«Թարս» բառացիորեն նշանակում է «շրջած», «հակառակ»: «Թարս» բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է «չորանալ», «ծարավել», ինչն անմիջական կապ ունի թառամելու, երաշտի հետ: «Երաշտ» բառը կապվում է սկզբնաբառի` «թարսի» հետ, որը մարդկանց նյութական, տնտեսական կյանքին պիտի հաղորդեր բերքի կորուստ, չորացում, անձրևով բեղմնավորվելու բնության փափագ: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթե «Վեր-վեր» տեսակի պարերը կապված են բնության բերքատվության հետ, ապա «թարս» պարերը երաշտի, անհաջողության, բնության ծարավի, բերքի կորստյան հետ են կապված: Երաշտից տնտեսության մեջ ամեն ինչ հակառակ է գնում՝ «թարսվում է»:
Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը ոչ միայն երաշտից ու անբերրիությունից կարող են լինել: Հնագույն ժամանակներում հայերի, հավանաբար նաև նրանց նախնիների կրած, վերապրած յուրաքանչյուր աղետի, ողբերգության ողբն ուղեկցվում էր ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի և երաշտն ու անբերրիությունը ողբացող պարերի հետագծերն իրարից տարբերվում են:
Հին ժամանակներում պարել ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը նշանակել է կա՛մ ողբալ համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, կա՛մ վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով՝ հմայությամբ, աղետ ու փորձանք կանչել թշնամու գլխին:
«Թարս պարի» Սարիղամիշի տարբերակում պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, կանգնում են իրարից բավականաչափ հեռու, այնպես, որ պարողների՝ 45 աստիճանով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:
Արմունկները ծալված են սուր անկյունով:
Պարաձևը կազմված է 10 պարաքայլից․
- 1. կատարել բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ,
- 2. աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ՝ խաչաձև անցկացնելով ձախ ոտքի դիմացով,
- 3. ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
- 4. կրկնել 2-րդ քայլը,
- 5. կրկնել 3-րդ քայլը,
- 6. դադար,
- 7. աջ ոտքով քայլ դեպի աջ,
- 8. ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ՝ խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում,
- 9. աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ,
- 10. ձախ ոտքը բարձրացնել ետ՝ ծալելով ծունկը:
Քայլերը բավականաչափ մեծ են: Պարն ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է: