вторник, 21 октября 2014 г.

ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-Հոգեկանի ակտիվության ամենակարևոր մակարդակը գիտակցությունն է։Մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Գիտակցությունը բնորոշ է միայն մարդկանց։ Կենդանիները գիտակցություն չունեն, որովհետև նրանց հոգեկան գործընթացները անգիտակցական են։ Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:
Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր.
1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետևաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։
2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  "Ես"-ի առանձնացումը "Ոչ ես"-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։
3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։
4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։
Գիտակցությունը մարդու հոգեկան ակտիվության կարևորագույն մակարդակն է, որը փոփխական է։ Այն կարող է ժամանակավորապես անհայտանալ, օրինակ, քնած վիճակում։ Այն կարող է թուլանալ շատ հոգնած և լարված վիճակում, կամ լրիվ անհայտանալ ուշակորույս վիճակում։
ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Մարդիկ արտաքին և ներքին աշխարհից ստացած բազմաթիվ ազդակներ են արտացոլում, սակայն գիտակցության մեջ արտացոլվում է դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են վարքի և գործունեության կարգավորման համար, իսկ գիտակացական ոլորտից դուրս մնացած բազմաթիվ ազդակները նույնպես օգտագործվում են հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց արդեն ենթագիտակցական մակարդակում։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սովորաբար մարդկանց գիտակցական ոլորտում են հայտնվում այն առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի և գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։  Այդ գրգռիչները  ուշադրություն են գրավում մարդկանց կողմից և հայտնվում են գիտակցական մակարդակում, որպեսզի մարդիկ գտնեն նոր ռեժիմ, խնդիրների լուծման նոր եղանակներ, և երբ այլևս խոչընդոտներ չկան կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։
Ենթագիտակցությունը հոգեկան ակտիվության կարևոր մակարդակ է, որի մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց մատչելի են գիտակցության համար։

ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ- Մարդու անգիտակցական ոլորտը փոխանցվում է ժառանգաբար։ Այն մարդու հոգեկան հատկությունների և բովանդակությունների միասնությունն է։ Օրինակ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները և այլն։

 
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Ինքնագիտակցությունը գիտակցության կարևորագույն բաղադրիչն է։ Ինքնագիտակցությունը անձի պատկերացումներն են ինքն իր մասին, որոնք ուղեկցվում են ինքնագնահատականով։ Ինքնագիտակցությունը բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ես-պատկերներից։
Իրական ես։ Այստեղ արտահայտվում են մարդու պատկերացումները իր մասին, թե ինչպիսին է ինքը իրականում, ինչ չափանիշներ և առանձնահատկություններ ունի։

Իրադրական ես։ Մարդու պատկերացումները տվյալ իրադրության մեջ իր անձի մասին։
Իդեալական ես։ Իդելական եսը պատասխանում է ինչպիսին կցանկանայի լինել հարցին։
Ֆանտաստիկ ես։ Այն շատ նման է իդեալական եսին, սակայն այս դեպքում մարդու պատկերացումները հեռու են իրականությունից և երբեք իրականություն չեն դառնա։
Դինամիկ ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին որ իր անձը հոգևոր և ֆիզիկական տեսակետներից փոփոխական է և անկայուն։
Հայելային ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին, թե ինչ են մտածում այլ մարդիկ իրենց մասին։
Էթնիկական ես։ Բոլոր մարդիկ ունեն պատկերացումներ այն մասին, թե ով են իրենք որպես որոշակի ազգի ներկայացուցիչ։
 
 

Комментариев нет:

Отправить комментарий