пятница, 13 мая 2016 г.

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒՌԻՆԵՐԸ ՉԵՆ ԼԱԼԻՍ

Երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի սովորողների և դասավանդողների հետ ուղևորվեցի Ջավախք, չէի էլ կարող պատկերացնել, թե տեսողական ընկալիչներս ինչ պատվի կարժանանան  Ախլցխայում։

Նախ սկսեմ նրանից, որ Ջավախք ուղևորված առաջին օրը Ռաբաթ ամրոցը տեսա գիշերով և ինձ թվաց, թե այնտեղ՝ հեռվում, «Տասներկու պարող արքայադուստրերը»  մուլտֆիլմի դղյակն է լույսերի մեջ։  Այդ պահին սրտումս ավտոբուսից դուրս թռչելու և դեպի դղյակը վազելու անհագ ցանկություն առաջացավ։

Ցանկանում էի վազել այնտեղ և անվերջ պարել, ինչպես արքայադուստրերն էին պարում մուլտֆիլմում։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ դեռ չգիտեի, որ հաջորդ օրը ամրոցը կկարողանամ ներսից տեսնել, բայց ընկեր Հասմիկն ասաց, որ պատրաստվում ենք այցելել նաև այնտեղ։ Ես սկսեցի անհամբեր սպասել հաջորդ օրվան։
Ահա և եկավ այդքան երկար սպասված ժամանակը, և  ներս մտա ամրոցի դարպասներից։ Այդ ժամանակ մի քանի ժամով սավառնեցի դեպի իմ երազանքների աշխարհը։ Ի՜նչ շքեղություն, ի՜նչ գեղեցկություն։ Տեսողական զգայարաններս սկսեցին փայլել դղյակի շլացնող փայլից և սկսեցի արագ ուսումնասիրել ամրոցը, որպեսզի ոչ մի անկյուն անգամ բաց չթողնեմ։ Բառերով անհնար է նկարագրել այդ գեղեցկությունը։

Երբ տեսա այդ սպիտակ սյուները՝ տեղակայված սպիտակ մարմարի վրա…,  հրա՜շք։ Ամեն անգամ նմանատիպ վայրեր հեռուստացույցով տեսնելիս երազում էի գոնե մեկ րոպեով այնտեղ հայտնվել։ Ահա՝ վաղեմի երազանքս էլ իրականացավ։ Հետո տեսա մի փոքրիկ շատրվան։ Շատրվանը, չնայած  այդքան էլ մեծ ու շքեղ չէր, այնուամենայնիվ  չափազանց յուրահատուկ և գեղեցիկ էր։ Շատրվանի ջրերը խաղում էին քամու հետ, և այդ տեսարանը պարզապես չքնաղ էր։

Հաջորդ բանը, որ ինձ հիացրեց ամրոցի պարտեզն էր։ Ընդարձակ և կանաչ, պարզապես հիասքանչ էր։ Պարտեզում մի քանի ուռենիներ կային։ Հիշեցի այն լեգենդը ուռիների մասին, թե իբր նրանք լալիս են։ Գուցե ուռենիները հիմնականում լալիս են, բայց ո՛չ սրանք։ Ես տեսա, որ այս ուռենիները ոչ միայն չէին լալիս, այլև ժպտում էին ինձ և անդադար պարում  ինձ համար։ Մենք հասցրինք ընկերանալ։ Ես միշտ կհիշեմ նրանց ու նրանց հիասքանչ պարը և համոզված եմ՝ նրանք էլ ինձ կհիշեն։
Ռաբաթը կարծես մի փոքրիկ պատկեր լիներ՝ պոկված իմ երազների աշխարհից։

Комментариев нет:

Отправить комментарий