пятница, 13 февраля 2015 г.

ԲԱՐԻՔՆԵՐ

Բարիքները մարդու պահանջմունքների բավարարման ու օգտակարության ստացմանն ուղղված միջոցներն են։ Քանի որ մարդիկ ունեն անսահմանափակ պահանջմունքներ, իսկ բարիքները սահմանափակ են, տնտեսագիտության խնդիրն է հնարավորինս ռացիոնալ օգտագործել այդ բարիքները, որպեսզի առավելագույնս բավարարվի մարդկանց պահանջմունքները։

Բարիքները լինում են նյութական և ոչ նյութական։

Նյութական բարիքները շոշափելի են․ օրինակ՝ օդը, ջուրը, բույսերը, կենդանական աշխարհը և այլն։

Նյութական բարիքները լինում են ձեռակերտ և ոչ ձեռակերտ։ Ոչ ձեռակերտ բարիքները այն բարիքներն են, որոնք չեն ստեղծել մարդիկ, այլ մարդկանց տրված է եղել ի վերուստ։ Այդպիսիք են՝ հողը, օդը, ջուրը։ Իսկ ձեռակերտ բարիքները ստեղծել են մարդիկ՝ օգտվելով ոչ ձեռակերտ բարիքներց։ Այդպիսիք են՝ շենքերը, հագուստները, կահույքը և այլն։

Ոչ նյութական բարիքները այն բարիքներն են, որոնք շոշափելի չեն՝ աննյութական են, բայց բավարարում են մարդկանց չափազանց կարևոր պահանջմունքները։ Այդպիսի բարիքներ են, օրինակ, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Ըստ արդյունքների սահմանափակության տարբերում են տնտեսական և ոչ տնտեսական բարիքներ։

Տնտեսական են կոչվում այն բարիքները, որոնց սպառման շրջանակները սահմանափակ են։ Այդպիսին են օրինակ հագուստը, սնունդը, բնակարանը և այլն։

Ոչ տնտեսական են այն բարիքները, որոնց սպառման շրջանակները անսահմանափակ են։ Օրինակ ոչ տնտեսական բարիքներ են օդը, ջուրը և այլն։ Սակայն վերջին ժամանակներում ինչպես երևում է և օդը, և ջուրը սկսել են վերածվել տնտեսական բարիքների։ Խմելու ջրերի պաշարները գնալով ավելի են սահմանափակվում, իսկ պաշտոնական տվյալներով այն օդը, որը մենք շնչում ենք պարունակում է մոտավորապես 21% թթվածին, բայց վերջին ժամանակներում տարբեր գործարանների արտանետած թափոնների պատճառով վստահ եմ, որ այդ քանակը զգալիորեն նվազել է, իսկ թունավոր գազերի քանակը օդում՝ ավելացել։

Տարբերում ենք նաև անձնական, հասարակական և արտադրական բարիքներ։

Անձնական բարիքները այն բարիքներն են, որոնք սպառվում են անհատ քաղաքացիների կողմից, որոնց համար նրանք վճարում են՝ ըստ օգտակարության աստիճանի։

Հասարակական բարիքները հնարավոր չէ  ձեռք բերել՝ անմիջապես վճարելով դրանց համար։

Այդպիսի բարիքներ են՝ ազգային անվտանգության ապահովումը, փողոցային լուսավորությունը, ճանապարհների կառուցումը և այլն։ Այս բարիքներից օգտվում են հասարակության բոլոր անդամները։  Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի կերպով՝ պետությանը վճարվող հարկերի միջոցով։

Արտադրական են այն բարիքները, որոնք հիմք են ծառայում արտադրության համար։

Օրինակ՝ փայտից ստանում են կահույք, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից ու բնական քարերից՝ զարդեղեն, կտորից՝ հագուստ, սպիտակեղեն և այլն։

Բարիքները լինում են նաև վերջնական սպառման և միջանկյալ սպառման։

Վերջնական սպառման են համարվում այն բարիքները, որոնց այլևս հնարավոր չէ օգտագործել նոր բարիք ստեղծելու համար։ Օրինակ՝ հացը, հագուստը, զարդեղենը։

Միջանկյալ սպառման են համարվում այն բարիքները, որոնք հիմք են ծառայում նոր բարիքների ստեղծման գործում։ Օրինակ՝ ալյուրը, կտորը, թանկարժեք քարերն ու մետաղները։

