես դրանք պատկերացնում էին սկզբնական իսլամի հետևորդները:

3. Ասլ ալ-Վա
դ ուա ալ-Վաիդ (أصل الوعد و الوعيد)
, «հորդորման և սպառնալիքի արմատ»

Ուսմունք է անդրշիրիմյան կյանքում մարդու արարքների դիմաց տրվող փոխհատուցման մասին: Սա կիրառական էթիկա է, ուսմունք է փոքր և մեծ մեղքերի մասին: Այս ուսմունքի համաձայն՝ Ղուրանը հորդորում է մարդկանց, ովքեր թեթև մեղք են գործել և սպառնում է պատժով նրանց, ովքեր ծանր մեղք են գործել: Ծանր մեղքերի շարքին մութազիլիականները դասում էին նաև անտրոպոմորֆիզմը՝ թաշբիհը՝ Ալլահին մարդկային կերպարանք տալը
:

4. Ասլ ալ-Մանզիլա բեյնա-լ-Մանզիլաթեյն
(أصل المنزلة بين المنزلتين)
, «միջանկյալ դիրք հավատքի և անհավատության միջև»

Մութազիլիականների կարևոր ուսմունքներից մեկն է: Այն ենթադրում է, որ մեծ մեղք գործած մուսուլմանը չի դադարում լինել անհավատ, այլ միջանկյալ դիրք է զբաղեցնում հավատքի և անհավատության միջև: Վասիլ իբն Աթայի հենց այս կարծիքն էր, որ հակասում էր Հասան ալ-Բասրիին, ով գտնում էր, որ մեծ մեղք գործած մուսուլմանը անհավատ է:

5. Ասլ ալ-Ամր ուա ան-Նահի
(أصل الأمر بالمعروف و النهي عن ألمنكر), «հրամանի և արգելքի արմատ»
Ղուրանական այս արտահայտությունը նշանակում է մուսուլմանական համայնքի (մուսուլմանական պետության) ղեկավարների պարտավորությունը ճշգրտորեն ցույց տալ մուսուլմաններին, թե ինչ արարքներ են նրանց համար պարտադիր և որոնք են արգելված: Կիրառության վրա «ալ-ամր ուա ան-նահին» նշանակում էր իմամի աշխարհիկ և հոգևոր անսահմանափակ իշխանությունը՝ մուսուլմանական իրավունքի սահմաններում: Մութազիլիականները այս կանոնը մեկնաբանում էին այսպես. իմամ-խալիֆը իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է «հաստատել հավատքը» ոչ միայն լեզվով և ձեռքով, այլ նաև սրով, այլ կերպ ասած՝ նա պարտավոր է պահպանել հավատքը ոչ միայն քարոզով և գրությամբ, այլ նաև բոլոր հերետիկոսներին հետապնդելով: Բնականավար, այս դեպքում մութազիլիականներն ի նկատի ունեին, որ հենց իրենց ուսմունքը պետք է ճանաչվի ճշմարիտ, պետական և պարտադիր բոլոր մուսուլմանների համար: Այս ամենից երևում է, որ չնայած մութազիլիականները ռացիոնալիստներ են, այնուամենայնիվ նրանք չեն եղել կրոնական ազատամտության կողմնակից:

Բանականության փաստարկների առաջնային լինելը մութազիլիական քալամում

Իրենց համոզմունքներն ապացուցելու համար մութազիլիականները մի ամբողջական մեթոդաբանական բազա են մշակել: Առաջին հերթին նրանք հղում էին Հայտնության ակնհայտ և ոչ երկիմաստային փաստարկները
(նասսերը): Սակայն, դրա հետ մեկտեղ նրանք լայնորեն կիրառում էին բանականության (عقل՝ ակլ) և տրամաբանության (منطق՝ մանտիկ) փաստարկները: Ավելին՝ նրանք փաստորեն հավասարեցնում էին դրանք Հայտնության փաստարկների հետ: Իսլամական դավանաբանության գրեթե բոլոր դրույթները ռացիոնալ հիմնավորմանն ու իմաստավորմանն էին ենթարկվում: Այն, ինչը հակասում էր բանականության փաստարկներին, մերժվում էր: Նրանք պնդում էին, որ դատողությունը այն մասին, թե արդյոք այս կամ այն արարքը լավը կամ վատն է, հնարավոր է դուրս բերել միայն առողջ դատողությամբ, նույնիսկ եթե այդ առիթով չկան Հայտնության ուղիղ ցուցումներ: Այսպիսով, մութազիլիականությունը իսլամի պատմության մեջ դարձավ առաջին աշխարհայացքային դպրոցը, որը փորձեց ռացիոնալ մեկնաբանություն տալ շարիաթի զանազան տեսակետներին: Կրոնի դրույթների ռացիոնալ իմաստավորման գործընթացը սկսեց կրել «քալամ» անվանումը (كلام՝ արաբ.