четверг, 4 июня 2015 г.

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Հունիսի 4-ի ճամբարային օրը նշանավորվեց նրանով, որ մի խումբ սեբաստացիներ  ուղևորվեցին Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոն։ Դա միակ մասնագիտացված հիպոթերապիայի կենտրոնն է Հայաստանում։ Կենտրոնի հիմնադիր-տնօրենը Հասմիկ Հովհաննիսյանն է։ Այնտեղ հենաշարժողական համակարգի և մտավոր զարգացման հետ ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ  զբաղվում են հիպոթերապիայով։

Նաև գնում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են պարզապես ձի քշել սովորել։ Մենք նույնպես միսթր Յուրայի և Ռինա Շագինյանի ուղեկցությամբ գնացինք այդ կենտրոն, որպեսզի ձի քշել սովորենք։ Ոչ այնքան երկար ճանապարհից հետո հասանք«Կենտավր»։ Այդ բուժիչ ձիերի կենտրոնը Ուշի գյուղի ամենաբարձր տեղանքում է. միանգամից իրենց վայրի գեղեցկությամբ մեր աչքերը շոյեցին դաշտային ծաղիկները ու հեռվում իրենց խաղաղ հանդարտությամբ արածող ձիերը, մեր ականջները զգացին թումանյանական  լեզվով ասած «մարդահաչ» տվող շների ներկայությունը, մեր թոքերը սկսեցին ագահորեն կլանել մեզ համար անսովոր մաքուր օդը: Մենք բնության մեջ էինք: Հաջորդ պահին իրենց պոչերը խաղացնելով մեզ մոտեցան տարբեր ցեղատեսակների, տարբեր չափսերի ու գույների շնիկներ և շներ: Նրանք մեզ ողջունելու եկան: Ափսոս, որ մեզնից մի քանիսը վախենում էին այդ մարդամոտ շներից և աշխատողներին խնդրեցինք, որպեսզի նրանց հեռացնեն մեզնից: Հետաքրքիր է, գնում ենք դեպի բնություն և ուզում ենք բնությունը հեռացնենք մեզնից:
 
Ինչևէ, մենք ձիերի համար էինք գնացել այնտեղ: Եվ ահա մեզ են մոտեցնում արդեն թամբած մի շագանակագույն ու մի սպիտակ ձի: Բնությոն դու կատարյալ ես հենց միայն ձիերով... Հետաքրքիր իրավիճակ էր: Մեզնից ոչ ոք նախկինում ձի չէր նստել: Բոլորս էլ ուզում էինք նստել, բայց՝  երկրորդը: Ոչ ոք չէր ուզում առաջինը լինել: Այնուամենայնիվ, առանձնացան մեզնից ամենահամարձակները՝ Նինա Հովհաննիսյանը և եղբայրս՝ Ալեք Հակոբյանը: Դրանից հետո արդեն բոլորս էլ քաջալերվեցինք ու վայելեցինք առաջին անգամ ձի քշելու հաճույքը: Աննկարագրելի են այն վայրկյանները, երբ բնության գրկում ձիու սանձերը վերցնում ես ձեռքդ և այդ կենդանի արարածը ենթարկվում է քեզ։ Ինձ համար այս ճամփորդությունը «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում ունեցած ճամփորդություներից ամենահետաքրքիրը, հիասքանչը և անմոռանալին դարձավ:
Ձիերին ցտեսություն ասելուց հետո գնացինք Սաղմոսավանք։ Հիացանք Քասախի ձորի ու Սաղմոսավանքի իրար լրացնող գեղեցկությամբ:
Այս ճամփորդությունից հետո մեզնից մի քանիսը որոշեց ձիավարությամբ զբաղվել:

Комментариев нет:

Отправить комментарий