четверг, 10 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը» (վերլուծություն)


Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչ ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի հերոսի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։

 Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ իր կյանքում բաց է թողել այն ժամանակաշրջանը, որը պետք է ապրեր իր սիրելիի հետ։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել Ալեին, նա սիրում էր Ալեին։

Գալշոյանի ստեղծած կերպարը խենթ և զգացմունքային անձնավորություն էր, ով համառությամբ ցանկանում էր թեկուզ ծերության շրջանում ապրել իր կյանքի բաց թողած ժամանակաշրջանը՝ անել այն, ինչ չէր արել ինչ-ինչ խոչընդոտների պատճառով, բայց պետք է աներ անպայման։ Գալշոյանը ստեղծել է մի այնպիսի համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։

Եվ իրոք, այդ կերպարը ռեալ է, անգամ մեր իրականությունում էլ կան այնպիսի խենթ և համառ մարդիկ, ովքեր որոշում են լրացնել իրենց կյանքի «չապրած» ժամանակաշրջանը։ Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ երեխան, ով ամբողջ մանկությունում երազել է դառնալ օպերայի երգչուհի, բայց ինչ-ինչ պատճառներով չի իրականացրել իր երեզանքը, և երբ ձայնը մշակելու ժամանակը արդեն անցել է, նա հանկարծ որոշում է դառնալ երգչուհի և չնայած շրջապատի քննադատություններին, նա իրականացնում է իր երազանքը։

 Նույնպես երբ ամբողջ կյանքում գիմնաստ դառնալ ցանկացող կինը արդեն հիսուն տարեկան է, որոշում է իրականացնել իր երազանքը հիսուն տարեկանում, և նա դա անում է։ Այդ կինը մասնակցում է մրցույթի, հաղթում է և կոտրում է իրեն շրջապատողների այն կաղապարված կարծիքը, որ դա հնարավոր չէ։

Աղջիկը ցանկացել է դառնալ բալետի պարուհի, բայց ծնողները նրան թույլ չեն տվել։ Երբ նա արդեն չափահաս է, որոշում է իրականացնել իր երազանքը։ Չնայած շրջապատողները  նորից սկսում են քննադատել՝ ասելով, որ արդեն ուշ է, և դա հնարավոր չէ, բայց աղջիկը իհարկե իրականցնում է իր երազանքը։ Նա կանգնում է պուանտների վրա և պարում է՝ հակառակ բոլորի այն թյուր կարծիքի, որ արդեն ուշ է դրա համար։

Այս բոլոր դեպքերը իրական փաստեր են։ Այսպիսի շատ դեպքեր են գրանցվել մեր իրականությունում նաև շատ այլ ասպարեզներում՝ սկսած բալետից վերջացրած արվեստի այլ ճյուղերով և կյանքի այլ բնագավառներով։

Այսպիսով՝ Գալշոյանի կերպարը այն խենթ և համառ կերպարն էր, ով միշտ երիտասարդ է ապրելու համար։ Ապրելու համար այն ժամանակահատվածը, որը չի ապրել, բայց շատ էր ցանկանում ապրել։ Գալշոյանը պատմվածքը կիսատ է թողնում, բայց ըստ նրա նկարագրած կերպարի և մեր իրականությունում առկա փաստերի՝  Զորոն պետք է անի այն, ինչ որոշել է։