вторник, 31 марта 2015 г.

ԹԱՄՈՒՐ ԱՂԱ

Հայաստանում շատ են տարածված «Թամուր», «Թամուր աղա», «Հեյ Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ունենալով ընդհանուր ուրվագծեր և ձևեր՝ այդ պարերը, այնուամենայնիվ, իրենց շարժումներով տարբերվում են միմյանցից:
Այս պարերի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափոր ներկայացնող պարով (մինչ նրա մասունքները գերեզման իջեցնելը) և հետո նրա հերոսության գովերգումով: Դժար է ճշտգրիտ պարզել հայ ժողովրդի համար մահվանից հետո սիրելի և արժեքավոր դարձած այն պատմական անձի կերպարը, որի անունով կոչվել են սգո, հիշատակի պարերը: Հավանական է, որ պարերն ավելի հին են տվյալ հերոսի ապրած ժամանակաշրջանից: Հայ ժողովրդի համար շատ սիրելի այդ հերոսի անունն ու կերպարը հետագայում դուրս է մղվել օտարերկրացի Թամուրի անունով:
«Թեմուր», «Թամուր» հին իրանական լեզվում նշանակում է երկաթ: Այս պարը ներկայացնողները չեն կարողացել հաղորդել, թե ով է եղել Թամուրը: Շատախցիները համարում էին, թե նա ոմն Շաքըր աղայի թոռն էր (Շաքըր աղան շուրջ 150-200 տարի առաջ եղել է Շատախի տանուտերը և թերևս հարստահարել նրանց), այսինքն ապրել է ոչ վաղ անցյալում։ Իսկ ոմանք մեկնաբանում էին, որ Թամուրը Թամեռլանն է՝ Լենկ Թեմուրը:
Պարզ է, որ դժվար թե Շաքըր աղայի թոռը կամ Ժանտ Թամեռլանը դառնային հայերի համաժողովրդական սիրո օբեկտ: Անհրաժեշտ փաստերի անբավարարությամբ հանդերձ՝ պարերի զուտ հայեցի ձևերը խոսում են այն մասին, որ այստեղ խոսքը հայ ժողովրդի կողմից սիրված զուտ հայկական հերոսի կամ մի քանի ազգային հերոսների մասին է, որոնք հետագայում անվանափոխվել և մոռացության են մատնվել հետագա ժամանակների շերտավորումներով, մասնավորաբար՝ ոմն Թամուրի կերպարով:
Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, այն կանչ է, որն ավետում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում նրա հուղարկավորությունը:

Комментариев нет:

Отправить комментарий