вторник, 31 марта 2015 г.

ՊԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ


                  Պարում պլաստիկայի, երաժշտության և խոսքի միջոցով մարդիկ պատմում են մարդկային արժեքների մասին, այն մասին, թե ինչպես է ստեղծվել և աճել իրենց ազգը, թե ինչպես է այն աճում ու զարգանում այժմ: Պարը յուրաքանչյուրին փոխանցում է հոգևոր սերմ, որն ունակ է ցանկացած մարդու մեջ վերածնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը. երեխաների մեջ՝ հետաքրքրությունն արվեստի հանդեպ, պատանիների ու աղջիկների մոտ բացահայտում է ինքնազարգացման հեռանկարը, մեծահասակներին տալիս է սեփական արժեքների մասին մտորելու հնարավորություն, իսկ տարեցներին բերում է հանգիստ և լիցքաթափում:

Իմպրովիզի միջոցով, մարմնի զգացողությունների և տրամաբանության միակցմամբ  ծնվում է պարը, որում գործելու, արարելու և փորձարկելու ցանկություն է առաջանում: Պարը նպաստում է սեփական ուշադրության կառավարման ունակության զարգացմանը, ինչը թույլ է տալիս զարգացնել ինքնակազմակերպման հմտությունները: Սովորել կառավարել ուշադրությունը` նշանակում է գործի դնել սեփական ներաշխարհի ճանաչման մեխանիզմը:

Պարի հիմքն է հանդիսանում սեփական մարմինը լսելու, զգալու և դրանից ճիշտ օգտվելու կարողությունը, չէ՞ որ մարմինը հիմքն է այն բանի,  ինչի վրա մարդը կարող է հենվել իր զարգացման մեջ: Մարմինն անհրաժեշտ է նախապատրաստել նրան, որ մարդը սկսի հեշտությամբ և ազատորեն ցուցաբերել իր անհատականությունը, այն դարձնել ավելի ճկուն, թեթև, շարժուն և մարդկային հոգու ցանկությունների իրականացման մեջ՝ օգնելու ունակ:

Պարը հանելուկ է, գաղտնիք, ուժ, ներքին հմայք, որն ի հայտ է գալիս մարմնի և հոգու ինքնարտահայտման արվեստի՝ պարի միջոցով: Զարմանալի պլաստիկան, պարին տրված լինելը և հոգու գեղեցկությունը դյութում են մարդկանց հայացքները: Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով:

Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի (տարանտելլա-սարդի խայթոց) բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը: Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում էր սթրեսը, լավացնում էր մարսողական պրոցեսը, դրական էր ազդում ախորժակի, սիրտանոթային համակարգի վրա։


Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում  Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան:  
Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր էտապի անբաժան ուղեկիցը։


Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են դրա արտահայտման ձևերը։ Մարդիկ սկսել են  հետաքրքրվել ոչ միայն իրենց ազգային պարերով։ Բացատրությունը հետևյալն է` քիչ շարժվելը, սթրեսը բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, իսկ պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում  իր զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից, պարն ինքնարտահայտման միջոց է։ Այն մղումները, որոնք արթնանում են պարի ժամանակ, հիմնականում անգիտակցական են. դրանք ճնշված են կամ չեն դրսևորվում առօրյա կյանքում` հասարակական նորմերի ազդեցությամբ։ 

 Մի լավ պարելուց հետո մարդը լիցքաթափվում է, քանի որ ազատվում է կուտակված բացասական էներգիայից։ Պարը սեփական անձը ցուցադրելու միջոց է։ Այն ոչ խոսքային հաղորդակցման միջոց է։ Ռիթմիկ շարժումների միջոցով մարդը զգում, ընկալում է  իր մարմինը, սկսում է հասկանալ դրա լեզուն, պարն օգնում է մարդուն ընկալել սեփական մարմինն ամբողջությամբ։

Պարելու շարժիչ ուժն այդ պրոցեսից հաճույք ստանալն է, որը հոգեֆիզիոլոգիական երևույթ է։ Երբ մարդը շարժվում է, ուղեղը ստանում է դրական ազդակ, պարի ժամանակ մարդու օրգաննների բոլոր ռիթմերը համապատասխանեցվում են միմյանց, այսինքն` սկսում են հավասար ռիթմով աշխատել  սրտի զարկերը, շնչառությունը, անոթներում արյան  ճնշումը և այլն։ Բոլոր օրգան-համակարգերն սկսում են ենթարկվել միայն մեկ ռիթմի, որն էլ նպաստում է օրգանիզմից լարվածությունը դուրս բերելուն։
Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի  «քնած» բաժինները, համաչափ են սկսում աշխատել աջ և ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետևել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ աշխարհն ավելի լայն է դառնում։





 




Комментариев нет:

Отправить комментарий