четверг, 23 октября 2014 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունն է այն առարկայի, երևույթի կամ մարդու վրա, որը տվյալ անձի համար որոշակի նշանակություն ունի։
ՈՒշադրությունը լինում է արտաքին և ներքին, կամածին, ոչ կամածին և հետկամածին։
Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհը, սեփական ապրումներն ու մտքերը։
Արտաքին ուշադրությունը իրագործվում է զգայարանների օգնությամբ։ Այն մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի երևույթները և առարկաները։
Ոչ կամածին ուշադրությունը  առաջանում է մարդու կամքից անկախ և այն բնորոշ է նաև կենդանիներին։ Ոչ կամածի ուշադրություն առաջացնող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին և ներհոգեկան։ Արտաքին գործոններ կարող են լինել բարձր ձայնը, լույսը, նորությունները և այլն, իսկ ներհոգեկան գործոններ են օրինակ դրդապատճառները, գիտելիքները, պահանջմունքները և այլն։
Կամածին ուշադրության ժամանակ մարդիկ գիտակցաբար իրենց ուշադրությունը կենտրոնացնում են տվյալ առարկայի կամ երևույթի վրա։ Կամածին ուշադրությունը մարդկանց կամքի դրսևորումն է։Այդ ժամանակ մարդիկ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց հոգեկան գործունեությունը կենտրոնացնեն որոշակի օբյեկտի վրա, նույնիսկ եթե դա նրանց չի հետաքրքրում, բայց անհրաժեշտ են համարում դրանով զբաղվելը։ Կամածին ուշադրությունը բնորոշ է միայն մարդկանց։
Հետկամածին ուշադրության ժամանակ մարդիկ ջանքեր են գործադրում և իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այնպիսի բաների վրա, որոնք իրենց չեն հետաքրքրում։ Որոշ ժամանակ անց այդ գործունեությունը սկսում է մարդկանց դուր գալ, և նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են կլանվում դրա մեջ։ Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին։

ՈՒշադրության առանձնահատկություններն են  կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը։
Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր ազդակներից վերանալը:
Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:
Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:
Ուշադրության լարվածություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:
Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:
Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:
Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:

Комментариев нет:

Отправить комментарий