Անրաժեշտ բարիքների ստեղծման համար օգտագործվող գործոնների, միջոցների աբողջությունը կոչվում են ռեսուրսներ։ Ռեսուրսները լինում են վերականգնվող և չվերականգնվող, բնական, մարդկային և այլն։

Արտադրությունը բարիքների ստեղծման գործընթացն է, որն իրականանում է մարդու  միջոցով։

Արտադրության գործոններն են հողը, կապտալը, աշխատուժը և ձեռներեցությունը։

Հող կարող են համարվել բնակարանը, կառույցները, շինությունները։

Կապիտալը արժեք է, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում։ Կապիտալ կարող է լինել վարձով տրված բնակարանը, շինությունը կամ տարածքը։

Աշխատուժը դա այն մարդն է, որի միջոցով իրականանում է արտադրության գործընթացը։

Ձեռներեցները վերահսկում և համախմբում են այս բոլոր գործընթացները։

 

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ (Մասլոուի Բուրգ)

Պահանջմունքներ


(Մասլոուի բուրգ)


                          Ինքնաիրացում,
                       
                       Ինքնաարտահայտում
        
                    Հարգանք,    ինքնահարգանք

 
               Սոցիալական      պատկանելություն

 
          Անվտանգություն       և            ապահովություն

 
      Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

 

 

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

Իհարկե մարդիկ իրենց ծնված օրվանից ունեն շնչելու, սնվելու, քնելու և այլ պահանջմունքներ։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այդ պահանջմունքները, պարզապես չեն կարողանա ապրել։ Բայց արդյո՞ք մարդիկ կարող են միայն իրենց այս պահանջմունքները բավարարելով ապրել։ Թերևս խորհեք։ Դա կարող են անել միայն նորածին երեխաները, չնայած որ նրանք էլ ունեն սիրված լինելու պահանջմունք։

Անվտանգություն և ապահովություն

Մարդու հաջորդ պահանջմունքը անվտանգության և ապահովության պահանջմունքն է։ Յուրաքանչյուր մարդ իր ծնված օրվանից ապահովության կարիգ է զգում։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այս պահանջմունքը, չեն կարողանա բավարարել նաև Մասլոուի բուրգի մյուս պահանջմունքները։

Սոցիալական պատկանելիության պահանջմունք

Երբ Աբրահամ Մասլոուի բուրգի առաջին երկու պահանջմունքները բավարարված են և մարդու մոտ արդեն ձևավորված է նորմալ գիտակցություն, ի հայտ է գալիս սոցիալական պատկանելիության պահանջմունքը։ Մարդը կարիգ է զգում ունենալ իր տեղը և դերը հասարակության որոշակի հատվածում, որպեսզի հետագայում կարողանա շարունակել իր գործունեությունը։

Հարգանք, ինքնահարգանք

Հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունք ունի յուրաքանչյուր նորմալ մարդ։ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով հարգում են իրենց և ցանկանում են, որ մյուսներն էլ հարգեն։ Իսկ ոսկե կանոնի համաձայն, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց հարգեն, ապա իրենք էլ պետք է մյուսներին հարգեն։

Ինքնաարտահայտում

Բոլորի մոտ էլ գալիս է ժամանակ, երբ առաջանում է ինքնաարտահայտման պահանջմունքը։ Բոլորն էլ պետք է բավարարեն իրենց այս պահանջմունքը՝ չոտնահարելով մնացածի իրավունքները։ Իմ կարծիքով յուրաքանչյուր անհատ յուրովի է ինքնաարտահայտվում։ Օրինակ՝ նկարիչները՝նկարելով, պարողները՝ պարելով, ուսուցիչները ՝ սովորեցնելով, իրավաբանները՝ մարդկանց իրավունքները պաշտպանելով։ Յուրաքանչյուր մարդ, ում նախորդ պահանջմունքները բավարարված են ունի ինքնաարտահայտվելու պահանջմունք։ Եթե, օրինակ, իրավաբանը պաշտպանում է մարդու իրավունքները և դա նրա մոտ ստացվում է, իսկ հասարակությունը խրախուսում է, ապա նա կարողանում է բավարարել իր ինքնաարտահայտման պահանջմունքը։ բացի այդ, այդպես բարձրանում է նրա ինքնագնահատականը` նա կարողանում է ինչ-որ չափով բավարարել նաև ինքնահաստատման պահանջմունքը։ Չնայած որ Մասլոուն իր բուրգում չի նշել այս պահանջմունքի մասին,  ես ասում եմ, որ մարդիկ ինքնաարտահայտվելուց բացի նաև ունեն ինքնահաստատվելու պահանջմունք։ Յուրաքանչյուր անհատ տարբեր կերպ է բավարարում իր այս պահանջմունքը։ Շատերը` մարդկանց ծաղրելով, մյուսները` դատարկ սկզբունքներին հետևելով, մնացածը` տարօրինակ սանրվածքներով, դիմահարդարումներով, հագուստով և այլն։ Սակայն այս պահանջմունքը մնացածից տարբերվում է նրանով, որ մարդիկ այն չեն բավարարում ամբողջ կյանքի ընջացքում, այլ կյանքի որոշակի փուլում։

Ինքնաիրացում

Աբրահամ Մասլոուի բուրգի գագաթում գտնվում է ինքնաիրացման պահանջմունքը։ Իմ կարծիքով այս պահանջմունքը բավարարելու համար մարդիկ սկսում են հետաքրքրվել շրջակա աշխարհով, տարբեր բնագավառներից գիտելիքներ ստանալ, ունենալ իրենց սեփական տեսակետները և կարողանալ արտահայտել դրանք, նաև խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ կյանքի իմաստը, երջանկությունը, ազատությունը։ Չնայած արդեն պարզ է, որ սրանք այնպիսի հասկացություններ են, որոնց շուրջ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական կարծիքը։  Օրինակ՝ ես կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի բնակչության առնվազն 80%-ը չի  խորհում այսպիսի հարցերի շուրջ և հետաքրքրված չէ շրջակա աշխարհով։ Դա, իհարկե, ունի իր բացատրությունը։ Հայաստանի բնակչության մեծ մասը մտահոգված է կենսաբանական, ֆիզիոլոգիական, անվտանգության և ապահովության պահանջմունքները բավարարելով։ Նրանք հազիվ են բավարարում (եթե իհարկե դա կարելի է բավարարել անվանել) իրենց այդ պահանջմունքները, ուր մնաց մտածեն հարգանքի, ինքնաարտահայտման և առավել ևս ինքնաիրացման մասին։ Մարդը առաջին հերթին մտածում է ապրելու մասին, եթե չապրի, ապա ինչպե՞ս կկարողանա հարգել, ինքնաարտահայտվել և մտածել։ Օրինակ՝ շատ երկրներում ղեկավարները մտածում են քաղաքացիների առաջին երեք պահանջմունքները բավարարելու մասին, որպեսզի մարդիկ այդպիսի տարրական բաներով մտահոգվելու փոխարեն զբաղվեն գիտություններով, ուսումնասիրեն դրանք և ապագայում ծաղկեցնեն ու հզորեցնեն իրենց երկիրը։ Մեզ մոտ մարդիկ ամեն օր մտածում են, թե ի՞նչ են հագնելու, ի՞նչ են ուտելու, որտե՞ղ են քնելու, իսկ իշխանությու՞նը․․․․․․

Ահա, թե որն է պատճառը, որ մեր երկիրը առաջ գնալու փոխարեն ետ է գնում։ Այսպիսով, մարդիկ ունեն անսահմանափակ պահանջմունքներ, որոնք տիպիկ նկարագրում է Մասլոուի բուրգը։ Յուրաքանչյուր նախորդ մակարդակի պահանջմունքը չբավարարած անհատը չի կարող բավարարել հաջորդ մակարդակի պահանջմունքը։ Բայց արդյո՞ք արդար է, որ շատ  հայ տաղանդավոր անձիք, չկարողանալով բավարարել իրենց տարրական մակարդակի պահանջմունքները, չեն կարողանում բավարարել նաև ավելի բարձր մակարդակներում գտնվող պահանջմունքները։ Այսպես ստացվում է, որ նրանց տաղանդը կորչում է։ Արդյո՞ք դուք դա ճիշտ եք համարում։ Թերևս խորհեք։

 

 

пятница, 6 февраля 2015 г.

ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ

Ավետիք Իսահակյան

Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:


I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ Աստծու դատաստանի:


II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:


Այս բանաստեղծության մեջ Ավետիք Իսահակյանը գովերգում է գուսաններին, ովքեր դառը ճշմարտությունը քողարկելու համար խոսում են միայն հաղթանակների, նվաճումների և հաջողությունների մասին։ Նա գրում է նաև պատմիչների մասին, ովքեր գրում են պատմագրական փաստեր, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի պատմագրական փաստերը մեծ մասամբ տխուր են, և փայփայում են հույսեր, որ ապագան այդքան էլ տխուր չի լինելու։ Ավետիք Իսահակյանին դուր են գալիս, որ մարդիկ երևակայում են իրենց ազգի նվաճումները և հաղթանակները։ Նա նախընտրում է քաղցր սուտը, ոչ թե դառը ճշմարտությունը։ Չնայած, որ եթե հաշվի առնենք, որ Ավետիք Իսահակյանը բանաստեղծ էր և անընդհատ ստեղծագործում էր, ապա շատ նորմալ է, որ նրան դուր են գալիս երևակայական ստեղծագործությունները, ոչ թե պատմագրական փաստերը։  Իհարկե բոլորիս էլ հաճելի է լսել, որ մեր պետությունը ամենալավն ու ամենաուժեղն է։ Սակայն լավ կլինի, որ անցյալի սխալներին բաց աչքերով նայենք, դասեր քաղենք և փորձենք ավելի անսխալական ապագա ստեղծել մեր հայրենիքի համար։ Կարծում եմ միայն այդ դեպքում կարելի կլինի ունենալ ավելի հզոր և բարեկեցիկ երկիր։

четверг, 5 февраля 2015 г.

ԶԳԱՅԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (զգայություն, ընկալում, մտապատկեր)


ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Արտաքին աշխարհի հետ մարդու բոլոր տեսակի առնչությունները իրականանում են անմիջական և միջնորդավորված կապերի բարդ համակարգի օգնությամբ: Անմիջական կապի կարևոր օղակներից մեկը զգայությունն է, որի շնորհիվ արտաքին աշխարհի իրերի, երևույթների ու գործընթացների մարդու վրա ներգործող էներգիան փոխարկվում է գիտակցության փաստի և հասկացությունների, դատողությունների ու մտահանգումների ձևով վերածվում է համապատասխան լրատվության ու գիտելիքի:
ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ շրջակա աշխարհի ու երևույթների առանձին հատկությունների ու որակների արտացոլումն է մեր գիտակցության մեջ, օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերը: Փաստորեն զգայությունը օրգանիզմի արտաքին պայմաններին կենսաբանորեն հարմարվելու համակարգի կենսագործունեությունն է: Շրջակա միջավայրում հարմարվելու համար ինչպես ցածրակարգ, այնպես էլ բարձրակարգ օրգանիզմները օժտված են զգացող և հաղորդիչ օրգաններով: Օրգանիզմին շրջապատող օբյեկտներից առկայծող ու տարածվող էլեկտրամագնիսական տատանումներն ու քիմիական մոլեկուլները գրգռում են զգացող օրգան անալիզատորի ծայրամասը` ռեցեպտորը, որում առաջացած գրգիռը իմպուլսների ձևով նյարդային թելիկներով հաղորդվում է կենտրոնական անալիզատորի համապատասխան մասը և առաջացնում է զգայություն: Այսինքն, շրջակա աշխարհի ճանաչողության գործընթացն սկսվում է զգայությունից: Օրգանիզմի և շրջապատի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ընթացքում ներվային համակարգի համապատասխան բաժինները մասնագիտացել են արտաքին աշխարհի որոշ ազդակներ ընդունելու ուղղությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր անալիզատոր ակտիվանում է իրեն յուրահատուկ գրգռիչի ազդեցության հետևանքով: Ի.Պ. Պավլովը բազմաթիվ փորձերով ապացուցել է, որ օրգանիզմի յուրաքանչյուր անալիզատոր կենսականորեն հարմարեցված է կոնկրետ տիպի էներգիայի փոխանցմանը զգայության: Յուրաքանչյուր զգայարան արտացոլում է առարկաների բազմազան հատկանիշներից միայն իրեն համապատասխան հատկանիշը: Իսկ իրականության ճանաչումը բոլոր զգայարանների կապակցված ու միասնական գործունեության արդյունք է: Զգայարանների այդ գործունեության ֆիզիոլոգիական մեխանիզմը գլխուղեղի կեղևում առաջացնում է համապատասխան կապակցություններ, որոնք հետագայում համապատասխան գրգռիչի դեպքում կառաջացնեն համապատասխան երևույթ: Այսինքն, իբրև հոգեկան գործընթաց զգայությունը գլխուղեղի յուրահատուկ ռեֆլեքս է, որը ձևավորվում և ամրակայվում է մարդու պրակտիկ գործունեության ընթացքում: Առանց զգայարաններից հաղորդվող տվյալների ոչ միայն հնարավոր չէ մտածողություն, այլև այդ տեղեկատվության դադարեցման դեպքում ուղեղը կկորցնի մտածելու և գիտակցելու ընդունակությունը: Արտաքին միջավայրից ստացված տեղեկատվության շնորհիվ օրգանիզմը մշակում է համապատասխան վարքագիծ և պատասխան ռեակցիաների համակարգ: Մարդու աշխատանքային և ինտելեկտուալ գործունեության ողջ նվաճումները պայմանավորված են նաև զգայարանների աննախադեպ զարգացման ընթացքով: Օրգանիզմի ակտիվ և նպատակահարմար գործունեությունը կախված է նրա զգայական օրգանների կատարելագործման աստիճանից և ստացվող տեղեկությունների համապարփակությունից: Մարդու և կենդանիների արմատական տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ եթե օրգանական աշխարհի մյուս տեսակների մոտ խիստ զարգացած են այն առանձին զգայարանները, որոնք կարևոր են տվյալ տեսակի գոյության համար, ապա մարդու մոտ զարգացած է ամբողջ զգայական համակարգը, որի շնորհիվ մարդը զգայում է մտածելով:  Բայց զգայության գործընթացը միշտ ընդգրկում է տվյալ օբյեկտի առանձին հատկություններն ու հատկանիշները: Այդ առանձին հատկանիշների ամբողջական զգայումն ու իմաստավորումը արտացոլման որակական նոր գործողություն է և իմացության նոր աստիճան: Օբյեկտի տարբեր հատկությունների ամբողջական արտացոլման այդ աստիճանը կոչվում է ընկալում :
                                                           ԸՆԿԱԼՈՒՄ