՝ խոսք, բառ), իսկ փիլիսոփա-քալամիստներին սկսեցին անվանել մութաքալլիմներ: Մութաքալլիմները մեծ ներդրում ունեցան ոչ միայն մուսուլմանական, այն նաև համաշխարհային փիլիսոփայության զարգացման մեջ և իրենց արժանի տեղն են զբաղեցրել պատմության մեջ: Անհրաժեշտ է նշել, որ քալամի դրույթները մշակվել են ոչ միայն մութազիլիականների, այլ նաև սուննի-մուսուլմանների ճամբարի իրենց հակառակորդների կողմից, որոնք իրենց հերթին գտում էին, որ շարիաթի դրույթների ռացիոնալիզացման գործընթացը անխուսաձելի է: Բանն այն է, որ այդ դեպքում իսլամական հավատը, որը կառուցվում էր միայն Հայտնության դրույթների վրա, կկորցներ իր ակտուալությունը  ինտելեկտուալ, գիտական և հասարակական մեծ առաջընթացի պայմաններում, որը տիրում էր միջնադարյան մուսուլմանական համայնքում: Սակայն, միևնույն ժամանակ, ուղղափառ մութաքալլիմները ստեղծեցին մի աշխարհայացքային համակարգ, որի դեպքում քալամի դրույթները ներդաշնակորեն համադրվում էին Հայտնության դրույթների հետ: Նման փոխզիջողական ուսմունքը մշակել են մուսուլման նշանավոր մտածողներ Աբու ալ-Հասան ալ-Աշարին և Աբու Մանսուր ալ-Մատուրիդին: Աշարիականությունը և մատուրիդիականությունը դարձան սուննիական իսլամի գլխավոր աշխարհայացքային ուղղություններ՝ սկսած միջնադարից մինչև նոր ժամանակները: Մութազիլիականների ռացիոնալիզմը ելնում էր նրանց կողմից անտիկ և հին հռոմեական փիլիսոփայության լավ իմացությունից: Անտիկ մտածողների փիլիսոփայական մեթոդները նրանց կողմից կիրառվում էին շարիաթի դրույթների բացատրության և ռացիոնալ իմաստավորման մեջ: Հայտնության այն բոլոր դրույթները, որոնք հակադրվում էին բանականության դրույթների հետ, մութազիլիականների կողմից ենթարկվում էին այլաբանորեն մեկնաբանման: Սակայն պետք է նշել, որ փիլիսոփայական ռացիոնալիզմի մեթոդները մութազիլիականներից շատերը այնքան լայն և անսահմանափակ էին օգտագործում, որ նրանց դեմ սկսեցին հանդես գալ ուղղահավատները, ովքեր դեմ էին այդ մեթոդներին: Եվ իսկապես, բանականության փաստարկների չափից դուրս առաջնային լինելը մութազիլիական փիլիսոփայությունում ուներ իր թույլ և չհամոզող կողմերը, քանի որ բանականությունը ունի իր թերությունները և որոշ դեպքերում ճշգրտորեն չի կարող ընկալել օբյեկտիվ իրականությունը: Սեփական մտածողությամբ ամեն բան բացատրելը մութազիլիականներին բերեց սխոլաստիկայի՝ ճշմարիտ գիտության և փիլիսոփայության փոխարինումը սեփական սխոլաստիկ դատողություններով, իսկ երբեմն նաև բացահայտ դեմագոգիայի: Իսկ սա, իր հերթին, բերեց մութազիլիական ուսմունքի դոգմայացմանը: Մութազիլիականության՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ պաշտոնական որպես պաշտոնական գաղափարախոսության կայացման պահին այս շարժումը կորցրեց իր առաջադեմ որակները և վերածվեծ սխոլաստիկ-դոգմատիկ մի համակարգի, որըն էլ իր առաջնորդներին բերեց բռնության կիրառմանը կրոնի հարցերում («միհնայի» ժամանակաշրջան
): Մութազիլիական փիլիսոփայության ևս մեկ թույլ օղակ էր այն հանգամանքը, որ ամեն բան ենթարկելով ռացիոնալ իմաստավորմանը, նրանք հաճախ խնայողաբար էին վերաբերվում Հայտնության դրույթներին կամ էլ մեկնաբանում էին այն՝ համապատասխան սեփական բանականության փաստարկներին: Սա էլ իր հերթին վեճի առիթ հանիսացավ ուղղափառ սուննիների հետ, որոնց մուսուլմանները ենթարկում էին խիստ և երբեմն էլ ոչ օբյեկտիվ քննադատության: Օրինակ, մութազիլիական գաղափարախոս ալ-Ջահիզը «ալ-Ֆուսուլ ալ-Մուխթար» աշխատության մեջ հադիսագետներին համարում էր մարդկանց տգետ դաս, ովքեր հետևում էին հնացված ավանդույթին՝ թակլիդին և հրաժարվում են իմաստավորել իսլամական ժառանգությունը: Նրա խոսքերով՝ հադիսագետների և իրավագետների կողմից ավանդույթի իմաստավորման հրաժարվելը հակասում է Ղուրանին, որը կոչ է անում ընկալելով մոտենալ կրոնի խնդիրներին: Նման ավելորդ քննադատությունը և նույնիսկ վիրավորական վերաբերմունքը սուննի ուղղափառների նկատմամբ բերեցին վեճի և ժողովրդական զանգվածներում մութազիլիականների հեղինակության անկմանը: Այսպիսով, մութազիլիական ուսմունքն ու աշխարհայացքը մեծ ազդեցություն ունեցան իսլամում ռացիոնալ միտումների մշակման և զարգացման գործում:
Քալամիստների հետ պայքարում ուղղահավատ մուսուլմանները ստիպված եղան մշակել ռացիոնալ հիմնավորում կրոնի իրենց հիմնադրույթների շուրջ և այսպիսով իսլամական կրոնը նշանակալի առաջընթաց կատարեց միջնադարի բուռն զարգացման պայմաններում: Իր գործունեության սկզբնական շրջանում մութազիլիականությունը, անխոս, եղել է առաջադեմ շարժում, որը թույլ չտվեց ուղղափառ հավատին մնալ տեղում և ստիպեց դրա ներկայացուցիչներին կրոնի խնդիրներին նոր տեսանկյուններից մոտենալ: Մութազիլիական փիլիսոփայության շատ դրույյթներ փոխառվել են ուղղափառ սուննի ուլեմների կողմից և սկսեցին կիրառվել մուսուլմանաակնա հասարակական-քաղաքական և փիլիսոփայական մտքի զարգացման մեջ հետագա դարերի ընթացքում: Ավելի ուշ, մութազիլիական մեթոդները և մութազիլիական ռացիոնալ փիլիսոփայությունը, որը հաճախ օգտագործում էր անտիկ նախնիների մեթոդները, մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի՝ կրոնական դոգմատիզմից ելնելու գործընթացի վրա և ազդեցություն է ունեցել դրա հետագա զարգացման վրա: Ինչպես հայտնի է, եվրոպացիները փոխառել են մուսուլմանական քալամի շատ դրույթներ՝ Իսպանիայով, Սիցիլիայով, ինչպես նաև Խաչակրաց արշավանքների ժամանակ: Անխոս, մութազիլիական քալաամիստների արժանիք է կայանում իսլամի դրույթների պաշտպանությունը, նրանց պատասխանները քրիստոնյաների, հուդայականների և զրադաշտների կողմից այս կրոնի հասցեին արված զանազան հերյուրանքներին: Մութազիլիականները դարձան մուսուլմանական ապոլոգետիկայի՝ ջատագովության հիմնադիրներ. Սա ձևավորվեց խալիֆների արքունիքում պարբերաբար տեղի ունեցող աստվածաբանական քննարկումների ժամանակ: Բացի դրանից, ռացիոնալ մտածող և փայլուն կրթություն ունեցող մութազիլիականները կանխարգելեցին որոշ միստիկական ուսմունքների զարգացումը իսլամի ներսում: Մասնավորապես, նրանք հաջող պայքարում էին զանազան աղանդների դեմ, որոնք ընդունում էին այնպիսի ուսմունքներ, ինչպիսիք են աստվածային մարմնացումը, հոգու վերաբնակեցումը և այլն: Չնայած այն բանին, որ մութազիլիականության զարգացման ընթացքում դրանում երևացին նաև բացասական միտումներ, այնուամենայնիվ, այս ուսմունքը իր արժանի տեղն է գրավել իսլամի պատմության մեջ՝ զգալիորեն հարստացնելով դրա ժառանգությունը: Իսկ մութազիլիական քալամը դարձավ մարդկային մտքոի համաշխարհային պատմության սեփականություն:
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԻՍԼԱՄՈՒՄ

Համաձայն իսլամի` Աստված մարդուն ստեղծել է որպես Երկրի վրա իր տեղապահ, որպեսզի նա ծառայի Աստծուն, կատարի նրա կամքը: Իր երկրային կյանքից հետո մարդը կվերադառնա Աստծու մոտ և կկանգնի նրա դատաստանի առաջ: Մարդու հիմնարար իրավունքները` խոսքի իրավունքից մինչև կյանքի իրավունք, նրան տրվում են Տիրոջ կողմից: Նրա ամենաբարձր պարտականությունը Տիրոջ կամքին հնազանդվելն է, Աստծո հետ մշտապես կապի մեջ լինելը:
