вторник, 31 марта 2015 г.

ԹԱՄԶԱՐԱ

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն (պարագլուխ) ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։
Այժմ «Թամզարան» կորցրել է իր նախկին ծիսական նշանակությունը, երբ այն կատարվում էր գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ։
«Թամզարա» պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ կամ վերադառնալ պարաընտանիքին։ «Թամզարայի» տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով։ Իսկ պարը վեցի փոխարեն ունի միավոր ութ հաշիվ և շարժում։
Աշխատություններում գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։
Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերովբարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից։ Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ։
Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում։
«Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները։

Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են.
  • աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ,
  • ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին,
  • կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ,
  • կրկնակի հարված ձախ ոտքով,
  • ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
  • մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա,
  • մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա,
  • կրկնակի հարված աջ ոտքով։

Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք տարբերվում են վերը նշվածից։ Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով։
Կան նաև տարբերակներ, որտեղ ոտքերի հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին իր վրա վերցնում մարմնի ծանրությունը։

Комментариев нет:

Отправить комментарий