Ընկալումը զգայական գործողության շնորհիվ օբյեկտի հատկությունների խորացված հայեցումն է: Այն ներգրավվում է զգայական գործնթացում որպես նպատակաուղղված զգայություն: Զգայության ժամանակ զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտների վրա դիֆերենցված ուշադրություն չի դարձվում, որի պատճառով բոլոր օբյեկտներն ու նրանց հատկությունները ենթարկվում են հպանցիկ ուշադրության և արտաքին, երևութական, սահմանափակ ըմբռնման: Ընկալման ժամանակ  օբյեկտները հայտնվում են ընկալողի ուշադրության կենտրոնում, որն ակտիվացնելով զգայարանների գործունեությունը փորձում է իմաստավորել զգայական ազդակներն ու արտացոլվող տեղեկությունը: Ասվածից հետևում է, որ ընկալումը զգայական իմացության խորացված և բարդ ձևն է: Զգայությունը պատկերացում է տալիս օբյեկտի որոշ կողմերի ու հատկությունների մասին, իսկ ընկալումը` հատկությունների ամբողջության մասին: Ընկալումը ձևավորվում է զգայելու ունակության հիմքի վրա, բայց զգալիորեն տարբերվում է նրանից: Իհարկե և զգայությունը, և ընկալումը դրսևորվում են զգայարանների վրա արտացոլվող օբյեկտի համապատասխան գրգիռների անմիջական ներգործության շնորհիվ: Սակայն  զգայության ընթացքում տեղեկություն է ստացվում օբյեկտի որևէ կողմի հատկության մասին, իսկ ընկալման ժամանակ բացահայտվում է օբյեկտի զգայական բոլոր կողմերն ու հատկությունները: Որոշ իմաստով ընկալումը կարելի է ներկայացնել որպես մտասևեռ զգայություն: Օրինակ, միշտ չէ, որ մարդը ակտիվորեն ընկալում է իր զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները: Երբեմն նա անտարբեր անցնում է վաղեմի ծանոթի կողքով, զարմանք պատճառելով նրան ցուցաբերվող անուշադրության ու անտարբերության համար: Այդպիսի պահերին թեև զգայությունը մարդու մոտ շարունակվում է, բայց զգալիորեն թուլացած ձևով և  զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները չեն ընկալվում: Նման պահերին, զգայական ակտիվության թուլացման պատճառով, մարդու մոտ չափազանց նվազում է շրջապատի որոշ իրերն ու երևույթներն ընկալելու ակտիվությունը և դրանց մասին կենտրոնական անալիզատորի համապատասխան բաժնին ռեցեպտորների հաղորդած թույլ իմպուլսը համապատասխան ազդեցություն չգործելով անհետք մարում է: Նման երևույթը օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսի գործունեության արդյունք է, որի գործառույթներից մեկն էլ ներվային համակարգի պահպանումն է գերծանրաբեռնվածությունից և գերլարվածությունից: Մարդու մոտ ընկալման ունակությունը զարգանալով զգայելու ունակության հիմքի վրա, զգալիորեն տարբերվում է կենդանական աշխարհի էակների ընկալման ունակությունից: Յուրաքանչյուր կենդանական տեսակի մոտ զարգանում և ամրակայվում է նրա կենսապահպանման համար խիստ անհրաժեշտ ընկալման այն ունակությունը, որն ակտիվանում է միայն սահմանափակ օբյեկտների առկայության պայմաններում: Իսկ Աստված մարդունէ որպես բանական և սոցիալական էակ, տվել է ընկալունակության հսկայական չափերի ընդգրկում, որի մի մասը ամրակայված է կենսաբանական հիմքի վրա, մյուս մասը սոցիալական կենսագործունեության արդյունք է: Հետևապես մարդու մոտ ընկալումը մի շարք անալիզատորների միասնական ակտիվացման և ստացված ազդակները ամբողջացնող ուղեղի գործունեության բարդ գործընթաց է: Եթե անալիզատորները շրջապատի բոլոր օբյեկտներից ստացված ազդակները ուղեղ հասցնեին, այն ի զորու չէր լինի ընկալել, իմաստավորել և պատասխան ռեակցիա հրահանգել: Այդ իսկ պատճառով անալիզատորները ազդակներ ստանալու և հաղորդելու գործընթացում կատարում են նաև ընտրության ու կարգավորման գործառույթ: Եթե կենդանական աշխարհի մյուս տեսակների մոտ ընկալումը սահմանափակվում է առաջին ազդարարային համակարգով, մարդու մոտ դրան ավելանում է և երկրորդ ազդարարային համակարգը, որի շնորհիվ այն կապվում է անցյալի փորձի ու հմտության հետ և իմաստավորված բնույթ է կրում: Այդ անալիզատորների համատեղ գործունեության շնորհիվ շրջակա միջավայրի օբյեկտների զգայական պատկերները ամրակայվելով մարդու գիտակցության մեջ ուղի են հարթում բարդ ճանաչողական գործընթացների համար: Այդ շարքում մեծ է նաև մտապատկերների դերը:
                                                          ՄՏԱՊԱՏԿԵՐ
