воскресенье, 1 марта 2015 г.

ԻՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ ՏԵՐՅԱՆԻՑ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 - հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ [1]
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Ես Տերյանից սովորեցի ամեն ինչում տեսնել գեղեցիկը և գնահատել։ Սովորեցի տարբեր երևույթներին վերաբերվել ավելի քնքշորեն ու նուրբ։ Տերյանը կարողանում է անգամ այն թախծոտ ու տխուր աշունը, անգամ մթնշաղը այնպես ներկայացնել, որ ակամայից սկում ես սիրել դրանք՝ հիշելով նրա բանաստեղծությունները։ Նրա այդ հրաշք ստեղծագործությունները հուզում և երազանքների գիրկն են գցում անգամ ամենասառնասիրտ մարդուն։ Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում են սեր հայրենիքի նկատմամբ, հայրենիքը պաշտպանելու և ծաղկացնելու տենչանք։ Բացի այդ նրա «Հոգևոր Հայաստանը»-ը ստեղծագործությունը կարդալուց հետո իմ մեջ արթնացավ հայրենիքը գեղեցիկ ու զարգացած տեսնելու հույսը։ Այդ ստեղծագործությունը յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում է վստահություն սեփական ուժերի նկատմամբ և անկախ Հայաստանի ներկայիս վիճակի մենք փորձում ենք ամեն բան անել հոգևոր Հայաստան ունենալու համար։ Նրա հայրենասիրական ստեղծագործությունները համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը և հորդորում, որ անկախ նրանից, թե որ երկրում ենք գտնվում, անկախ կառավարության վերաբերմունքից ժողովրդին սիրենք մեր հայրենիքը և միահամուռ ուժերով տանենք այն դեպի վերելք։

Комментариев нет:

Отправить комментарий