Անշուշտ, այս ամենը չի նշանակում, որ մարդու իրավունքների իսլամական սկզբունքները սրբությամբ պահպանվում են: Դրա բազում օրինակները կտեսնենք ստորև:
Ինչպես նշվեց, 1990թ. օգոստոսի 5-ին Կահիրեում ընդունվեց «Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը»: Իսլամի մեջ մարդու իրավունքների մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, թերևս, անհրաժեշտ է դիմել հենց այս փաստաթղթին, որն իր մեջ ներառում է Շարիաթի հիմնական դրույթները:
Կահիրեի հռչակագրում մասնավորապես նշված է , որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության և պատասխանատվությունների առումով և չպետք է ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական կամ որևէ այլ խտրականության ենթարկվեն: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա:Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, կյանքից զրկելն անթույլատրելի է` բացառությամբ Շարիաթով ամրագրված պատճառների: Դատապարտվում է ցեղասպանության իրականացման ամեն մի փորձ: Մեկ այլ կարևոր սկզբունք է մարդու հոգու վերափոխման անհնարինությունը. յուրաքանչյուրին տրվում է մեկ կյանք, հետևաբար, մեկ հնարավորություն:
Հռչակագրում խոսվում է պատերազմի դեպքում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի մասին: Զինված հակամարտության ժամանակ անընդունելի է սպանել ծերերին, կանանց և երեխաներին: Վիրավորներն ու տկարները բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, գերիները` սննդի, ապաստանի և հագուստի: Չի կարելի պղծել մահացածների մարմինները, քանդել քաղաքացիական շենքերը, կառույցներն ու հաստատությունները:
Այս ամենի կողքին, մի շարք մահմեդական երկրներում (օրինակ` Պակիստանում) մինչև վերջերս գոյություն ուներ «արյան վրիժառություն» հասկացությունը (վենդետա). այսօր արդեն, որպես սպանվածի արյան գին, վերջինիս ընտանիքին աղջիկ են տալիս կնության: Կամ, օրինակ, հենց նույն Պակիստանում մինչև 2000թ. գոյություն է ունեցել երեխաների մահապատիժ և այլն:
Հռչակագրում կարևոր տեղ է հատկացվում ընտանիքին` որպես հասարակական կարևորագույն ինստիտուտի: Միմյանց հետ ամուսնանալու իրավունք ունեն միայն տղամարդն ու կինը, ինչի համար չկա ռասայական կամ ազգային սահմանափակում, բայց չի նշվում կրոնական սահմանափակումը:
Քանի որ իսլամում կնոջ իրավունքների հարցը բանավեճերի նյութ է, նպատակահարմար կլինի ներկայացնել նաև մարդու իրավունքների այդ ասպեկտը:
Հռչակագրում նշված է, որ կինը հավասար է տղամարդուն` մարդկային արժանապատվության առումով, ունի իրավունքներ ու պարտավորություններ, սեփական քաղաքացիական կարգավիճակ, ֆինանսական ինքնուրույնություն և իրավունք` պաշտպանելու իր անունն ու ծագումը:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա պետությունը պետք է ապահովի կրթական բազմազանություն` հնարավորություն տալով մարդուն ծանոթանալու իսլամական կրոնի և տիեզերքի իրողությունների հետ: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալ թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ կրթություն ցանկացած տիպի ուսումնական հաստատության մեջ:
Չնայած Ջիհադի սկզբունքի`փաստաթղթում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ապահով կերպով դավանել սեփական կրոնը:
Հռչակագրում նշված նաև մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ համընկնում են Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի դրույթներին: Սակայն, չնայած այդ նմանություններին, հռչագիրը գրեթե ամենուր շեշտում է, որ մարդը այս կամ այն իրավունքն ունի, եթե վերջինս չի հակասում Շարիաթի սկզբունքներին: Այսպես, օրինակ, հռչակագրի 22-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը այնպես, որ այն չհակասի շարիաթի սկզբունքներին :
Հռչակագրում իսլամին առհասարակ մեծ դեր է վերապահված: Ըստ այդմ` իսլամն աշխարհում մշակութային և պատմական առաքելություն ունի, որը սահմանվել է հենց Աստծու կողմից: Իսլամը հայտ է ներկայացնում իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` համաձայն իսլամական Շարիաթի: Իսլամական աշխարհը պետք է ճանապարհ ցույց տա մարդկությանը, որը մոլորվել է հակոտնյա միտումների և գաղափարախոսությունների մեջ։
Հատկանշական է, որ քանի որ, ըստ իսլամի, իշխանության աղբյուրն Ալլահն է, հետևաբար արգելվում են վերջինիս ոչ հաճելի կուսակցությունների գոյությունը: Օրինակ` Իրանում արգելված է ցանկացած քաղաքական կուսակցության գոյություն: Մեկ այլ ուշագրավ փաստ ևս. նշվում է, որ յուրաքանչյուր մահմեդական իրավունք ունի հրաժարվելու այն հրամանները կատարելուց, որոնք հակասում են Օրենքին` անկախ նրանից, թե ում կողմից է հրամայված:

Այժմ անդրադառնանք մարդու իրավունքների մի քանի սկզբունքներին առավել հանգամանալից: Նախ անհրաժեշտ է նշել ամուսնության հարցին իսլամի վերաբերմունքը: Կնոջն ու տղամարդուն արարել է Բարձրյալ Տերը և ըստ արարման օրենքի նրանք պետք է կապվեն միմյանց հետ` ապագա սերունդներ ստեղծելու և Արարչին երկրպագելու համար:
Երկնքի և երկրի Արարիչը մարդուն արարեց հողից` տարբերակելով արական և իգական սեռերը: Այս առումով Ղուրանի Նեսա սուրահում ասվում է հետևյալը. «Կինն ու տղամարդը` երկուսն էլ արարված են նույն նյութից և նրանց արարման առաջնային նյութերի մեջ որևէ տարբերություն գոյություն չունի» : Այսպիսով, կինն ու տղամարդն ապրեցին կողք կողքի` ստեղծելով ընտանիք, այնուհետև` հասարակություն:
Այս կյանքի տնօրինման, մարդկային հարաբերությունների ձևավորման և նրանց առաջնորդման համար Աստված ուղարկեց մարգարեներ: Մարգարեներն ուղարկվեցին, որպեսզի մարդկանց մեջ հաստատվեն Աստվածային պատգամներն ու օրենքները և որպեսզի մարդիկ կարողանան ապրել կողք-կողքի` շենացնելով երկիր մոլորակը:
Ըստ մահմեդական կրոնի` Աստվածային բոլոր օրենքները բխում են մարդկության շահերից, ուստի, եթե այդ օրենքներում և կանոններում նկատվում է որևէ տարբերություն կամ հակասություն, ապա այն պայմանավորված է մարդկության և հասարակության շահերով: Քանզի Աստվածային օրենքները սահմանված չեն որևէ յուրահատուկ դեպքի կամ հանրույթի համար: Դրանցում հաշվի են առնված համայն մարդկության շահերը:
Աստվածային բոլոր օրենքներն ու պատգամները պայմանավորված են որոշակի սկզբունքներով: Օրինակ` եթե Աստվածային տեսանկյունից ընտանիք կազմելը կարևոր գործ է, ուրեմն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և սկզբունքներ, որոնցից են ազատությունը, արդարությունը և հավասարությունը:
Ազատություն նշանակում է անհատի որևէ գործի իրականացման կամ որևէ բանից օգուտ քաղելու համար ինչ-որ բանից կամ մարդկանցից կախվածության ազատում: Սա է Աստծո կողմից արարված և նրա զորության ներքո գտնվող մարդու համար նախատեսված ազատությունը: Ազատության ճշգրիտ սահմանումը, ըստ Ղուրանի, հենց սա է և ոչ թե այն, որ մարդը կարող է անել ինչ կամենա և երբ կամենա. եթե որևէ մեկի ազատությունը պետք է խանգարի մյուսների ազատությանը, այն այլևս անիմաստ է:
Արդարություն բառն արաբերենում նշանակում է հակաանարդարություն: Ռաղեբն այս մասին գրում է հետևյալը. «արդարությունը հավասարության իմաստ ունի» : Մեկ այլ հեղինակի կարծիքով «արդարություն» նշանակում է արդար բաժանում: Որոշ հոգևորական գիտնականներ էլ համոզված են, որ արդարությունը ամեն ինչ իր տեղը դնելն է, յուրաքանչյուր անձին իր իրավունքները տալը:
Ինչպես տեսնում ենք, արդարությունը մարդկանց իրենց հնարավորությունների ներածնի և անհրաժեշտության չափով ինչ-որ բանի շնորհումն է: Օրինակ, բաժակի և սափորի տարողությունները տարբեր են, և եթե մենք նրանց մեջ հավասար քանակությամբ ջուր լցնենք, ապա սա չի կարող արդարություն կոչվել, քանզի երկուսից յուրաքանչյուրին պետք է տալ իր տարողությանը համապատասխան հասանելին: Հավասարությունը միայն այն դեպքում է արդարացի, երբ պայմաններն ու կարողությունները հավասար են: Արդարություն բառի ամենատարածված իմաստներից մեկը հավասարությունն է: Ի դեպ, Ղուրանը սխալ է համարում թե´ անհավասարությունը հավասար պայմաններում, թե´ հավասարությունն անհավասար պայմաններում:
Ուրեմն, եթե կնոջ և տղամարդու առումով իսլամական պատգամների մեջ գոյություն ունի տարբերություն (համարվում է, որ կինը հոգի չունի), ապա դա պայմանավորված է որոշակի պատճառներով և ունի կոնկրետ նպատակ: Օրինակ, Պակիստանում գոյություն ունի «պատվի հանցագործություն» հասկացությունը: Դա այն դեպքն է, երբ կինն ամուսնանում է սեփական կամքով` հաշվի չառնելով ծնողների կարծիքը: Տարբերություն¬ներից մեկն էլ այն է, որ տղամարդն իրավունք ունի ունենալու մի քանի կին, մինչդեռ կնոջ կողմից նման քայլը դատապարտվում է մահվան (Իրանում, օրինակ, քարծեծ անելու միջոցով): Կամ, մինչև վերջերս Սաուդյան Արաբիայում արգելվում էր կանանց կողմից մեքենա վարելը, կանայք անգամ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ չունեին:
Ղուրանում գրված է, որ արարման տեսանկյունից բոլոր մարդիկ հավասար են և սեռական, ազգային կամ լեզվական որևէ առավելություն գոյություն չունի, բոլոր մարդկանց արարման նյութը նույնն է, իսկ տարբերություններն ուղղակի բովանդակային և տարբերակիչ են և ոչ թե առավելության կամ գերակայության նպատակով: Մուհամմեդ Մարգարեն ասել է. «Մարդիկ սանրի ատամների նման հավասար են» :
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ մարդկանց նման հավասարության կողքին Ղուրանը տարբերություն է դնում գիտունի և տգետի, հավատացյալի և անհավատի, հավատի համար պայքարողի` մոջահեդի, և չպայքարողի միջև` ասելով, որ սրանք միմյանցից տարբերվում են, անգամ բոլոր հավատացյալներն են միմյանցից տարբերվում:
Այստեղ առաջանում է մի խնդիր` արդյո՞ք իսլամում հավասարություն գոյություն ունի: Եթե այո, ուրեմն, ինչու՞ պետք է գոյություն ունենան ապահարզանի իրավունքի, աղջկա ամուսնության համար հոր թույլտվության կամ արու զավակին ժառանգության կրկնակի մասնաբաժնի հատկացման խնդիրները:
Իսլամական իրավական համակարգում մերժվում է մարդկության` օրենսդրից անկախ լինելու խնդիրը : Օրենսդրի սահմանած օրենքներն այն ժամանակ են արդարացի, երբ նրանցում հաշվի են առնվում ողջ հասարակության շահերը: Սա պայմանավորված է երկու դրույթով: Նախ հասարակության իրական շահերի սահմանումը մարդու կողմից ան¬հնար է: Երկրորդ, կարևոր է անկողմնակալության, ուրիշների զգացմունքայնության հետ չխաղալը: Ուստի, իսլամում օրենսդիրը Շարիաթ սահմանողն է, կամ նույն ինքը` Ամենակարող Աստված, որը ոչնչի կարիք չունի և բոլոր մարդիկ նրա ծառաներն են:
Ղուրանի այաթներով ամրագրված և առավել ակնհայտ տարբերություններից մեկն էլ ժառանգությունից օգտվելու կանանց և տղամարդկանց իրավունքի տարբերությունն է, որը մշտապես հետաքրքրում է միջազգային հանրությանը: Եթե մենք որպես հիմք ընդունենք ժառանգության Ղուրանի Նեսա սուրան, ապա այնտեղ գրված է հետևյալը. «Աստված ձեր զավակների մասին պատվիրում է, որ ձեր արու զավակի ժառանգության բաժինը երկու էգ զավակի բաժնի հավասար լինի»: Այս այան իսլամում կնոջ և տղամարդու անհավասարության բազում օրինակներից մեկն է, սակայն կարևոր է հաշվի առնել նախաիսլամական շրջանում առկա պայմաններն ու վերոհիշյալ սահմանման նախադրյալները:
Այսպես, նախաիսլամական շրջանում արաբների մոտ ժառանգության իրավունք ունեին միայն տղամարդիկ: Անմիջական արու ժառանգի բացակայության դեպքում ժառանգությունը բաժանվում էր հանգուցյալի երկրորդական արու բարեկամների միջև: Կանանց և տղամարդկանց մասնաբաժնի առումով Ղուրանն ասում է, որ կինն ու տղամարդը երկուսն էլ ժառանգությունից մասնաբաժին ունեն և նրանցից ոչ մեկն իրավունք չունի տիրանալու մյուսի մասնաբաժնին և նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը հաստատված և պարտադիր է: Ղուրանի այս պատգամը ժամանակի ընթացքում չի փոփոխվել և վերջնական է:
Ինչ վերաբերում է ծնողների ժառանգության հարցին, ապա նրանց հասանելիք մասնաբաժինը հավասար է, չնայած, որ նրանք տարբեր սեռի ներկայացուցիչներ են: Ուրեմն, ինչպես տեսնում ենք չի կարելի միանշանակ ասել, որ ամեն հարցում կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:
Իսկ ինչո՞ւ է ժառանգության կնոջինը տղամարդու մասնաբաժնի կեսը: Աստծո հրամանի համաձայն կինն ամուսնանալիս մեհրիե կամ կաթնագին է վերցնում, և տղամարդը պարտավոր է այն վճարել: Աստված տղամարդուն պարտադրում է հոգալ կնոջ կեցության ծախսերը, մինչդեռ կինն իր կյանքի ծախսերը հոգալու դիմաց տղամարդու առջև որևէ պատասխանատվություն չի կրում: Սա Աստվածային սահմանում է և անփոփոխ պատգամ` անկախ ժամանակից և պայմաններից, իսկ այն խախտողը մեղսագործ է և անհնազանդ: Այս առումով Ղուրանում գրված է հետևյալը. «Սրանք են Աստվածային կանոնները կամ սահմանները, և ով համարձակվի խախտել Աստծո պատգամն ու նրա Մարգարեների օրենքը, ապա կնետվի կրակի մեջ և հավիտյան այնտեղ կմնա»:
Գոյություն ունեն նաև այլ խնդիրներ, որոնց առումներով կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնից ավելի շատ է: Օրինակ, հանգուցյալի ժառանգորդի արու զավակից ծնված աղջիկ թոռան մասնաբաժինն ավելի շատ է, քան աղջկանից ծնված տղա թոռանը: Եվ կարծես երկուսն էլ թոռներ են և նրանց մեջ որևէ տարբերություն պետք է չլինի: Ինչպես տեսնում ենք բերված օրինակից, չի կարելի միանշանակ պնդել, որ կանանց մասնաբաժինը բոլոր առումներով, տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:
Վերոհիշյալ այաթներից մենք տեսանք, որ կանայք, ինչպես տղամարդիկ, ունեն իրավունքներ և շահեր: Դրանցից են նրանց մշակութային, քաղաքական, հասարակական և տնտեսական իրավունքները: Դիտարկենք յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Մշակութային իրավունքներ: Կանայք, տղամարդկանց նման, գիտությանը ձգտելու իրավունք ունեն և կարող են ունենալ գաղափարներ և մտածողություն: Յուրաքանչյուր մահմեդական, կին թե տղամարդ, ըստ Մուհամեդ մարգարեի պատգամի, պարտավոր է կրթվել: Այս առումով Մարգարեն ասել է հետևյալը. «Բոլոր մահմեդականները պարտավոր են կրթություն և գիտելիք ունենալ» : Կինը կարող է իր վրա վերցնել ընտանիքի առաջնորդման և ապահովման պարտականությունը:
Հասարակական իրավունքներ: Կինը, տղամարդու նման, պահպանելով կրոնական օրենքներն ու կարգերը, հասարակական գործունեություն ծավալելու իրավունք ունի: Այստեղ պետք է նշել, որ ընտանիքի պահպանման նպատակով, իսլամը կնոջ տանից դուրս գալու իրավունքը վերապահել է տղամարդուն, այսինքն` ամուսնուն:
Քաղաքական իրավունքներ: Կանայք ունեն քվեարկելու, ընտրելու և ընտրվելու իրավունք: Կանայք կարող են մասնակցել հասարակության քաղաքական ճակատագրի ձևավորմանն ու փոփոխմանը, քանզի իսլամի տարածման ժամանակահատվածում կանայք «առանձին դաշինք կնքեցին Մարգարեի հետ» :
Տնտեսական իրավունքներ: Կինն ունի անկախություն և սահմանված իրավունքներ, իսկ օգուտի կամ վնասի հարցում կարող է ընտրություն կատարել: Նա օժտված է սեփականության իրավունքով: Կնոջ զբաղվածության առումով իսլամում արգելք գոյություն չունի, եթե նրա զբաղվածությունը չի վտանգում ընտանիքի պահպանմանն ու չի արգելվում ամուսնու կողմից:
Վերոհիշյալ սկզբունքների և հիմքերի համաձայն, իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանայք նախկինից առավել ակտիվացան` մասնակցելով հատկապես կրթության, հասարակական և քաղաքական զարգացումներին: Բոլոր հարցումներն ու վիճակագրական տվյալները վկայում են կանանց դերի կարևորման մասին:
Ամփոփելով վերոնշյալը` նշենք, որ առաջին հայացքից թվում է, թե Ղուրանն իր մեջ պարունակում է միայն դրական կողմեր, թե Իսլամը` որպես կրոն և գաղափարախոսու¬թյուն, ամենակատարյալ ընտրությունն է մարդու համար: Արտաքնապես դա իրոք այդպես է: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևորագույն հանգամանքը, որ «մարդ» ասելով` այս կրոնն ի նկատի ունի միայն և միայն մահմեդականներին, մինչդեռ մնացած ողջ աշխարհը «անհավատների բազմություն» է, որի դեմ պետք է սրբազան պատերազմ (Ջիհադ) մղել : Դրա վառ ապացույցներից է օրենսդրության մեջ գոյություն ունեցող «Պատերազմ Աստծո դեմ» հոդվածը, որի տակ ընկած դատապարտյալները, հիմնականում` աթեիստ¬ները, մահապատժի են ենթարկվում: Միաժամանակ իսլամը, ինչպես տեսանք, տարբերու-թյուն է դնում նաև տղամարդու և կնոջ միջև` վերջինիս համարելով հոգի չունեցող արարած:
Պետք է նաև նշել, որ գոյություն ունեն լուրջ տարբերություններ մարդու իրավունքների հարցում` իսլամի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի միջև:
Իսլամը և Շարիաթը նաև որոշակի առումով մահմեդականություն դավանող պետություններում գլխավոր օրենքի դեր են տանում. ոչ մի օրենք չպետք է հակասի Շարիաթի սկզբունքներին: Այսօր, բացի Թուրքիայից, ոչ մի մահմեդական պետություն պաշտոնապես քայլեր չի ձեռնարկել կրոնը պետությունից անջատելու ուղղությամբ:
Չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը, իսլամական երկրներում այսօր հաճախ են անտեսվում դրանով սահմանված սկզբունքները: Դրանք խախտվում են անգամ իսլամական սկզբունքների վրա խարսխված երկրներում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, մի երկիր, որը հրաժարվեց 1948թ.-ին միանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:
Իհարկե, ոչ բոլոր մահմեդական պետություններն են ծայրահեղական: Օրինակ` Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Մարոկոյում, Բահրեյնում մարդու իրավունքների միջազգային նորմերը հիմնականում պահպանում են: Սակայն, օրինակ, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում այնպիսի ձեռքբերումների կողքին, ինչպիսին անվճար բժշկական օգնությունն է կամ բարձր զարգացած սոցիալական ոլորտը, դեռևս գործում են մարդկանց գլխատելու կամ քարծեծ անելով մահապատժի ենթարկելու միջոցները:
 

Комментариев нет:

Отправить комментарий