вторник, 31 марта 2015 г.

ԱՍՏՎԱԾԱԾՆԱ ՊԱՐ

Պատմական Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքի ազգաբնակչությունն ուներ ինքնատիպ պարարվեստ, որը փոխանցում էր Բարձր Հայքի բնակլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունները, բնակչության հոգևոր և պաշտամունքային արժեքները: XIX դարի սկզբին էրզրումցիները գաղթել են Ջավախք և Ախլցխա (այժմ՝ Ախալցիխե): Նրանք ոչ միայն պահպանել են իրենց ինքնատիպ պարարվեստը, այլև փոխանցել տեղի հայերին:
«Աստվածածնա պարը» Կարնո պարանմուշներից է, Ջավախքում պահպանված ծիսական պար: Այն կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին: Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ: Հետագայում այս պարի կատարումը վերագրվեց Մարիամ Աստվածածնին, իսկ պարել սկսեցին միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց Խաղողօրհնեքի տոնակատարության հետ:
Ջավախքում Վարդավառի հաջորդող կիրակին Աստվածածնի տոնն է: Այդ օրն ընդունված է ուխտի գնալ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ: Քանի որ ամռանը գյուղերի անասնապահները տեղափոխվում են սարեր, Աստվածածնի տոնին երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում են յայլաներում՝ պարելու այնտեղ գտնվող սրբատեղիներում, որոնցից շատերն արդեն կորցրել են իրենց անունները և զրկվել նախկին իմաստավորումից: Դրանք աղբյուրների ակունքներն են, ճանապարհից դուրս գտնվող հեռավոր ու մենավոր խաչքարերը, սրբազան ծառերը, գերեզմանները, եկեղեցիների ավերակները, կիսականգուն պատերն ու մատուռները...
«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է: Պարում են կլոր, պարտադիր փակ շրջանով: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի:
Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին: Հետագայում, Աստվածածնի պաշտանմունքի խարխլման հետևանքով, պարն աստիճանաբար մոռացության է տրվել, մի բան, որը ծիսական պարերի համար դարձել է ընդհանուր երևույթ:

Комментариев нет:

Отправить комментарий