четверг, 2 апреля 2015 г.

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ


Սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի, բնականոն գործունեության անբաժանելի մասը, որոնք հանդես են գալիս ոչ միայն հաղորդակցություն ստեղծելու, կապ հաստատելու, այլև տեղեկատվություն տարածելու, գովազդային, ինչպես նաև առևտրային գործունեություն տարածելու նպատակով։ Բայց շատ հաճախ, այդ նույն սոցիալական ցանցերը կախվածության մեջ են գցում օգտատերերին՝ դարձնելով «գերի»։ Յուրաքանչյուրն ունի սոցիալական ցանցերում գրանցման իր պատճառները. ոմանք փորձում են գտնել հին ընկերներին ու ծանոթներին, մյուսները երազում են վերականգնել նախկին հարաբերությունները, ինչ-որ մեկի համար էլ դա ուղղակի կապ պաշտպանելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու հարմար միջոց է:
Ցանցային աղբյուրներից օգտվելու սուր ձգտումը յուրատեսակ հիվանդություն է, որը կարող է առաջանալ ինչ-ինչ անձնային կամ հոգեբանական խնդիրներից, չիրականացված ցանկություններից, ինչպես նաև՝ շփման հարցում թաքնված բարդույթներից և բարդություններից. չէ՞ որ վիրտուալ աշխարհում շատ ավելի հեշտ է ինքնարտահայտվել, իդեալական կերպար ստեղծել: Առանձնակի նշանակություն ունի սեփական պաշտպանվածության և անանունության գիտակցումը, ինչը չկա իրական աշխարհում: Տեղի է ունենում իրական հարաբերությունների ամբողջական փոխարինում վիրտուալով: Օգտատերերի մի մաս փորձում է ջնջվել ցանցերից, սակայն որոշ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են այնտեղ, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ գիտակցում են իրենց ուղղակի կախվածությունը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել այն: Չնայած կան նաև նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կարողացել են հրաժարվել ցանցում մշտապես ներկա լինելուց, ունեն բավական վառ կենսակերպ՝ նախընտրությունը տալով կենդանի շփմանը և դրանից միանգամայն գոհ են: Գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերը կարող են ազդել մարդու հոգեկանի վրա, առաջացնելով մշտական վտանգի զգացում և ոչ ադեկվատ պահվածք։ Հարցվածների կեսից ավելին նշել է, որ չի կարողանում հանգստանալ կամ քնել, քանի որ Facebook-ում կամ Twitter-ում իրադարձությունների զարգացմանը հետևելու ցանկությունը գերակշռում է:

Բրիտանական Սելֆորդի բիզնես դպրոցի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, Facebook-ի կամ Twitter-ի ակտիվ օգտատերերը հաճախ անհանգստություն են զգում, կամ ոչ ադեկվատ պահվածք ունեն:

Հարցմանը մասնակցել է 298 մարդ:

Հարցվածների կեսից ավելին ասել է, որ լրջորեն կախվածություն ունի սոցիալական ցանցերից և բացահայտ անհարմարություն է զգում, երբ սոցցանցի մատչում չի լինում:

Նաև, հարցվածների 53%-ը նշել է, որ սոցիալական ցանցերը փոխել են իրենց վարքը և խոստովանել է, որ վարքի փոփոխությունը բացասական է եղել:

Հարցվածների կեսից ավելին խոստովանել են, որ իրենց մոտ թերարժեքության բարդույթ է զարգանում վիրտուալ ընկերների հաջողության նկատմամբ խանդի դրսևորման հետևանքով:

Հետազոտությանը մասնակցածներից 75%-ը նշել է, որ դժվարությամբ է կարողանում քնել և հանգստանալ սոցիալական ցանցերի թարմացումները ստուգելու անհագ ցանկության պատճառով:

Բժշկական հետազոտություն անցկացրած Anxiety UK կազմակերպությունը, որը մասնագիտացած է նևրոզների և հոգեկան խանգարումների խնդիրների ուսումնասիրմամբ, հաստատել է, որ շատ մարդկանց համար սոցիալական ցանցերից փախչելու միակ միջոցը հեռախոսները, համակարգիչները և համացանցի մուտք ապահովող այլ միջոցների անջատումն է: Այլ պարագայում, կախվածությունն այնքան մեծ է, որ մարդիկ դրանք անտեսել չեն կարողանում:


Կախվածության նախանշանները

Անընդհատ առաջանում է մուտքային նամակները ստուգելու կպչուն պահանջմունք՝ իմանալով
անգամ, որ ոչ ոք չպետք է գրեր: Դուք միևնույնն է ձգտում եք միացնել համակարգիչն ու ստուգել դա: Հնարավոր է, որ Դուք ընդհանրապես միշտ գտնվում եք օնլայն՝ անգամ գիշերը չանջատելով համակարգիչը, որպեսզի հանկարծ բաց չթողնեք հետաքրքիր որևէ բան:

Դուք չափազանց շատ ժամանակ եք անցկացնում Ձեր մոնիտորի առջև և ամեն անգամ սոցիալական ցանց մտնելիս ինքներդ Ձեզ համոզում եք, որ դա կտևի ընդամենը երկու րոպե, սակայն արդյունքում սարսափով պարզում եք, որ օրվա կեսն անցել է:

Ձեր էջում կարգավիճակը (ստատուս) թարմացնելու, Ձեր ամեն մի նոր քայլն ընկերների հետ քննարկելու, ամենուրեք լուսանկարվելու և ավելի հաճախ նոր լուսանկարներ տեղադրելու սուր ցանկություն եք զգում: Ձեզ համար կարևոր է, թե օրվա ընթացքում քանի մարդ է այցելել Ձեր էջ և ինչպես են նրանք մեկնաբանել Ձեր թարմացումները:

Ընկերների հետ ողջ շփումը տեղի է ունենում սոցիալական ցանցով, Դուք արդեն մոռացել եք, թե երբ եք նրանց տեսել վերջին անգամ:

Տարբեր խաղեր խաղալն առօրյա մյուս գործերի լավ այլընտրանք է հանդիսանում, Ձեզ կլանում է այդ գործընթացը, Ձեզ համար կարևոր է ավելի շատ մակարդակներ անցնել և բարձրացնել վարկանիշը:

Դուք սարսափելի զայրանում եք, եթե ինչ-որ պատճառով չեք կարողանում մտնել սոցիալական ցանցում Ձեր էջ: Դուք կարծես կտրվում եք արտաքին աշխարհից:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Դուք միանշանակ տևական կախվածություն ունեք սոցիալական աղբյուրներից: Սակայն անգամ եթե Ձեզ մոտ հայտնաբերել եք բոլոր այս նախանշանները, մի՛ վհատվեք, Դուք միշտ էլ ժամանակ ունեք Ձեզ հավաքելու, պետք է միայն ժամանակին հասցնել ասել Կա՛նգ առ:

Ինչպե՞ս կարելի է ազատվել կախվածությունից

 1. Նախ և առաջ սահմանափակե՛ք սոցիալական ցանցում Ձեր գտնվելու ժամանակը, սահմանեք ժամանակային կաղապարներ: Ավելի լավ է ազատ ժամանակը Ձեզ համար օգուտով ծախսեք. հավանաբար Ձեզ մոտ չավարտված գործերի մի մեծ քանակություն է կուտակվել, որոնք Դուք անընդհատ հետաձգում էիք: Պետք է նաև անջատել էլեկտրոնային հասցեին եկող սոցիալական ցանցի բոլոր ծանուցումները, որպեսզի չպլանավորած ժամանակ Ձեզ մոտ ձեր էջ մտնելու գայթակղություն չառաջանա:

2.Աշխատե՛ք ավելի հաճախ հանդիպել ընկերներին անձամբ, ավելի շատ զանգահարեք նրանց հեռախոսով, հյուր կանչեք, այցելեք որևէ հարմարավետ մի վայր, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, և Դուք կհասկանաք, որ դա շատ ավելի հետաքրքիր է, քան երեկոն մոնիտորի առջև անցկացնելը: Ձեզ համար շաբաթական գոնե մեկ օր առանձնացրեք, որն անպայման կկարողանաք նվիրել կենդանի շփմանը:

3. Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, գտեք հետաքրքիր զբաղմունք, որը կշեղի Ձեզ (օրինակ՝ սպորտային ակումբի աբոնեմենտ գնեք. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ կտա ոչ միայն կազմվածքը պահպանել, այլև միշտ լավ տրամադրություն ունենալ):

4.Սոցիալական ցանցում նորությունների ընթերցումը փոխարինեք հետաքրքիր գրքերի ընթերցմամբ, լրացրեք Ձեր գիտելիքները: Հնարավոր է, որ վաղուց երազում էիք փոխել աշխատանքը կամ բարձրացնել որակավորումը. սա սեփական կյանքը բարելավելու, ժամանակը կարիերային նվիրելու շատ լավ հնարավորություն է:

Հասկացե՛ք, որ իրական է միայն այն, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա, այլ ոչ թե վիրտուալ աշխարհում, ցանցային աղբյուրներն անգամ չեն էլ նկատի Ձեր անհետացումը, իսկ այ Դուք կտեսնեք, թե որքան ազատ ու թեթև կզգաք առանց դրանց: Հավատացե՛ք, որ Ձեր հորինված աշխարհը երբեք չի փոխարինի մարդկանց հետ իրական շփմանը: Չարժէ զոհաբերել Ձեր իրական կյանքը, չէ՞ որ մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի հետաքրքիր է: Սովորե՛ք սոցիալական ցանցերի աղբյուրներն օգտագործել ի շահ Ձեզ և միայն  անհրաժեշտության դեպքում:   

Ցանցային աղբյուրները չի կարելի ամբողջապես գնահատել որպես դրական կամ բացասական:
Մի կողմից սոցիալական ցանցերը շատ հեշտացնում է ժամանակակից մարդու կյանքը, սակայն ամենքը չէ, որ գիտակցում են վտանգի այն աստիճանը, որ իր մեջ կրում է օնլայն-շփումը: Բոլորս էլ պետք է հասկանանք, որ «ժամանակը ոսկի է» և անիմաստ չսպանենք այն՝ ծախսելով սոցիալական ցանցերի վրա։ Բացի այդ որքան էլ որ վիրտուալ շփումը հարմարավետ է, ամեն ինչ չէ, որ կարելի ասել, օրինակ, facebook-ի միջոցով, կամ ամեն զգացմունք չէ, որ կարելի է արտահայտել սմայլիկների միջոցով։ Եթե այդպես լիներ, ապա ինչի՞ համար են մեր բերանը, աչքերը, ձեռքերը։ Թերևս խորհեք։ Իհարկե սոցիալական ցանցերը շատ հարմար միջոց են հաղորդակցման, ինքնաարտահյտման համար, սակայն չի կարելի դրանց վրա այդքան շատ ուշադրություն դարձնել։ Չէ՞ որ կյանքում ավելի արժեքավոր բաներ կան և այն ժամանակը, որ ծախսում ենք սոցիալական ցանցերում անիմաստ կարգախոսներ գրելու վրա կարող ենք տրամադրել դրանց։ Թերևս խորհեք։

Աղբյուրներ՝  1.  2.  3.  4.  5.

Комментариев нет:

Отправить комментарий