воскресенье, 14 декабря 2014 г.

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԱՐՁԱԿԸ

Վանո Սիրադեղյան (ծնվ. 1946թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղ), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր։ 1988 թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար , 1996-98թթ. Երևանի քաղաքապետ։ 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր։ 2000թ. խորհրդարանը՝ նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա՝ պատգամավորական մանդատից ։Մեղադրվում է «սարքած-ծրագրված սպանության» մեջ։ Գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Վանո սիրադեղյանն իր «Արածեք ձեր խոտը» ստեղծագործության մեջ գրում է հասարակության վերին խավերի մասին, ովքեր կյանքի իմաստը տեսնում են ուտելու և բարձրախոսով աշխարհի համաժողովներում հայտարարություններ անելու մեջ։ Վանո Սիրադեղյանը նաև գրում է, որ նրանց համար Եվրոպան և ընդհանրապես ամբողջ աշխարհը սահմանափակվում է թիկնապահների ուղեկցությամբ շքեղ ռեստորաններ գնալով և քյաբաբ ուտելով։ Իսկ երբ նրանց ծնոտը հոգնում է ծամելուց, ձգվում են դեպի բարձրախոսը և աշխարհի համաժողովներում արտահայտում են իրենց տխմար մտքերը։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել ևս՝ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզմորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Բայց Վանո Սիրադեղյանը նրանց կոչ է անում այս ամենից հետո գոնե չմտնել հայոց լեզվի տաճարը և չավերել այն։ «Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչև տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք, ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»։
Վանո Սիրադեղյանը իր «Սիրելու տարիքը» ստեղծագործության մեջ պատմում է մի պատանու մասին, ով ոչ մի ընկեր չուներ և նրան միշտ ծաղրում ու ծեծում էին բակում։ Սակայն գալիս է մի օր, երբ այդ պատանին սիրահարվում է մի աղջկա։ Նա մտածում է, որ այսուհետև նա պետք է պայքարի կռվում հաղթելու համար, որովհետև արդեն ոչ միայն իր արժանապատվության խնդիրն էր, այլ նաև իր սիրած աղջկա։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեվորություն չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաև մեկին։ «Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի»։
Վանո Սիրադեղյանը իր «Էրիվանի խանության ժամանակները» ստեղծագործության մեջ գրում է, որ Հայաստանը փոքրանում է, որովհետև հայերը իրենց տարածքները վաճառում են այլ ազգերի։«Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը»։
Վանո Սիրադեղյանը իր այս երեք ստեղծագործություններում արտահայտում էր իր վերաբերմունքը իշխանության, ժողովրդի, երիտասարդության վերաբերյալ։ Նա հորդորում էր իշխանությանը և ժողովրդին տեր կանգնել իրենց երկրին, իսկ երիտասարդությանը՝ սիրուն։

Комментариев нет:

Отправить комментарий