пятница, 17 октября 2014 г.

ՌՈԲԵՐՏ ՇԵՔԼԻ


Ռոբերտ Շեքլին ծնվել է 1928թ. Նյու-Յորքում, մեծացել է Մեյլվեդում, հետո կրկին եկել է Նյու-Յորք: Մանկուց սիրել է կարդալ և երազել է դառնալ գրող: Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում: Ծառայել է Կորեայում՝  որպես գրագիր:

50-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները: Իր կյանքի ընթացքում Շեքլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։

Ռոբերտ Շեքլին շատ հումորով և հետաքրքիր մարդ է։ Նրա ստողծագործությունները ֆանտաստիկ են և յուրօրինակ։ Նրա «Բարձր մատերիայի մասին» և «Թակարդը» ստեղծագործության մեջ նա մատնացույց է անում մեծամիտ մարդկանց, ովքեր ամեն ինչի մեջ իրենց շահն են փնտրում։ Շեքլին իր՝ «Մարմինը» ստեղծագործության մեջ նշում է, որ մարդ յուրաքանչյուր ապրելակերպին էլ հարմարվում է, իսկ «Ձրի մի բան» ստեղծագործության մեջ նա արտահայտում էայն միտքը, որ ոչինչ երբեք անվճար չի տրվում մարդուն, յուրաքանչյուր բանի համար էլ մարդ վճարում է։ Շեքլին իր «Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ» ստեղծագործության մեջ մատնացույց է անում այն փաստը, որ յուրաքանչյուրս էլ ինչ- որ մեկի ձեռքերում ենք և յուրաքանչյուրին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն։ Այսպիսով՝ Ռոբերտ Շեքլիի ստեղծագործությունները շատ խորիմաստ են, և այդ խորիմաստությունը արտահայտված է ֆանտաստիկայի միջոցով ։




 
 

  

 
  

четверг, 16 октября 2014 г.

ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱ


Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններից… Իսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն: Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների. խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն:
  Մանկական վախերը հիմնականում պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով եւ հիմնականում ունենում են ժամանակավոր բնույթ: Սակայն երեխայի մոտ վախի երկար պահպանումը կարող է երեխան այն տանել «հասուն տարիք» եւ հետագայում լուրջ խնդիրներ ունենալ:
Վերջին ժամանակներում երեխաների մոտ վախերի ախտորոշման և շտկման հարցերը կարևոր նշանակություն են ձեռք բերել` դրանց լայն տարածման պատճառով: Երեխաների վախերը հաղթահարելու և նվազեցնելու համար առաջին հերթին պետք է ներգրավել ընտանիքը, քանի որ շատ վախեր ծնվում են հենց ընտանիքի ազդեցությամբ: Մասնագետները կարող են օգնել կանխարգելելու և հաղթահարելու վախերը բազմաթիվ տեխնիկաների միջոցով, որոնց թվում է հեքիաթաթերապիան:
Հեքիաթաթերապիան հեքիաթների նպատակաուղված օգտագործումն է հոգեբանական, հոգեշտկող եւ հոգեթերապեւտիկ աշխատանքում:
Մեկ այլ սահմանմամբ հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուծման նպատակով` դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն:
Հեքիաթաթերապիան, որպես հոգեթերապիայի միջոց, մարդկությանը հայտնի է շատ վաղուց, սակայն, որպես ժամանակակից հոգեթերապիայի ուղղություն, առաջացել է վերջերս: Հեքիաթը զարգացնում է երեխայի երեւակայությունը, սովորեցնում է նրան մտածել, ստեղծագործել… Հեքիաթը մատչելի լեզու է փոքր տարիքի երեխաների հետ շփման համար: Այնտեղ առկա դրական հերոսներին նմանվելու միտումը մեծ դեր է խաղում երեխայի կյանքում: Փորձելով նմանվել հեքիաթի դրական հերոսներին՝ երեխաները վերցնում են հերոսի դրական կողմերը, կարողանում են հաղթահարել իրենց վախերը՝ հույսը դնելով իրենց վրա, եւ հավատալով, որ իրենք կարող են դա անել:
Հեքիաթաթերապիայի ժամանակ երեխային ոչ միայն պատմում են հեքիաթ, այլ նաեւ փորձում են միասին հնարել նորը: Այս ժամանակ երեխային տրվում է ազատություն սեփական հուզաշխարհն արտահայտելու, եւ բնականաբար հեշտ է լինում երեխայի վախը կամ խնդիրը հայտնաբերելը: Իհարկե հոգեբանը հեքիաթի հորինման ընթացքում պետք է խթան հանդիսանա հեքիաթի զարգացմանը, այսինքն վերջում բարին պետք է հաղթի չարին: Դե, իսկ ինչպես գիտենք, հեքիաթներում առկա են մարդկային փոխհարաբերությունները, ինչպես նաեւ բարու եւ չարի «կռիվը», որի ավարտը միշտ բարու հաղթանակն է:
Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
  • երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
  • երեխայի ինքնաճանաչման հարցերում,
  • շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
  • մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
  • երեխայի սոցիալ - հուզական վարքի շտկման հարցերում:
Թերապևտիկ հեքիաթների տեսակները.

Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:
Կարեւոր է նաեւ հեքիաթը կարդալուց հետո դրա վերարտադրումը նկարի, դերային խաղի միջոցով:

 Գեղարվեստական հեքիաթներ
Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:
Դիդակտիկ հեքիաթներ
Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար: Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:
Դիագնոստիկ հեքիաթներ
Դուք հավանաբար գիտեք` ինչ հեքիաթներ են դուր գալիս Ձեր երեխային: Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան: Փորձեք հեքիաթ հորինել Ձեր երեխայի հետ միասին, և Դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:
Պրոֆիլակտիկ հեքիաթներ
 Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:
Բուժիչ - հոգեբանական հեքիաթներ
 Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:
Մեդիտատիվ հեքիաթներ
Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը: Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:
Հեքիաթաթերապիայի մասին ընդհանուր պատկերացում ունենալուց հետո կարող եք կարդալ հոգեբանական հեքիաթներ, որոնք շատ կարեւոր են երեխաների համար: Համացանցում կարող եք գտնել բազմաթիվ այսպիսի հեքիաթներ:
  
  
Մի հեքիաթային քաղաքում ապրում էր փոքրիկ կատվիկը: Նա ուներ մայրիկ ու հայրիկ, բացի այդ նա նաև դպրոց էր գնում: Այո, այո, նույնիսկ հեքիաթային քաղաքում փոքրիկ կատուները դպրոց են գնում: Բայց կատվիկը չէր սիրում դպրոց գնալ: Նա միշտ կամակորություն էր անում, երբ պատրաստվում էր առավոտյան դպրոց գնալ: Հետո նա երկար անհանգստանում էր, մինչև ավտոբուսով դպրոց էր հասնում: Դպրոցում կատվիկն ավելի շատ էր անհանգստանում դասերի ժամանակ ու քիչ էր մնում լաց լիներ վախից՝ թաքնվելով գրքի ետևում, որպեսզի ուսուցիչը չնկատի իրեն: Տան ճանապարհին նա արագ անցնում էր բակերի միջով՝ չսպասելով իր ընկերներին:
Մայր կատուն շատ վշտացավ, երբ իմացավ այդ մասին: Եվ մի օր երեկոյան, երբ պառկեցնում էր կատվիկին քնելու, մայր կատուն մի կողմ քաշեց ծածկոցը, շոյեց նրա մորթին և հարցրեց.
-Փոքրիկս, ես տեսնում եմ՝ դու չես ուզում դպրոց գնալ: Ինչո՞ւ:
-Ես ողջ ժամանակ վախենում եմ, մայրիկ,- խոստոանեց կատվիկը,- վախենում եմ դասերի ժամանակ, վախենում եմ համադասարանցիներիցս:
-Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու,- զարմացավ մայրիկը:
Ա՜խ, մայրիկ, դու ոչինչ չես հասկանում: Ես անընդհատ անհանգստանում եմ, որ ինչ-որ բան անում եմ ոչ այնպես. ավտոբուսում վախենում եմ, որ շրջադարձին վայր կընկնեմ, և բոլորը կծիծաղեն ինձ վրա: Դպրոցում ես վախենում եմ, որ սխալ կպատասխանեմ և ուսուցիչը «2» կնշանակի: Իսկ փողոցում վախենում եմ, որ բոլոր գազանիկները ինձնից ավելի արագ կվազեն կամ երբ ընկերներով խաղում ենք, «ով ավելի հեռու կնետի», ինձ մոտ չի ստացվում հեռու նետել, և ոչ ոք ինձ հետ ընկերություն չի անի,- ասաց կատվիկը և այնքան խղճաց իրեն, որ քիչ մնար լաց լիներ:
-Դե լավ, մի վշտացիր, փոքրիկս,- քնքշորեն ասաց մայրիկը,- ես քեզ կօգնեմ, բայց վաղը, իսկ հիմա ժամանակն է, որ քնես:
Ուրախացավ կատվիկը և գոհ քնեց: Իսկ մայրիկը մտածեց և ելք գտավ, թե ինչպես օգնի իր կատվիկին:
Առավոտյան մայրիկը կատվիկին կոնֆետներով փոքրիկ տուփ տվեց և ասաց.
-Հենց որ սկսես վախենալ, որ ինչ-որ բան կարող է քեզ մոտ չստացվել, հանիր կոնֆետներից մեկը, կեր և երեք անգամ կրկնիր այս կախարդական խոսքերը. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ լավ կլինի:
Երեկոյան կատվիկը դպրոցից տուն եկավ ուրախ և բացականչեց.
-Ուռռա՜, մայրիկ, ես այսօր ոչնչից չեմ վախեցել, դպրոցում «5» եմ ստացել և ես բոլորից արագավազն էի: Ի՜նչ հրաշալի կոնֆետներ էին:
Մայրիկ կատուն ժպտաց և ասաց.
-Փոքրիկս, ես ուզում եմ քեզ մի գաղտնիք բացել: Բանը նրանում է, որ ես քեզ ոչ թե կախարդական, այլ սովորական կոնֆետներ եմ տվել:
-Ինչպե՞ս սովորական,- չհավատաց կատվիկը,- իսկ ինչո՞ւ ես չէի վախենում, «5»  ստացա, բոլորից արագ վազեցի: Դու երևի խաբո՞ւմ ես:
-Չեմ խաբում,-ասաց մայրիկը,- իրականում ես տուփի մեջ ամենասովորական կոնֆետներ էի դրել: Եվ քանի որ դրանք կախարդական չէին, ուրեմն քեզ չէին կարող օգնել: Դու հավատացիր քո ուժերին և հաղթահարեցիր: Դա նշանակում է, դու ընդմիշտ հաղթեցիր քո վախին, իմ փոքրիկ հերոս:
-Ի՜նչ լավ է, որ ես այլևս չեմ անհանգստանում,- բացականչեց կատվիկը:
-Դա հրաշալի է, որ ես ինքս հաղթահարեցի վախս: Ես երևի ինքս ինձ վրա կծիծաղեմ, եթե դրմբամ գետնին: Դա բոլորովին ամոթ չէ: Մի փորձեմ,- ասաց կատվիկը և անմիջապես ընկավ գետնին՝ ձգվելով ծովային աստղի նման:
-Հա-հա՜, ի՜նչ զվարճալի է, սա ավելի շուտ ծիծաղելի է, քան ամոթալի: Երևի կարելի է փորձել նորից  «2» ստանալ:
-Դե, դե, է՞լ ինչ կարող ես մտածել,- անհանգստացավ մայրիկ կատուն, – ինչիդ է պետք «2» ստանալը:
-Չէ, «2» -ի հաշվով կատակ արեցի: Իսկ եթե սկսես անհանգստանալ ինձ համար, կոնֆետ կեր և երեք անգամ կրկնիր. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ կանցնի: Փորձված միջոց է: