суббота, 10 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ ԱՌԱՍՊԵԼՆԵՐՈՒՄ և ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ


Երկվորյակները հին ժամանակներից ի վեր իրենց նկատմամբ հետաքրքրություն, զարմանք ու վախ են առաջացրել` որպես անսովոր երևույթ, քանի որ մարդկային հասարակությունում երկվորյակները ամբողջ ծնունդների մոտ 1% են կազմում, իսկ եռյակները, քառյակները և սիամական երկվորյակները շատ ավելի հազվադեպ են։ Այն մասին, թե ինչպես են ընկալել երկվորյակներին, ինչ են նրանց մասին մտածել, ինչպես են նրանց մասին արտահայտվել հնագույն քաղաքակիրթ ժողովուրդները, կարելի է իմանալ պաշտամունքներից ու ծեսերից, աղոթքներից, երգերից, հեքիաթներից, առասպելներից, ինչպես նաև արվեստի գործերից (հիմնականում քանդակներից)։

Այսպես, Հին Եգիպտոսում գլխավոր աստվածներ Օսիրիսն ու Իսիսը երկվորյակներ են եղել։ Հին Պարսկաստանի գլխավոր աստվածները` լույսի աստված Օրմուզդը և խավարի աստված Արիմանը, նույնպես երկվորյակներ են եղել։ Բաբելոնացիներն ու ասորիները նույնպես շատ երկվորյակ աստվածներ են ունեցել։ Այդ բարերար աստվածներից մի զույգի պաշտամունքը կապված է մի համաստեղության հետ, որն այժմ կոչվում է Երկվորյակներ։ Հավանաբար աստղագիտության մեջ այս համաստեղությունն առաջին անգամ մուտք է գործել այս պաշտամունքի հետ կապված։ Եվրոպական ժողովուրդների մոտ Երկվորյակներ համաստեղությունը կապված է հին հույն երկվորյակ հերոսներ Դիոսկուրոսների (Կաստորի և Պոլլիդևկեսի մականունն է) պաշտամունքի հետ։ Հին Չինաստանում գոյություն ուներ երկվորյակներ Խե Խե Էրշանի պաշտամունք։ Հին Հնդկաստանում գոյություն ուներ մարդկության բարերարներ, արշալույսի աստվածներ երիտասարդ Ասվին երկվորյակ եղբայրների պաշտամունքը։ Ասվինները տարբեր ցավերի հիվանդություննեի բժիշկ էին, ընտանի կենդանիների հովանավոր և այլն։ Նրանց անվան մեջ հնչում է սանսկրիտերեն (asva) «ձի» բառի արմատ։ Նրանց համարել են ձիերի հովանավոր ու սանձահարող։ Ասվինների կերպարը շատ մոտ է հռոմեական Դիոսկուրներին (Զևսի զավակներ)։

Հելլադայում կային երկվորյակների բազմաթիվ պաշտամունքներ, առասպելներ ու ավանդազրույցներ նրանց մասին։ Այս երկվորյակներից մի քանիսը թափանցել են համընդհանուր եվրոպական մշակույթ` պոեզիայի ու արվեստի ձևով։ Այսպես, Ապոլլոնը (Փոյբոս, Ֆեբոս) և Արտեմիսը` Արևի ու Լուսնի աստվածները, երկվորյակներ էին, Զևսի ու Լետո աստվածուհու զավակները: Մեկ այլ զույգ` երկվորյակ եղբայրներ Կաստորն ու Պոլիդևկեսը (հռոմեական Պոլլուքսը) (Դիոսկուրոսներ) ծագումով սպարտացի հերոսներ էին։ Աստիճանաբար նրանց պաշտամունքը տարածվել է ողջ Հին Հունաստանում, իսկ ավելի ուշ նաև Հռոմում։ Այս երկվորյակների սերումը տարբեր ավանդազրույցներում տարբեր կերպ է մեկնաբանվում։ Նրանք Լեդայի և սպարտացի թագավոր Տինդարեոսի որդիներն էին։ Սակայն Լեդային, ինչպես հայտնի է, գերել էր Զևսը` նրան հայտնվելով կարապի տեսքով, որն էլ իր նկարում պատկերել է Լեոնարդո դա Վինչին։ Զևսից Լեդան ունեցել է հայտնի գեղեցկուհի Հեղինեին` Տրոյական պատերազմի հերոսուհուն:

Մի այլ պատմություն կապված է պատերազմի աստված Մարսի և քրմուհի Հռեա Սիլվիայի որդիների` Հռոմուլոսի և Հռեմոսի հետ։ Ինչպես հայտնի է, նրանց կերակրել է մի գայլ։ Երբ նրանք մեծացան, այդ նույն տեղում հիմնադրեցին քաղաք և կոչեցին Հռոմ։ Ըստ լեգենդի` Հռոմուլոսը սպանեց եղբորն ու դարձավ Հռոմի թագավոր։

«Սասունցի Դավիթ» հայկական էպոսում Ծովինարի որդիները` Սանասարն ու Բաղդասարը ևս երկվորյակ եղբայրներ էին։

Վաղ ժամանակներում լայնորեն տարածված էր այն համոզմունքը, թե երկվորյակները կախարդական ուժով ազդում են բնության և, հատկապես, անձրևի ու եղանակի վրա։ Համարում էին, որ նրանք ի վերուստ տրված այլ հատկություններ էլ ունեին և կարող էին գուշակել չծնված երեխայի սեռը, բուժում էին անպտղությունը, անմահություն էին պարգևում ճակատամարտում, անզգա էին դարձնում օձի և կարիճի թույների հանդեպ։ Մի շարք ազգեր համարում էին, որ մայրը միաժամանակ չի կարող ունենալ մեկից ավելի երեխա, և որ մայրը, հետևաբար, անհավատ է։ Հարավային Ասիայում, Ճապոնիայում և Հնդկաստանում երկվորյակների մայրը համարվում էր անմաքուր։ Մի շարք վայրերում երկվորյակներից մեկին կամ երկուսին էլ ոչնչացրել են։ Կուլումբիայում հնդկացիները վախենում էին երկվորրյակներից, քանի որ կարծում էին, թե նրանց ցանկությունները միշտ կատարվում են, և երկվորյակները կարող են կախարդել նրանց ում ատում են։

Մի շարք հնդկացիական ցեղեր կարծում էին, թե նրանք կերպարանափոխված սաղմոններ են և թույլ չէին տալիս նրանց մոտ գնալ ջրին, որպեսզի նորից ձուկ չդառնան։ Նոր Գվինեայում կարծում էին, որ եթե կինն ուտի երկու սերտաճած բանան, նա երկվորյակներ կունենա։ Իսկ երբ երկվորյակներից մեկը մահանում էր, մյուսին տալիս էին նրա եղբոր կամ քրոջ փայտյա կերպարը։

Հարավային Ամերիկայում հնդկացի գուարանիները կարծում էին, որ կինը երկվորյակների մայր կդառնա, եթե ուտի կրկնակի կորեկի հատիկ։

 
 

 

Комментариев нет:

Отправить комментарий