вторник, 31 марта 2015 г.

ԹԱՐՍ ՊԱՐ

«Թարս» բառացիորեն նշանակում է «շրջած», «հակառակ»: «Թարս» բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է «չորանալ», «ծարավել», ինչն անմիջական կապ ունի թառամելու, երաշտի հետ: «Երաշտ» բառը կապվում է սկզբնաբառի` «թարսի» հետ, որը մարդկանց նյութական, տնտեսական կյանքին պիտի հաղորդեր բերքի կորուստ, չորացում, անձրևով բեղմնավորվելու բնության փափագ: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթե «Վեր-վեր» տեսակի պարերը կապված են բնության բերքատվության հետ, ապա «թարս» պարերը երաշտի, անհաջողության, բնության ծարավի, բերքի կորստյան հետ են կապված: Երաշտից տնտեսության մեջ ամեն ինչ հակառակ է գնում՝ «թարսվում է»:
Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը ոչ միայն երաշտից ու անբերրիությունից կարող են լինել: Հնագույն ժամանակներում հայերի, հավանաբար նաև նրանց նախնիների կրած, վերապրած յուրաքանչյուր աղետի, ողբերգության ողբն ուղեկցվում էր ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի և երաշտն ու անբերրիությունը ողբացող պարերի հետագծերն իրարից տարբերվում են:
Հին ժամանակներում պարել ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը նշանակել է կա՛մ ողբալ համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, կա՛մ վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով՝ հմայությամբ, աղետ ու փորձանք կանչել թշնամու գլխին:

«Թարս պարի» Սարիղամիշի տարբերակում պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, կանգնում են իրարից բավականաչափ հեռու, այնպես, որ պարողների՝ 45 աստիճանով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:
Արմունկները ծալված են սուր անկյունով:

Պարաձևը կազմված է 10 պարաքայլից
  • 1. կատարել բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ,
  • 2. աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ՝ խաչաձև անցկացնելով ձախ ոտքի դիմացով,
  • 3. ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
  • 4. կրկնել 2-րդ քայլը,
  • 5. կրկնել 3-րդ քայլը,
  • 6. դադար,
  • 7. աջ ոտքով քայլ դեպի աջ,
  • 8. ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ՝ խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում,
  • 9. աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ,
  • 10. ձախ ոտքը բարձրացնել ետ՝ ծալելով ծունկը:

Քայլերը բավականաչափ մեծ են: Պարն ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է:

Комментариев нет:

Отправить комментарий