вторник, 31 марта 2015 г.

ԻՆՉԻ՞Ն ԿԱՄ ՈՒ՞Մ ԵՆՔ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ


Նախ փորձենք պարզել, թե ինչ է դավաճանությունը։ Դավաճանության վերաբերյալ կարծիքները բազմազան են և անհատական։ Շատերի համար դավաճանություն կարող է լինել  գաղտնապահության պակասը, անհավատարմությունը, ժլատությունը կամ էլ շահագործումը։ Բայց սրանցից ո՞ր մեկը կարող է դավաճանություն համարվել։ Իհարկե բոլորը։ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում տիրուհին դավաճանում է Թաթուլին՝ գաղտնապահ և հավատարիմ չլինելով։ Նշեմ, որ սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է և բնականաբար շատերը համաձայն չեն իմ կարծիքի հետ, բայց քանի որ սա իմ էսսեն է, ես շարադրում եմ իմ կարծիքը։ Ինչ-որ մեկին դավաճանել ասելով ես հասկանում եմ ոտնահարել այն արժեքները և սկզբունքները, որոնք ստեղծվել էին տվյալ մարդու հետ շփման ընթացքում։ Մեկի համար դա կարող է լինել գաղտնապահությունը, մյուսի համար՝ անշահախնդիր և  նվիրված ընկերությունը։ «Թմկաբերդի առումը» պոեմում Թաթուլը սիրում էր իր կնոջը, իսկ ավելի ճիշտ նրա գեղեցկությունը։ Թաթուլի համար կարևոր սկզբունքներ էին, որ տիրուհին իր ամբողջ գեղեցկությամբ հանդերձ պատկանի իրեն և էլ ոչ մեկին։ Բացի այդ, Թաթուլը իր զորքերի կյանքի գնով կանգուն էր պահում Թմկաբերդը, և իհարկե դա անում էր իր և իր կնոջ համար։ Համոզված եմ, որ Թաթուլի համար կարևոր էր նաև գաղտնապահությունը և հավատարմությունը։  Բայց, ցավոք սրտի, Թմկա տիրուհին միայն իր գեղեցկությամբ էր փայլում։ Սակայն ես այդ դատարկ գեղեցկությունը չեմ կարող գեղեցկություն անվանել։ Նա սիրուն էր, բայց ոչ գեղեցիկ։ Նա չուներ գեղեցիկ կնոջը բնորոշ իմաստությունն ու խորագիտությունը։ Այ հենց այդ խորագիտության պակասի պատճառով էլ նա ոտնահարեց այն արժեքները, որոնք ստեղծվել էին Թաթուլի և իր շփման ընթացքում,՝ այսինքն՝ դավաճանեց Թաթուլին։ Նադիր շահն էլ, ի տարբերություն Թմբկա տիրուհու, փայլում էր իր խելքով և խորոմանկությամբ։ Նա չուներ բավականաչափ ուժ, որ դրանով հաղթեր Թաթուլին, բայց կարողացավ հաղթել իր խորամանկության և Թմկա տիրուհու հիմարության միջոցով։ Արդյունքում Նադիր շահը հասավ իր նպատակին, իսկ Թաթուլը իր կնոջ և զորքերի հետ միասին հավիտյան քնեց։ Այստեղից կարելի է հասկանալ երկու բան՝ աշխարհում ամենավատ բանը, որ մահից էլ ավելի վատ է,  դավաճանությունն է,  և որ ոչ մեկին պետք չէ վստահել չափից ավելի։ Այս մասին գրել է նաև Թումանյանը իր «Թմկաբերդի առումը» պոեմում։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...

 

 

Комментариев нет:

Отправить комментарий