ՄՏԱՊԱՏԿԵՐԸ մեզ վրա նախկինում ներգործած առարկայի, երևույթի ընդհանրացված պատկերի արթնացումն է գիտակցության մեջ, այդ առարկայի, երևույթի բացակայության պայմաններում: Այն ձևավորվում և ծագում է զգայական ընկալումների շնորհիվ, բայց իրականության արտացոլման նոր որակ է: Զգայությունը հասանելի դարձնելով առարկայի ու երևույթների առանձին կողմերն ու հատկություններն իմացության գործընթացից դուրս է թողնում դրանց մյուս հատկությունները, այլ առարկաների ու երևույթների հետ ունեցած կապակցությունները: Այս բացը որոշ չափով լրացվում է ընկալման միջոցով: Բայց ընկալումը տալիս է միայն առարկայի մեր զգայարանների վրա ներգործելու պահի պատկերը, իսկ մյուս բազմաթիվ հնարավորությունները կարող է մնան ստվերում: Առօրյա, աշխատանքային գործունեության և մտավոր ստեղծագործության ընթացքում մարդը բազմաթիվ անգամներ առնչվելով միևնույն իրերին ու երևույթներին թափանցում է դրանց էության խորքը, բացահայտում է նորանոր հատկություններ, կողմեր ու հարաբերություններ, որով ամբողջացվում է տվյալ առարկայի կամ երևույթի մասին ձեռք բերված տեղեկությունը: Այդ գործընթացում մտապատկերը մի կողմից միջնորդ օղակ է դառնում զգայական ընկալման և վերացարկված մտածողության միջև, մյուս կողմից էլ հիշողությունը, երևակայությունը, մտահանգումը և հոգեկան այլ գործընթացները կապում է իրականության հետ: Այսինքն, այն յուրօրինակ կամուրջ է դառնում զգայությունից ու ընկալումից դեպի միտքը և մըտքից դեպի կենդանի հայեցողություն: Իր էությամբ մտապատկերը կապված լինելով զգայական իմացության հետ միաժամանակ զգալիորեն նրա սահմաններից դուրս է գտնվում: ՈՒղեղի կողմից մտապատկերների վերարտադրման ընթացքում զգայարանները անմիջապես չեն առնչվում զգայված իրերի ու երևույթների հետ: Զգայության առաջացման համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական օբյեկտները ակտիվ ներգործություն ունենան մարդու զգայարանների վրա: Իսկ մտապատկերի առաջացման համար այդ ֆիզիկական օբյեկտների ներկայությունը պարտադիր չէ, չնայած առանց այդ օբյեկտներից ստացվող զգայական ներգործությունների ու տպավորությունների ոչ մի մտապատկեր ձևավորվել չի կարող: Մտապատկերներն առաջանալով զգայություններից չեն նույնանում դրանց հետ: Մտապատկերների մեջ զգայվող օբյեկտներից ստացվող զգայական ակնառու, պայծառ, անհատական հատկանիշների հաշվին զորեղանում են ընդհանուր հատկանիշները: Այս գործընթացի շնորհիվ գիտակցությանը հնարավորություն է ընձեռվում կտրվելու իր անմիջական աղբյուրից և դառնալու  հարաբերականորեն ինքնուրույն սուբյեկտիվ երևույթ: Իմացության այդպիսի դրսևորումը իրականությունը պատկերում է իր գունագեղությամբ, թարմությամբ և կոնկրետությամբ: Սակայն իմացության այդ աստիճանը դեռևս չի թափանցում իրերի ու երևույթների խորքային հատկությունների, կապերի ու հարաբերությունների մեջ, լայնորեն չի ընդգրկում դրանց էությունը: Ամեն ինչ չէ, որ կարելի է զգայել, ընկալել, մտապատկերել: Իրերի ու երևույթների շատ կապեր ու փոխազդեցություններ բացահայտվում են զգայական իմացության տվյալների վրա, դրանց մշակումներից և որպես միջնորդավորված իմացություն ընդգրկում են ընդհանրացումների ու վերացարկումների որակական նոր աստիճանը, որի շնորհիվ միտքը զգայական կոնկրետից անցնում է ընդհանուրին: Մտապատկերների ձևավորման ժամանակ մեր գիտակցության մեջ վերարտադրվում են օբյեկտների այն հատկությունները, որոնք զգայվելու ժամանակ ուժեղ տպավորություն են թողել մեզ վրա: Այդ գործընթացն իր մեջ պարունակում է նաև վերացարկման և ընդհանրացման տարրեր, որի շնորհիվ հաճախ տարբեր ժամանակ ընկալված զանազան իրերի ու երևույթների առանձին հատկություններ ուղեղում իրար հետ միանալով կերպավորվում են որպես նոր մտապատկերներ: Օրինակ, իրականության մեջ ռեալ գոյություն չունեցող սֆինքսի մտապատկերը մեր նախահայրերի մտածողության մեջ սինթեզվել է որպես ուժ և իմաստություն մարմնավորող կենդանիների հավաքական կերպար: Մարդուն շրջապատող աշխարհում կան նաև բազմաթիվ երևույթներ, որոնք հասու չեն զգայական իմացությանը և եթե մեր գիտելիքները սահմանափակվեին միայն զգայարանների միջոցով ձեռք բերվածով, մենք շատ քիչ բան կիմանայինք մեզ շրջապատող իրականության մասին: