вторник, 31 марта 2015 г.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մենք բոլորս էլ ապրում ենք հասարակության մեջ, և բոլորիս վերաբերյալ էլ հասարակությունը ունի իր կարծիքը, որը ինչքան էլ մենք հերքենք, անշուշտ, ինչ- որ կարևորություն ունի մեզ համար։ Հասարակությունը յուրաքանչյուրիս կարող է վերագրել բարոյականի կամ անբարոյականի պիտակ։ Իսկ Ի՞նչ է բարոյականությունը։ Չսահմանվող հասկացություն։ Չնայած որ այն չսահմանվող է, միևնույնն է, յուրաքանչյուր մարդ ունի որոշակի պատկերացում դրա վերաբերյալ։ Այստեղ ես նորից առաջ եմ քաշում իմ անհատականության հարցը։ Ես կտամ բարոյականության սահմանումը, որը, սակայն, հիմնված է իմ սուբյեկտիվ կարծիքի վրա։ Բարոյականությունը  Աստվածաշնչյան պատվիրանները և օրենքները պահպանելն է։ Հիմա այս սահմանման հիման վրա անրադառնանք Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների բարոյականությանը։ Մենք գիտենք, որ Սարոն և Անուշը միմյանց հետ կապված էին գերբնական սիրով։ Սակայն Մոսին թույլ չէր տալիս Անուշին շփվել Սարոյի հետ, որովհետև նրան թվում էր, թե Սարոն պատվազրկել է իրեն։ Բայց միթե՞  փառամոլության պատճառով  կարելի է սիրելի քրոջ և մտերիմ ընկերոջ երջանկության գլխին քար գցել։ Չէ՞ որ սերը, ընտանիքը խաղ ու պար չեն, և չի կարելի ինչ- որ մեկի քմահաճույքով այն կառուցել և քանդել։ Անուշը և Սարոն էլ իհարկե սուրբ չէին։ Նախ Աստվածաշնչյան  10 հիմնական պատվիրանների մեջ է մտնում ծնողներին պատվելը, որը Անուշը իհարկե չէր անում։ Մեղմ ասած, նրա համար մեկ էր, թե ինչ են ասում իր ընտանիքի անդամները, նա, միևնույնն է, անում էր իր ուզածը։ Իսկ այ Սարոն պարզապես օգտվում էր Անուշի անհնազանդությունից իր ծնողների նկատմամբ։ Բացի այդ, պետք է հիշել նաև, որ Անուշը բոլորի առջև ծնկի իջած երդվել էր եղբորը, որ այլևս չի սիրի Սարոյին՝ չնայած որ դա իրականում այնքան էլ իրենից չի կախված,  բայց նա այնուամենայնիվ երդվել էր և հետո դրժել երդումը։ Նախ ասեմ, որ Աստված արգելում է երդվել և երկնքով և երկրով, որովհետև երկինքը Տիրոջ գահն է, իսկ Երկիրը ոտքերի պատվանդանը, բայց թող ձեր այո-ն լինի այո, և  ոչ-ը՝ ոչ։ Իսկ Անուշը ոչ միայն երդվել էր, այլ նաև չէր պահել իր երդումը։ Չնայած որ Մոսիի մեծամտությունը արգելքներ էր դնում Սարոյի և Անուշի առաջ, նրանք, միևնույնն է, դրան ուշադրություն չէին դարձնում։ Այսպիսով՝ Անուշը սիրահարված երեխա էր, ով չէր հնազանդվում իր ընտանիքին, Սարոն սիրում էր Անուշին, բայց օգտվում էր Անուշի անհնազանդությունից իր  ընտանիքի հանդեպ, իսկ ինչ վերաբերվում է Մոսիին, նա պարզապես փառասեր երիտասարդ էր, ում փառքը և պատիվը քրոջ երջանկությունից էլ կարևոր էր։ Հասարակությունն էլ, ինչպես միշտ, կողքից նայողի և քննադատողի դերում է։ Բայց մի բան հաստատ գիտեմ, ոչ ոք իրավունք չունի քննադատելու ինչ-որ մեկին։ Այս աշխարհում սուրբ մարդիկ չկան։ Բոլորս էլ ունենք ինչ-որ թերություններ, բայց դա չի նշանակում, որ մենք անբարոյական ենք։ Իսկ հասարակությունը, ինչպես միշտ, կարող է քննադատել, բամբասել, պիտակավորել։ Իհարկե շատ մարդկանց ներսում այնպիսի դատարկություն է տիրում, որ ցանկանում են իրենց ներսի դատարկությունը լցնել դրա միջոցով։ Այնուամենայնիվ, ոչ ոք Աստված չէ, որ կարողանա մարդկանց դատել։ Ինչպես ասում է Աստվածաշնչյան խոսքը, մի՛ դատի՛ր, որ չդատվես։

 

Комментариев нет:

Отправить комментарий